Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը․ Ռեգինա Ղազարյան․ առցանց ցուցահանդես

02/07/2020 - 04/07/2020

«Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է, ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1935-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումն իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին»:  Ռեգինա Ղազարյան

Երևանի Մաշտոցի պողոտայում է գտնվում նկարչուհի Ռեգինա Ղազարյանի՝ առաջին հայացքից աչքի չընկնող հուշատախտակը, որն ամրացված է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։

Ռեգինա Ղազարյանը ծնվել է 1915թ.-ի ապրիլի 17-ին Երևանի մեծահարուստ ընտանիքներից մեկում։ Հայրը` Թադևոս Ղազարյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, մայրը` Վերգինե Խորասանյանը` բժշկական գիտությունների: Մինչ նկարչուհի դառնալը աղջկա կյանքում բազում հետաքրքիր ու նշանակալի իրադարձություններ էին տեղի ունենալու:

15 տարեկանում՝ 1930թ.-ին, առաջին անգամ նա պատահաբար հանդիպում է հայ գրողներից ոմանց, այդ թվում՝ Եղիշե Չարենցին: Այդ ժամանակ Ռեգինան գրում էր բանաստեղծություններ և տարված էր հեծանվասպորտով: 15-ամյա Ռեգինան դեռևս չգիտեր՝ հենց այս հանդիպումն էր, որ հետագայում պետք է ամուր հիմքով կապեր մեծանուն գրողի և խիզախ աղջնակի հոգիները: Ռեգինան դեռևս չգիտեր, որ Չարենցի կողմից անվանակոչվելու էր Ռոլան, և իր հետագա բոլոր տարիները միավորվելու են Չարենցի կյանքի հետ, դառնալու են իր կյանքի միակ իմաստը, իսկ հետո ծնունդ տալու նկարչուհի Ռեգինա Ղազարյանի ստեղծմանը:

Ներկայացնելով Ռեգինա Ղազարյանի կյանքը՝ անհնար է չմեջբերել Չարենցին, չներկայացնել առանձին պատմություններ: Մարդ, որը շատ տարիներ անց գրելու էր իր հուշերի գիրքը` «Չարենցյան նշխարները»՝ ավելի մանրամասն ներկայացնելով իր և Չարենցի կյանքի պատմությունները:

Ռեգինա Ղազարյանը

Ռեգինա Ղազարյանը մեծ ավանդ է ունեցել հայ գրականության մեջ, քանի որ հենց նա է փրկել և պահպանել հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ձեռագրերը: Եվ նրա շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Չարենցի բազմաթիվ աշխատանքներ։ Ռեգինա Ղազարյանը կարողացել  է փրկել 1935-1937թթ.-ին Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում են «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր: Հայտնի է, որ Չարենցը ներքնազգեստի վրա գրված գաղտնի գրության օգնությամբ իր կնոջը` Իզաբելլային, խնդրել էր Ռեգինային վստահել իր ստեղծագործությունների փրկությունը, իսկ հետո արդեն՝ նաև իր երեխաների կյանքը:

Չարենցի մահից հետո Ռեգինան Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվում է բանակ, ծառայում Կասպից ծովի ափին՝ աերոփակոցային 5-րդ գնդում, որպես օդաչու: 1951թ.-ին մասնագիտական կրթություն ստանալով Երևանի Գեղարվեստի ինստիտուտում՝ Ռեգինան շարունակում է անդրադառնալ չարենցյան թեմաներին: Նա իր ամբողջ կյանքում ոգեշնչվել է Չարենցից՝ իր կտավներում պատկերելով Չարենց անհատականությանը:

  

Հետագայում Ռեգինան դիմանկարներ է ստեղծել, և առաջիններից մեկը եղել է հենց Եղիշե Չարենցի դիմանկարը, հետո՝ Կոմիտասը, Աննա Ախմատովան և այլք: Ռեգինա Ղազարյանը Երևանի ուրբանիզացված գործիչներից էր: Նրա կյանքը գրեթե միշտ կապված է եղել անիվների հետ, սկզբում՝ հեծանիվ, հետո արդեն՝ փոքրիկ դեղին ավտոմեքենա, իսկ ավելի ուշ՝ մոտոցիկլ: Երևանյան կոլորիտներից մեկը` Ռեգինա Ղազարյանը, մահացել է 1999թ.-ի նոյեմբերի 6-ին:

«Հոգուս պարտքը կատարած լինելով՝ ինձ հիմա այլ բան չի մնում ասել, քան արտահայտել իմ խոր երախտագիտությունը և խոնարհ հարգանքը Եղիշե Չարենցի հիշատակի հանդեպ»: Ռեգինա Ղազարյան

 

Լուսանկարները` Ե.Չարենցի տուն-թանգարանի արխիվից

Մեջբերումները` Ռ.Ղազարյանի «Չարենցյան նշխարներ» գրքից

Նյութի հեղինակ՝ Գայանե Թադևոսյան

Details

Start:
02/07/2020
End:
04/07/2020

Organizers

KIN International Womens Filmfestival
Goethe-Zentrum Eriwan