Մայիսի 26-ին «Գյոթե կենտրոնում» տեղի ունեցավ Քյոլնից ժամանած ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլիի հետ հանդիպումն ու նրա գրքից հատվածների ընթերցումը։ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները» գրքից ընթերցումը գրողը նվիրել էր իր ընկերոջ՝ Սարգիս Հացպանյանի հիշատակին, որը մահացել էր 2018թ․ հունվարին։
Դողան Ախանլին իր «լռել չկարողանալու» պատճառով Թուրքիայում հալածանքների է ենթարկվել և մի քանի անգամ բանտարկվել։ Դրանում իր դերն է խաղացել նաև իր գրքերում արծարծվող Հայոց ցեղասպանության թեման։ Դողան Ախանլին իրեն միջնորդ է համարում հայ և թուրք ժողովուրդների միջև և ցանկանում է հասնել երկու ժողովուրդների հաշտեցմանը։
«Գյոթե կենտրոնում» հանդիպման ժամանակ ընթերցվեցին հատվածներ նրա գրքից՝ հայերեն և գերմաներեն, Սարգիս Հացպանյանի ընկերները, որոնք ներկա էին միջոցառմանը, ելույթ ունեցան, հիշեցին ընկերոջ հետ անցած ուղին, մարտական ճանապարհը, պատմեցին հուշեր նրա մասին։
Ախանլիի գրչին են պատկանում գերմանալեզու հետևյալ գրքերը՝ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Անհայր օրեր», «Ձերբակալություն Գրանադայում կամ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ», ինչպես նաև «Մոր լռությունը» պիեսը։
Դողան Ախանլիի հայաստանյան այցի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։