Սառցաբեկորների երաժշտությունը՝ առցանց

Կորոնավիրուսային ճգնաժամն ունի նաև իր հակառակ կողմը՝ այն բարենպաստ պայմաններ է ստեղծում շրջակա միջավայրի համար: Երեք ամիս առաջ բնությունը, ասես, կարճ դադար տվեց միշտ բուռն և անկանխատեսելի քայլեր ձեռնարկող մարդկությունից: Արդյունքը շատ արագ տեսանելի դարձավ. Կապույտ երկինքը մեր գլխավերևում, թարմ օդն ու մաքրված ջուրը դելֆինների ու պինգվինների համար, որոնք արդեն այդքան մոտեցել են մարդկանց: Իհարկե, սառցաբեկորների հալոցքը հնարավոր չէ մոտ ապագայում կանխել կամ հետ բերել ժամանակը, բայց այս հարկադրված ընդմիջումը հնարավորություն ընձեռեց, որպեսզի մենք վերանայենք մեր առօրյա գործողություններն ու քայլերը՝ փորձելով գիտակցել, թե ինչը կարելի է ապագայում այլ կերպ անել:

2019 թվականին «Սառցաբեկորների երաժշտություն» նախագիծը Տյան Շան լեռնաշղթայից ուղևորվեց դեպի Կովկաս: Գերմանաբնակ երաժիշտներ Ռոբերտ Լիպոկը և Լիլևանը համադրեցին հալչող սառույցների մեղեդին և պատկերները Վրաստանի և Հայաստանի լեռնաշխարհի հետ: Էլեկտրոնային երաժշտության (Անուշկա Չկեիձե և Ռոբերտ Լիպոկ), հայկական դուդուկի (Հայկ Կարոյի Կարապետյան), վրացական երգի (Էտո Գելաշվիլի) և հատկապես յուրահատուկ վիզուալ պերֆորմանսի (Լիլևան) համադրությունն ամեն անգամ հիրավի մեծ իրադարձություն էր չորս տարբեր վայրերում (Յուտա/Կազբեկ, Քութայիս, Թբիլիսի և Երևան) իրականացրած համերգների ընթացքում:

Հաջորդ համերգները նախատեսված են Բաթումիում և Բաքվում (այնտեղ, որտեղ հալչող սառցաբեկորները հոսում են դեպի ծովը): Սակայն մինչ այդ, մենք նախագիծը կներկայացնենք առցանց հարթակներում ավելի լայն լսարանի համար: Մենք հույս ունենք, որ թվային տարբերակով արվեստագետներն իրենց ստեղծագործությունների միջոցով կկարողանան ևս մեկ անգամ անդրադառնալ այդ կարևոր խնդրին, որի հետ մենք առնչվեցինք համավարակի ընթացքում. Մենք ի վիճակի ենք հակազդել ջերմաստիճանի բարձրացման գործընթացին, եթե մեզնից յուրաքանչյուրը կարողանա վերանայել իր ամենօրյա վարքագիծը և կյանքի ոճը՝ ավելի գիտակից լինելով շրջակա միջավայրի նկատմամբ:
Մենք մեր առցանց լսարանին մաղթում ենք հաճելի ժամանց և հույս ունենք, որ Դուք նույնպես կվայելեք գերմանացի, վրացի և հայ արվեստագետների այս յուրահատուկ պերֆորմանսը:

2019 թվականի համերգները Վրաստանում և Հայաստանում՝

28.09.2019 Zeta Camping, Յուտա, Կազբեկ

30.09.2019 Պետական դրամատիկ թատրոնի փոքր բեմ, Քութայիս

2.10.2019 “Noble Savage” քլաբ, Թբիլիսի, Հանրապետության հրապարակ

04.10.2019, Երևան, կոմպոզիտորների միություն, Դեմիրճյան փ. 25

Արվեստագետներ՝
Անուշկա Չկեիձե
Ռոբերտ Լիպոկ
Էտո Գելաշվիլի
Հայկ Կարոյի Կարապետյան
Լիլևան

Նախագծի մասին.

Սառցաբեկորների երաժշտությունը II

Սառցաբեկորները հալչում են, բայց ոչ անձայն: Սա Վրաստանում Գյոթե ինստիտուտի և Երևանում Գյոթե կենտրոնի համատեղ նախագիծն է, որի շրջանակում հալչող սառցաբեկորների ձայներն ու պատկերները արվեստագետներին ոգեշնչում են տեսա-ձայնային ինստալացիաներ ստեղծել՝ դրա միջոցով ուշադրությունը հրավիրելով շրջակա միջավայրի այդ երևույթի վրա: Նախագիծը նպաստում է գիտության և արվեստի միջև տեղի ունեցող ակտիվ երկխոսությանը, ինչպես նաև փորձում մարդկանց գիտակից դարձնել շրջակա միջավայրի նկատմամբ մարդու քայքայիչ գործողությունների հարցում: Այն խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությանը և ուշադրություն հրավիրում մարդկության կողմից բնությանը հասցրած վնասների ծավալին:

Նախագիծը սկիզբ է առել 2013 թ. Կենտրոնական Ասիայում՝ դեպի Տյան Շան կատարած արշավով: 3500 մ բարձրության վրա Տույուսկուի սառցաբեկորների ճեղքերի միջև (Ալմաթի) տեղադրվեցին գերզգայուն միկրոֆոններ՝ հալոցքի երաժշտությունը ձայնագրելու համար: Արշավին մասնակցում էին տարբեր արվեստագետներ և լրագրողներ Կենտրոնական Ասիայից (www.goethe.de/gletschermusik).

Այնուհետև ճամփորդությունը շարունակվեց դեպի Հայաստան և Վրաստան: Հույս ունենք, որ այս համերգներն ու ձայնասկավառակը կհետաքրքրի թե երաժշտասերներին, և թե լեռնագնացներին:

Այս ձայնագրությունները նախագծի հիմքն են հանդիսանում, դրանք երկխոսության վանկերն ու արտահայտություններն են, որոնք արտահայտության են գալիս արվեստի այս նոր ձևաչափում:

Երաժշտությունը մոգական ազդեցություն ունի և թեմատիկ կապված է սառցաբեկորների հալոցքի հետ: Դա հին կովկասյան ավանդույթի և գեղարվեստական ժամանակակից գաղափարների յուրահատուկ երաժշտական համադրություն է:

Արվեստագետներ Ռոբերտ Լիպոկը (Բեռլին), Լիլևանը (Բեռլին), Անուշկա Չկեիձեն (Վրաստան), Էտո Գելաշվիլին (Վրաստան) և Հայկ Կարոյի Կարապետյանը (Հայաստան) միասին աշխատել են ձայնագրման ստուդիոյում և սարերում՝ արարելով երաժշտություն, որը պերֆորմանսի հիմքն է: Լուսանկարիչ Արչիլ Բադրիաշվիլիի և Լիլևանի՝ հատուկ այս նախագծի համար ընտրված լուսանկարները փոխանցում են սառցաբեկորների հալոցքի երաժշտության կախարդանքը:

Սառցաբեկորների երաժշտության այս հարթակը նպաստում է արվեստագետների, գիտնականների, տարբեր ազգերի ու ավանդույթների միջև երկխոսությանը: Ստեղծվում է նոր երաժշտություն, որն ավելի ընդարձակ է, քան առանձին բաղադրիչների ընդհանուր գումարը: Նախագծի կենտրոնում են բազմաժանր համերգներ, վիդեո պրոյեկցիաներ, որոնք ոգեշնչման աղբյուր են կովկասյան լեռնաշխարհի սառցաբեկորների հալոցքի հետ կապված ցավոտ իրադրության համատեքստում:

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյան