Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Թիթեղյա թմբուկը»

18/02/2021 @ 20:30 - 22:30

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։
Արդյո՞ք նման միջոցառումների ժամանակ է հիմա: Այս հարցը վերաբերում է ժամանցին։ Փառատոնը, համերգը, գիրքն ու ցուցահանդեսը ժամանց չեն. սրանք մարդու կայացման, աճի, լինելու անհրաժեշտ պայմաններն ու ուղեկիցներն են: Նրանց ժամանակը միշտ է, տեղը՝ ամենուր։ Հենց իրենք են, որ հակակշիռ են սպառողական մտածողության կարծրատիպերի, որոնք տանում են դեպի քարացում, դեպի մահ։ Արվեստն ու գիտությունն են միայն, որ հակառակ ձգողականության բոլոր օրենքների՝ տանում են մեզ դեպի վեր ու դեպի վեհը, տանում են այնտեղ, որտեղ կարող ենք գտնել ճիշտ պատասխաններ ու ճիշտ ուղիներ։
Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը» (1979)՝ Նոբելյան մրցանակակիր գրող Գյունթեր Գրասի հանրահայտ համանուն վեպի էկրանավորումը, նոր գերմանական կինոյի ամենանշանավոր ֆիլմերից է: 1979-ին այն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե դափնուն, իսկ 1980-ին Օսկար է ստացել որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ: Սա նաև միջազգային հանդիսատեսի սիրելի կինոնկարներից էր և գերմանական կինոարվեստի պատմության ամենաշահութաբեր ստեղծագործություններից: Սյուժեի հիմքում փոքրիկ, իմաստուն Օսկարն է, ով ծնվելով 1924 թվականին և տեսնելով մեծերի աշխարհի տարօրինակությունները՝ որոշում է հավերժ 3 տարեկան մնալ: Եվ մինչ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի պես ցնցումների է առերեսվում՝ Օսկարը հասցնում է բազմիցս սիրահարվել, զարմանալի արկածներ վերապրել և այդ ամենը՝ իր սիրելի խաղալիք թմբուկի զարկի ուղեկցությամբ:
Առցանց կինոքննարկումը փետրվարի 18-ին, ժամը 20։30
Zoom – us02web.zoom.us
ֆիլմը պետք է դիտել նախապես։ Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ https://cutt.ly/FjnXp9G, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
18/02/2021
Time:
20:30 - 22:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan