Գերմանական ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնում

Հուլիսի 8-ին Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը, որում, ինչպես ամեն տարի, ներկայացված են նաև գերմանական ֆիլմեր։ MADE IN GERMANY խորագրի ներքո այս տարի ձեզ ենք ներկայացնելու հետևյալ կինոժապավենները։

 

BEUYS/«Բոյս»

Գերմանիա, 2015/2017թթ․, 107 ր․

Ռեժիսոր՝ Անդրես Ֆայել

13․07, ժ․ 18։30, «ՌԻՈ մոլ» և 15․07, ժ․ 15։00, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճ

Յոզեֆ Բոյս՝ ֆետրե գլխարկով մի տղամարդ, որն իր մահից 30 տարի անց մեզ ներկայանում է որպես պայծառատես, որը ժամանակից առաջ էր ընկել և մինչև հիմա էլ առաջ է։ Նա՝ որպես առաջին գերմանացի արվեստագետ, Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում անհատական ցուցահանդեսի իրավունք է ստանում, մինչդեռ հայրենիքում նրա աշխատանքները դեռ «բոլոր ժամանակների ամենաթանկարժեք աղբն» էին համարվում։ Հարցին, թե անտարբեր է արդյոք նման գնահատականների հանդեպ, նա պատասխանում էր․ «Այո, ես պարզապես ցանկանում եմ մարդկանց գիտակցությունը բարձրացնել»։

Ռեժիսոր Անդրես Ֆայելի ֆիլմում խոսում է արտիստն ինքը։ Բազմաթիվ, մինչ այժմ չօգտագործված նկարներից և ձայնագրություններից նա կերտում է ասոցիատիվ, խորաթափանց կերպար, ճիշտ այնպիսին, ինչպիսին Բոյսն էր։

Բոյսը բռնցքամարտով է զբաղվում, շատախոսում է, դասախոսություններ կարդում, սատկած նապաստակին արվեստ է բացատրում և հարցադրում անում․ «Դուք ուզում եք հեղափոխությունն անծիծա՞ղ անել»։ Նրա կերպարում երևում է մարդը, ուսուցիչն ու «Կանաչների» թեկնածուն։ Մահից առաջ նա թույլ է տալիս իրեն առանց գլխարկի լուսանկարել։ Հակասություններն ու լարվածությունը, որոնց մթնոլորտում ստեղծվում էին Բոյսի ստեղծագործությունները, տեսանելի են դառնում ֆիլմում։ Նրա արվեստի ընդգրկուն գաղափարները մինչ օրս կարևոր սոցիալական, քաղաքական և բարոյական բանավեճերի առիթ են դառնում։

 

3 TAGE IN QUIBERON/«3 օր Քիբերոնում»

Գերմանիա/Ավստրիա/Ֆրանսիա

2016/2017, 115 ր

Ռեժիսոր՝ Էմիլի Աթեֆ

10․07, ժ․ 18։30, «ՌԻՈ մոլ» և 12․07, ժ․ 16։30, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճ (Made in Germany ծրագրի պաշտոնական բացում)

Ռոբերտ Լեբեքի հեղինակած՝ Ռոմի Շնայդերի լուսանկարները տարածվում էին աշխարհով մեկ։ Դրանք արտահայտում են դերասանուհու հակասական էությունը, նրա չարաճճիությունն ու մելանխոլիան, նրա ցավը։ Լեբեքը լուսանկարներ է անում նաև լեգենդար հարցազրույցի համար, որը, չնայած գերմանական մամուլի հետ ունեցած անհաջող փորձերին, 1981 թ․-ին Քիբերոնում Stern ամսագրի համար տալիս է Ռոմի Շնայդերը։ Նա մեկնում է հանգստի վաղեմի ընկերուհու՝ Հիլդեի ընկերակցությամբ։

Հարցազրույցն ու սև-սպիտակ լուսանկարը հիմք են ծառայում դերասանական ֆիլմի համար, որն արտահայտում է այն օրերի առանձնահատուկ մթնոլորտը, որոնցում Ռոմի Շնայդերը բացում է իր ինքնությունը՝ հասնելով ցավի եզրագծին։ Որքան շատ է դերասանուհին բացում իր եսը, երևան հանում աստղի հետևում թաքնված մարդուն, այնքան ակտիվ է ծավալվում ֆիլմում գործողությունը։ Հիլդեն ցանկանում է պաշտպանել ընկերուհուն ինքն իրենից, որն անզեն անկեղծությամբ գրավում է ցինիկ լրագրողին։ Լեբեքն իր լուսանկարներում նորովի է հայտնաբերում Ռոմի Շնայդերի բազմաշերտ էությունը, երևան հանում նրա դիմակները։ Արդյունքում ստեղծում է դերասանուհու և կնոջ բազմակողմանի կերպար, որն ինքնանվեր տալիս է ամեն բան, բայց որին մարդիկ հազվադեպ են տեսնում ու ընկալում։

 

TRANSIT/«Տրանզիտ»

Գերմանիա/Ֆրանսիա, 2017/2018, 102 ր

Ռեժիսոր՝ Քրիստիան Պետցոլդ

09․07, ժ․ 22։00, Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճ և 12․07, ժ․ 18։30, «ՌԻՈ մոլ»

Աննա Սեղերի նույնանուն վեպի ազատ էկրանավորումն է։ Քրիստիան Պետցոլդը 1942թ․ տեղի ունեցած պատմությունը տեղափոխում է ներկա։ Իրադարձությունների կենտրոնում երիտասարդ գերմանացի Գեորգն է, որը Փարիզում քիչ է մնում բանտ ընկնի։ Նա փախչում է Ֆրանսիայի հարավ և փախուստի ճանապարհին յուրացնում է Վայդել անունով մահացած մի գրողի ինքնությունը։ Մարսելում նա հանդիպում է Վայդելի կնոջը՝ Մարիային։ Նա ոչինչ չգիտի ամուսնու մահվան մասին ու հույսով սպասում է նրան։ Ամուսիններն ուզում էին Մարսելից մեկնել հարավային Ամերիկա՝ նոր կյանք սկսելու համար։

Նրանց միջև կրքոտ սիրավեպ բռնկվելուց հետո էլ Մարիան չի հրաժարվում այդ գաղափարից։ Միևնույն ժամանակ Մարսելում քաղաքական դրությունը գնալով  վտանգավոր է դառնում։ Շուտով Գեորգը պիտի կանգնի ընտրության առջև՝ ստանձնե՞լ Մարիայի ամուսնու դերն ու միասին ընդմիշտ լքել Եվրոպան, թե՞ ոչ։

 

IN DEN GÄNGEN/«Անցուղիներում»

Գերմանիա, 2017/2018, 125ր

Ռեժիսոր՝ Թոմաս Շթուբեր

13․07, ժ․ 12։30 և 13․07, ժ․ 19։00, Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճ

Քրիստիանն աշխատանքի է անցել մեծ սուպերմարկետում։ Նա լուռ բացահայտում է մինչ այդ անծանոթ աշխարհը․ ապրանքների երկար շարքեր, պահեստավորման հավերժական կարգուկանոն, սյուրռեալ բեռնաթափման մեխանիզմ։ Խմիչքի բաժնում աշխատող նրա գործընկերը՝ Բրունոն, կոնծելու հետ սեր ունի և հայրական սիրով օգնում է խորհուրդներով ու գոյատևման հնարքներ է ցույց տալիս։ Նույն սուպերմարկետում է աշխատում նաև Մարիոնը՝ քաղցրավենիքի բաժնից, որը չարաճճի կատակներ է անում Քրիստիանի հետ։

Եվ երբ Քրիստիանը սիրահարվում է աղջկան, նրա հետ միասին տառապում է ամբողջ սուպերմարկետը։ Բայց Մարիոնն ամուսնացած է, թեկուզ և ոչ այնքան երջանիկ։ Մի օր հանկարծակի նա հիվանդանում է։ Քրիստիանն իրեն դատարկված է զգում։ Այնքան խորը դատարկություն է տիրում նրա հոգում, որ ֆիլմի հերոսը հայտնվում է նախկին խղճուկ կյանքին վերադառնալու վտանգի առջև։

«Անցուղիներում» ֆիլմով Թոմաս Շթուբերը ներկայացնում է արևելագերմանական մի ծայրամասային քաղաքի հասարակ աշխատողի կյանքը։ Կադրերում հերթագայում է մարդկանց, առարկաների, իրականության, իղձերի և երազանքների ժամանակագրությունը։ Առօրյան վերածվում է կախարդական իրականության, որը նուրբ սիրո պատմությունից զատ՝ զգուշորեն արծարծում է հույսի թեման։

 

Fremde Tochter/«Օտար դուստրը»

Գերմանիա 2016/2017, 106 ր

Ռեժիսոր՝ Շտեֆան Լաքոն

09․07, ժ․ 18։30, «ՌԻՈ մոլ» և 11․07, ժ․ 21։30, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճ

17 տարեկանում մարդիկ դեռ երազում են․․․

Լենան չգիտի՝ արդյոք կարելի է հավատալ սիրուն։ Նա ապրում է թեթև, սիրում է խնջույքներ և տանել չի կարողանում սահմանափակող կանոնները։ Նա մաքրուհի է աշխատում և չի սիրում արաբներին, ուստի սկզբում շոկի մեջ է հայտնվում, երբ ծանոթանում է Ֆարիդին, որը ջերմեռանդ մուսուլման է, բայց զիլ տղա։ Լենան սիրահարվում է երիտասարդին։ Թվում է՝ ամեն բան լավ է գնում, մինչև այն պահը, երբ աղջիկն հասկանում է, որ հղի է։ Սկզբում հերոսուհին երազանքների գիրկն է ընկնում, անգամ պատրաստ է հանուն Ֆարիդի և երեխայի իսլամ ընդունել։ Սակայն Ֆարիդի ընտանիքը չի հավատում, որ աղջիկն ի վիճակի է մուսուլման դառնալ։ Լենայի մայրն էլ իր հերթին է ապշահար դստեր այդ որոշումից։ Ճնշումը, որին ստիպված են դիմանալ երիտասարդները, սպառնում է կործանել անկեղծ, բայց միաժամանակ դեռևս փխրուն սիրային հարաբերությունները։ Միգուցե ընդհատե՞լ հղիությունը և ամեն բան նորի՞ց սկսել։ Ֆարիդը նույնպես անորոշ վիճակում է։ Բարի կամքն իրենով չի կարող հարցի լուծում լինել, երբ իրար են բախվում հակասական պատկերացումները։

 

Volcano/«Հրաբուխ»

Ուկրաինա/Գերմանիա, 2017/2018, 106 ր

Ռեժիսոր՝ Ռոման Բոնդարչուկ

08.07, ժ․ 12։30 և 10․07, ժ․ 17։30, Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճ

Թարգմանիչ Լուկասը ԵԱՀԿ առաքելության ժամանակ շրջում է Ուկրաինայի հարավում։ Նա այնտեղ՝ կյանքի դժվարությունների և Ղրիմի ճգնաժամի կիզակետում, իր համար բացահայտում է հրաշագեղ գեղեցկությամբ և պարադոքսներով լի մի աշխարհ։ Չնայած սկզբնական կանխակալությանը՝ նա գնալով ավելի ու ավելի է համակրում իրեն հյուրընկալած Վովային և նրա դստերը՝ Մարուշկային։ Այս այցը Լուկասի համար արկածային թափառումներից վերածվում է ճակատագրական ճանապարհորդության։