
- This event has passed.
Ցուցահանդես՝ Ռոզմարի Տրոկել
26/02/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation

Արտաքին կապերի ինստիտուտը (Institut für Auslandsbeziehungen) ներկայացնում է ականավոր գերմանացի արվեստագետ Ռոզմարի Տրոկելի ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Երևանում Գյոթե կենտրոնի և Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի հետ համատեղ:
Ցուցահանդեսի բացում տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 19։00-ին և հասանելի կլինի մինչև մարտի 26-ը։
*Համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները պահպանելը խիստ պարտադիր է։
Ռոզմարի Տրոկելի այս ցուցահանդեսը Արտաքին կապերի ինստիտուտի կողմից Շտուտգարտում իրականացրած մենագրական ցուցահանդեսների ծրագրի մի մաս է կազմում։ Այդ ծրագրի մեջ էին մտնում նաև նախագծեր՝ նվիրված Զիգմար Պոլկեին, Գեորգ Բազիլիցին և Գերհարդ Ռիխտերին։ Սա, մի կողմից, խոսում է ժամանակակից արվեստի պատմության մեջ Տրոկելի զբաղեցրած դիրքի մասին, իսկ մյուս կողմից որոշ իմաստով վկայում է, որ իր տարեց գործընկերների հայացքները ելակետային են եղել նկարչուհու գաղափարների զարգացման հարցում։
80-ականների ժամանակակից արվեստի ասպարեզում, որպես կանոն, գերակշռում էին տղամարդիկ։ Սակայն Ռոզմարի Տրոկելը չէր ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ: Նա վստահությամբ հանրայնացնում է իր սեփական դիրքորոշումը՝ հանճարեղ նկարչի կերպարին հակադրելով կնոջ դերն ու նշանակությունը: Նրա աշխատանքներն արտացոլում են բացառապես կանացի տեսակետ և պահանջում են հիմնավոր կերպով քննադատել արվեստում գերիշխող համակարգը:
Քննադատական դիրքորոշման հետ մեկտեղ Ռոզմարի Տրոկելի աշխատանքները հանդես են գալիս որպես խոսուն, երևակայական կոնցեպտուալ կառուցվածքներ և վառ, համոզիչ ստեղծագործություններ: Արվեստագետին հաջողվում է հեգնանքով ու հումորով արտահայտել նույնիսկ ծանրաքաշ ինտելեկտուալ բեռը՝ խուսափելով դոգմատիկ հակադրություններից, անգամ՝ բանավեճից: Հումորն ու հեգնանքը նրան բավականաչափ հեռու են պահում բովանդակությունից, կարծես աշխատանքային գործընթացում Տրոկելն ինքն իր մեջքի հետևում է կանգնած՝ որպես ինքնաքննադատ դիտորդ: Նրան հաջողվում է ուղղակիորեն արտացոլել այն նախապաշարմունքներն ու կլիշեները, որոնց բախվում են կանայք թե´ հասարակության մեջ, թե´ արվեստի աշխարհում։ Նկարչուհին վերստեղծում է այդ նախապաշարմունքները՝ սրամտորեն բաշխելով համապատասխան թեմատիկ շեշտադրումները և վարպետորեն ընդգծելով դրանց հակասությունները:
Տրոկելն իր աշխատանքներում կիրառում է թե´ ավանդական և թե´ նորագույն արտահայտչամիջոցները՝ հնարավորություն ընձեռնելով խորը կապեր հաստատել դիտորդի հետ։ Դա հատկանշական է մասնավորապես տուշով, ածուխով ու մատիտով արված գործերում, կոլաժներում, համակարգչային էսքիզներում, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում նկարչուհու արվեստում։ Տրոկելը գծանկարներ է ստեղծում իր աշխատանքի բոլոր փուլերում․ դրանք հիմնականում էսքիզներ են, ինչպես նաև ստեղծագործական մտքերի ու գաղափարների գրառումներ։ Պետք է նշել, որ ինչպես հստակ երևում է նրա վերջին շրջանի մեծածավալ աշխատանքներից, Տրոկելի արվեստում գծանկարն առանձին, յուրահատուկ ուղղություն է։ Այդ իսկ պատճառով մեր ցուցահանդեսում վիդեո պերֆորմանսների հետ մեկտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ռոզմարի Տրոկելի գրաֆիկական աշխատանքները։