Գրեթե իրական փառատոնն ու կինոն

Հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան

Բեռլինի միջազգային փառատոնն այն քիչ հաջողակ միջոցառումներից էր, որոնց հաջողվեց տեղի ունենալ 2020թ. սկզբին, մինչ կսկսեր համավարակը և աշխարհը կխելագարվեր: Մեզնից շատերն այդ ժամանակ լավատես էին` կարծելով, որ 2021թ. ևս Բեռլինալեն կանցկացնի կինոթատրոններում` հյուրընկալելով իր հազարավոր հյուրերին:  Ավաղ… Ինչպես մեծ փառատոնների մեջամասնությունը, Բեռլինալեի թիմը ևս որոշում կայացրեց կիսելու իր ծրագիրը երկու մասի` կինոշուկան իրականացվեց գարնան սկզբին (մարտի 1-5-ը), իսկ ցուցադրությունները, որոնք նախատեսվում է անցկացնել բացօթյա միջավայրում, կլինեն հունիսի 9-20-ը:

Նախորդ տարվա ընթացքում մեծագույն փառատոնները փորձ արեցին փոխելու իրենց ժամանակացույցը, ծրագիրն ու կառուցվածքը. Կաննն իրականացրեց միայն առցանց կինոշուկան, Վենետիկը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական փառատոն` ենթարկելով Քովիդի բոլոր ան/տրամաբանական կանոներին: Սակայն Բեռլինալեին հաջողվեց իրականացնել մի բան, որը գրեթե անհավանական կարող է թվալ առցանց տիրույթում անցկացվող միջոցառման համար. այն կարողացավ վերստեղծել փառատոնային շունչը, որը կարելի էր զգալ միայն փետրվարյան Բեռլինում: Բաղադրատոմսը շատ պարզ էր. փառատոնը հասանելի դարձրեց բոլոր ֆիլմերը (բացառությամբ Դոմինիկ Գրաֆի «Ֆաբիան` գնալով շների մոտ» ֆիլմի) հավատարմագրված կինոքննադատների համար, որոնք օգտագործելով իրենց սոցիալական մեդիայի ալիքները, փառատոնային եռուզեռ ստեղծեցին համացանցում: Քանի որ փառատոնը չէր գործադրել ֆիլմերի հասանելության սահմանափակումներ ըստ տարածաշրջանային դիրքի, հարյուրավոր կինոքննադատներ կարողացան միանալ միջոցառմանն աշխարհի տարբեր ծայրերից ու հնարավորինս գրավիչ դարձնել այն:

Առանձնահատուկ մոտեցում էր ցուցաբերվել նաև փառատոնի հիմնական ժյուրիի ընտրության հարցում. ռեժիսորները, որոնք վերջին վեց տարում արժանացել էին «Ոսկե արջի» (Իլդիկո Էնյեդի, Նադավ Լափիդ, Ադինա Փինթիլի, Մուհամադ Ռասուլոֆ, Ջանֆրանկո Ռոսի և Յասմիլա Զբանիչ), ընտրում էին այս տարվա լավագույն ֆիլմը: Ընտրությունը ևս առանձնահատում էր. Ռադու Ժուդեի «Անհաջող սեքս կամ խելահեղ պոռնո» ֆիլմը, որի վերնագիրն իսկ հակասական արձագանքներ է առաջացնում, արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակի: Այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Ռադու Ժուդեի կինոարվեստին, կարող են գուշակել, որ վերնագրից դատողություն անելը փոքր ինչ միամիտ մոտեցում է և համբերությամբ զինվելու դեպքում Ժուդեն կպատասխանի հանդիսատեսի բոլոր հարցերին:

Չհաջողվեց խուսափել նաև փոքրիկ քաղաքական սկանդալից, որն առաջացավ «Սև Բախ. Արցախ» ֆիլմի շուրջ (ռեժ. Այրին Անաստաս, Պաղեստին և Ռենե Գաբրի, Իրան): Ֆիլմը, որը պատկերում էր Արցախում ապրող հայերին, դժգոհություն առաջացրեց ադրբեջանական կողմի մոտ, որոնք խնդրեցին հեռացնել ֆիլմը «Ֆորում. ընդլայնված» ծրագրից: Մինչդեռ փառատոնի կազմակերպիչները հավատարիմ մնացին ռեժիսորների ազատ ձայնի դրսևորման սկզբունքին և պահեցին ֆիլմը: Իսկ բոլոր դժգոհ և անհանգստացած կողմերը հրավեր ստացան մասնակցելու կինոյում գրաքննությանը նվիրված քննարկմանը, որը նախատեսվում է անցկացվել ամառային ծրագրի շրջանակներում: Բեռլինալեի այս քայլը կարող է հրաշալի օրինակ ծառայել մի շարք կինոփառատոնների համար, ինչպես օրինակ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի համար, որոնք որոշեցին հեռացնել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմը փառատոնային ծրագրից` ադրբեջանական կողմի արտահայտած դժգոհության արդյունքում:

Ամփոփելու համար Բեռլինալե 2021թ` առանձնացրել եմ հինգ ֆիլմ` փառատոնային հինգ ծրագրերից յուրաքանչյուրից:

Սերունդ (Generation)

«Ամառային մառախուղ», ռեժ. Հան Շու

 

«Սերունդ» ծրագիրը, որ կենտրոնանում է դեռահասների մասին պատմող այն ֆիլմերի վրա, որտեղ վերջիններս ներկայացված են հավասարը հավասարի, առանձնահատուկ ցուցաշար է դառնում հատկապես երիտասարդ ռեժիսորների համար, որոնք նկարում են իրենց առաջին ֆիլմերը: Այս նկարագիրը հրաշալի բնութագրում է ծրագրում գլխավոր մրցանակ ստացած «Ամառային մառախուղ» ֆիլմը, որը երիտասարդ ռեժիսոր Հան Շուի առաջին լիամետրաժն է: «Ամառային մառախուղը» (Summer blur, 2020), որի պրեմիերան տեղի էր ունեցել Բուսանի միջազգային  փառատոնի հիմնական մրցութային ծրագրում, 13-ամյա Գուոյի մասին է, ով ժամանակից շուտ սկսում է բախվել հասուն կյանքի դժվարություններին: Համադասարանցու մահը, մեղքի զգացողությունը, մոր կարոտն ու մենակության վախը, սեփական սեռականության բացահայտումը տեղավորվում են ընդամենը ութսուն ութ րոպեների ընթացքում, և հերոսուհին հասունանում է հանդիսատեսի աչքերի առջև: Չնայած որ սա երիտասարդ դերասանուհու առաջին դերն է կինոյում, աղջիկը կարողանում է ստեղծել փոքրիկ վայրի կենդանու կերպար, ով չի հարմարվում միջավայրին: Ֆիլմում ռեժիսորը հատուկ ուշադրություն է գրավում գենդերային հարցերին` բացահայտ բաժանարար անցկացնելով կին և տղամարդ հերոսների միջև. ընդ որում նրանցից ոչ մեկը միաշերտ կերպար չէ, նրանք ներկայացված են թե դրական, թե բացասական հատկանիշներով հանդերձ և հրաշալի են կատարում իրենց սցենարային ֆունկցիան: Բացի կերպարների կառուցման ու սցենարային արժանիքներից, ֆիլմն աչքի է ընկնում նաև տպավորիչ օպերատորական աշխատանքով. ձեռաշարժ տեսախցիկը դառնում է Գուոյի հայացքն արտաքին աշխարհի նկատմամբ, ինչն օգնում է հանդիսատեսին ավելի խորն ընկալել հերոսուհուն:

Համայնապատկեր (Panorama)

«Դպրոցական սափրում», ռեժ. Ֆերիթ Քարահան

Արմատներով Մուշից Ֆերիթ Քարահանի երկրորդ լիամետրաժ ֆիլմը`  «Դպրոցական սափրում»-ը (Brother’s keeper, 2021) ներկայացված էր փառատոնի «Համայնապատկեր» ծրագրում և հատուկ մրցանակի արժանացավ FIPRESCI ժյուրիի կողմից: Ֆիլմը, որ սարերում թաքնված քրդական գիշերօթիկ դպրոցի սաներից երկուսի` Յուսուֆի և Մեմոյի մասին է, պատմում է երեխաների` միմյանց նվիրվածության և ուսուցիչների, տնօրինության անպատասխանատվության ու վախկոտության մասին, ինչն էլ բերում է ողբերգական հետևանքների: Տեսախցիկի աշխատանքն օգնում է ընդգծելու իրադրության լարվածությունը. սևաչյա դեռահասների դեմքերի խոշորացված կադրերը, կտրուկ մոնտաժն ու երաժշտության բացակայությունը իդելականորեն համադրվում են խստաշունչ ձմռան տեսարանների հետ` ստիպելով անհանգստություն ու սարսուռ զգալ: Ռեժիսորը, ով ևս տղաների գիշերօթիկ դպրոց է հաճախել և քաջատեղյակ է նմանատիպ դպրոցներում տիրող դաժանության հասնող խստությանն ու կոպտությանը, կարողանում է այն փոխանցել հանդիսատեսին` առաջացնելով գրեթե ատելություն անարդարության ու անպատժելության նկատմամբ: Քարահանը փորձում է կառուցել ֆիլմը քրդական էթնիկ ինքնության շուրջ` ցանկանալով նպաստել քրդական անկախ կինոյի ձևավորմանը, սակայն ֆիլմում չափազանց նկատելի են Նուրի Բիլգե Ջեյլանի, Սեմիհ Քափլանօղլուի և մյուս թուրք վարպետների ազդեցությունը: Մինչդեռ ֆիլմի` քրդական հարցի դիսկուրսից դուրս դիտարկումը միայն նպաստում է դրա նշանակության մեծացմանը. այսպիսով  «Դպրոցական սափրում»-ը դառնում է պատմություն հանցավոր անփութության, ուժային հարաբերակցությունների և ամենից կարևորը, ընկերության և հոգատարության մասին:

Ֆորում (Forum)

«Սանձահարելով այգին», ռեժ. Սալոմե Յաշի

Սալոմե Յաշին հայտնի է հայաստանյան հանդիսատեսին դեռևս 2011թ.-ից, երբ նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` «Բախմարո»-ն ցուցադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում: Դրան հաջորդեց «Մայրամուտի շլացնող լույսը» ֆիլմը, որը մրցանակների փունջ էր հավաքել գրեթե բոլոր նշանավոր վավերագրական փառատոններում: 2021թ. Սալոմեի երրորդ` «Սանձահարելով այգին» ֆիլմի պրիմիերան տեղի ունեցավ ամերիկյան ամենանշանավոր փառատոններից մեկում` Սանդենսում, ապա նաև ընդգրկվեց Բեռլինալեի «Ֆորում» ծրագրում: Առաջին հայացքից սյուրռեալիստական պատրանք թվացող վավերագրական ֆիլմը հետևում է մի քանի տասնյակ մետր բարձրություն ունեցող ծառի տեղաշարժմանը գյուղով, ապա ծովով, որն, ի վերջո, հանգրվան է գնում ծովափնյա այգիներից մեկում:  Իսկ այգին պատկանում է երկրի ամենահզոր մարդկանցից մեկին… Անհերքելի է, որ Սալոմե Յաշին ստեղծել է քաղաքական ֆիլմ` հավատարիմ մնալով իր անհատական դիտորդային ոճին, բայց սա ընդամենը վավերագրականի առաջին շերտն է: Ֆիլմի մյուս շերտերն ավելի ինդիվիդուալ են, միևնույն ժամանակ համամարդկային: Տեսախցիկի անամորֆիկ կադրերը խորհրդածական ազդեցություն են ունենում դիտորդի վրա` դրդելով մտորել ոչ միայն ուժի, ամենակարողություն ու ամենաթողության մասին, այլև հետ են բերում հիշողություններ անցյալից, ստիպում են մտածել բնության ու մարդկության հարաբերությունների մասին, արմատները կորցնելու ու օտարացման մասին: Գրեթե երկխոսություններ չպարունակող ու կատարելապես էսթետիկ այս ֆիլմը բնապահպանական, քաղաքական ու սոցիալական գլուխգործոցը է, որը երիտասարդ ռեժիսորի ձեռքերում վերածվում է բազմանշանակ սիմվոլներով  լեցուն արվեստի գործի,  որոնց վերծանման համար յուրաքանչյուրը կարող է գտնել իր բանալին:

Հանդիպումներ (Encounters)

«Աղջիկն ու սարդը», ռեժ. Ռամոն և Սիլվան Զյուրխերներ

 

Շվեցարացի եղբայրներ Ռամոնի և Սիլվանի առաջին ֆիլմը ցուցադրվեց Բեռլինում 2013թ.: «Տարօրինակ փոքրիկ կատուն» առօրեական դրվագ-պատմություն էր ամենասովորական ընտանիքի կյանքից` կենտրոնացած բնակարանի չորս պատերի ներսում, նեղլիկ միջացքներում ու իրերով լցված արևոտ սենյակներում: Ութ տարի անց Զյուրխեր եղբայրները վերադառնում են Բեռլինալե իրենց երկրորդ` «Աղջիկն ու սարդը» ֆիլմով, որը նախատեսվող ընտանեկան եռագրության երկրորդ մասն է: Ֆիլմը, որ մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրա անվանակարգում, արված է նույն դրվագային-պատմության ոճով և պատկերում է Լիսայի վերջին օրը բնակարանում, որը վերջինս կիսում է Մարայի հետ: Իրերը հավաքված են, տուփերը` համարյա փակված. Լիսան տեղափոխվում է նոր բնակարան, իսկ Մարան պատրաստվում է բախմանը միայնության հետ: Բայց այսօր մենայնության մասին խոսք գնալ անգամ չի կարող. փոքրիկ բնակարանում չի դադարում մարդկային հոսքը. ծնողները, ընկերները, հարևաններն ու նրանց ընտանի կենդանիները, հին ու նոր սիրեկաններն անընդհատ ներս ու դուրս են անում տուփերով լցված բնակարան` հյուսելով խճճված հարաբերությունների նոր սարդոստայն: Եվ ամեն անգամ, երբ թվում է, թե վերջնականապես կորել ես փոքրիկ պատմությունների հետագծերում, «Voyage, voyage» երգի մելանխոլիկ մեղեդիները հիշեցնում են անխուսափելի բաժանման մասին: Մանրակրկիտ կառուցված կերպարները, նրանց կարճ ու երբեմն անբովանդակալից երկխոսությունները, հերոսակենտրոն օպերատորական աշխատանքն ու բաց պատուհաններից անխնա ներթափանցող լույսը ստեղծում են առօրեկան հանդարտության տրամադրություն, որը, սակայն, փոքրիկ թրթիռ է առաջացնում սրտում` խոստանալով իրողությունների վերադասավորում: Արդեն յուրօրինակ ձեռագիր ձևավորած ռեժիսորների այս տրագիկոմիկ դրաման ջերմացնում է իր պարզությամբ, ինչպես պատշգամբի արևը, հիշեցնում է ամենի անխուսափելի ավարտի մասին, ինչը բարեբախտաբար, դառնալու է մի նոր բանի սկիզբ:

 Հիմնական մրցույթ (Main competition)

«Պարոն Բախմանն ու նրա դասարանը», ռեժ. Մարիա Սպետ

Բեռլինալեի ամենասպասված և այս սպասումները հաղթականորեն արդարացրած «Պարոն Բախմանն ու նրա դասարանը» ֆիլմը սիրեցին գրեթե բոլորը: Ֆիլմի ռեժիսորը` Մարիա Սպետը, արդեն հասցրել է գրավել կինոքննադատների ուշադրությունն իր նախկին աշխատանքներով` ներկայացնելով դրանք Ռոտերդամի, Լայպցիգի, Մար դել Պլատայի և այլ հայտնի փառատոններում: Այս տարի Բեռլինում նա ներկայացավ իր երեքուկես ժամանոց վավերագրական ֆիլմով և արժանացավ «Արծաթե արջ» մրցանակի: Ֆիլմը հետևում է նախկին հեղափոխական, ֆոլկ-երգիչ, քանդակագործ պրն. Բախմանին և նրա սաների դպրոցական առօրյային: Դպրոցը, որտեղ դասավանդում է պրն. Բախմանը, գտնվում է Հյուսիսային Հեսենի Սթանդթալենդորֆ  քաղաքում. քաղաք, որտեղ բնակչության 25%-ը չունի Գերմանիայի քաղաքացիություն, իսկ 70%-ը գաղթականների սերունդի ներկայացուցիչներ են: Այս բազմէթնիկ բնակչության արտացոլանքը կենտրոնացված է պրն. Բախմանի դասարանում. սաները Թուրքիայից են, Մարոկկոյից, Բուլղարիայից, Ռուսաստանից և այլն: Մարիա Սպետի տեսախցիկի շնորհիվ մենք հայտնվում ենք այս դասարանում ու հնարավորություն ստանում ճանաչելու այս երեխաներին, լսել նրանց մտքերը միգրացիայի, պատմության, սիրո, ընկերության, սեռական, ռասսայական, կրոնական փոքրամասնությունների մասին, հասկանալ նրանց դժվարությունները: Այս ամենը տեղի է ունենում նախևառաջ պրն. Բախմանի դասավանդման մեթոդի շնորհիվ, ով ստեղծում է մի միջավայր, որտեղ ինտեգրվում են իր` անգամ գերմաներենին գրեթե չտիրապետող սաները, նա լսում է երեխաներին, կատարում ճիշտ հարցադրումներ ու օգնում բացվել և բացահայտել իրենց կարողությունները: «Պարոն Բախմանն ու նրա դասարանը-ի գլխավոր առանձնահատկությունն այն պարզությունը, ազնվությունն ու անկեղծությունն են, որ ռեժիսորը հաջողել է ստեղծել ֆիլմում. ռեժիսորն ու նրա տեսախցիկն այնպես են միաձուլվում դասարանին, որ նրանց ներկայությունը չի շեղում ոչ երեխաներին, ոչ ուսուցչին: Իսկ մյուս և ոչ պակաս կարևոր արժանիքը մոնտաժն է. հմուտ աշխատանքի շնորհիվ մենք չենք էլ հասկանում, որ երեքուկես ժամ է` նստած ենք դասարանում: