Գերմանական ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնին

Հուլիսի 7-ին Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որում, ինչպես ամեն տարի, ներկայացված են նաև գերմանական ֆիլմեր։ MADE IN GERMANY խորագրի ներքո այս տարի ձեզ ենք ներկայացնելու հետևյալ կինոժապավենները։

 

Atlas / Ատլաս

Գերմանիա 2018, 100 ր.

Ռեժիսոր՝ Դավիդ Նավրաթ

09.07.2019թ., ժամը 17:00, Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

60-ամյա Վալթերը բնակարանից հարկադիր վտարուման ժամանակ աշխատում է որպես բեռնակիր: Նա իր տնօրեն Ռոլանդ Գրոնի ամենահավատարիմ աշխատողն է: Վալթերը արհամարհում է ոչ միայն ֆիզիկական ցավն ու աշխատանքային տանջանքը, այլ նաև բոլոր այն մարդկանց տառապանքը, ում կյանք նա ստիպված է ներխուժել ամեն օր: Գրոնը մի կասկածելի ընտանիքի հետ միասին վտանգավոր գործարք է ծրագրում: Հին շենքերից մեկից պետք է վտարել բնակիչներին՝ այն ավելի բարձր գնով վերավաճառելու նպատակով: Միայն թե վերջին բնակիչը հրաժարվում է դուրս գալ բնակարանից: Վալթերին սկսում է թվալ, որ երիտասարդն իր որդին է, ում նա լքել էր տարիներ առաջ: Առանց ճշմարտությունը բացահայտելու՝ Վալթերը մտերմանում է իր որդի Յանի և նրա ընտանիքի հետ: Հասկանալով, թե ինչ անկանխատեսելի են այն մարդիկ, որոնց հետ Գրոնը գործ է բռնել, Վալթերը խնդիրների առաջ է կանգնում:

 

  

LUZ / ԼՈՒՑ

Գերմանիա 2017/2018, 70 ր.

Ռեժիսոր՝ Թիլման Զինգեր

09.07.2019թ., ժամը՝ 23։00, Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

Անձրևոտ գիշեր: Լուցը՝ տաքսի վարող մի երիտասարդ կին, քարշ է տալիս ինքն իրեն դեպի ոստիկիանական մի կիսաքանդ բաժանմունքի լուսավորված դուռը: Գիշերային բարում հրապուրիչ Նորան զրույցի է բռնվում ոստիկանության հոգեթերապևտ դոկտոր Ռոսինիի հետ: Երեկոյի ընթացքում նա պատմում է Չիլիում գտնվող օրիորդաց դպրոցի իր վաղեմի դասընկերուհի Լուցի ըմբոստ անցյալի մասին: Նորան դիվահար է: Այն էակը, որ տիրացել է նրան, տենչում է իր սիրելի կնոջը՝ Լուցին: Նորան միտումնավոր արբեցնում է դոկտոր Ռոսինիին, և դևը տիրանում է անտեղյակ հոգեթերապևտին: Իր գործընկերների՝ կոմիսար Բերտիլիոնի և թարգմանիչ Օլարտեի հսկողության ներքո դոկտոր Ռոսինին շփոթված Լուցին հիպնոզի է ենթարկում: Լուցը վերապրում է բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել նախքան ոստիկանության բաժանմունք գալը: Սակայն բժիշկի մեջ նստած էակը ավելին է ուզում: Նա հետզհետե սկսում է ազդել Լուցի հիշողությունների վրա՝ ազատ արձակելով վաղուց մոռացված իրողությունները: «Լուցը» թրիլեր է, որը խաղում է դիտորդի զգայարանների և ընկալումների հետ:

 

   

Papst Franziskus – Ein Mann seines Wortes /

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. մարդ, որն իր խոսքի տերն է

Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Ֆրանսիա 2017/2018,

վավերագրական ֆիլմ, 90 ր.

Ռեժիսոր՝ Վիմ Վենդերս

10.07.2019թ., ժամը՝ 18։30, Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

Այս վավերագրական ֆիլմը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մասին է: Ֆիլմի ընթացքում նա պատասխանում է աշխարհի տարբեր կետերում գտնվող մարդկանց տարատեսակ հարցերին: Հարցերը վերաբերվում են ներգաղթի խնդիրներին, սոցիալական անհավասարությանը, ընտանիքի և սեռական կողմնորոշման թեմային, կապիտալիզմին և հավատքին: Ռեժիսոր Վիմ Վենդերսը ուղեկցում է Հռոմի պապին իր մի քանի ճամփորդությունների ընթացքում, այդ թվում նաև Երուսաղեմ կամ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ:

 

Mackie Messer – Brechts Dreigroschenfilm /

Մաքի Մեսեր. Բրեխտի երեքգրոշանոց ֆիլմը

Գերմանիա, Բելգիա 2017/2018, 130 ր.

Ռեժիսոր՝ Յոախիմ Լանգ

11.07.2019թ., ժամը՝ 22:00, Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

1928թ.-ին Բեռլինում կայացած «Երեքգրոշանոց օպերայի» համաշխարհային պրեմիերայի հաջողության արդյունքում պրոդյուսերական ընկերությունը փորձում է հեղինակին համոզել էկրանավորել իր ստեղծագործությունը: Սակայն Բերտոլդ Բրեխտը չի ուզում խաղալ նրանց կանոններով: «Երեքգրոշանոց ֆիլմի» նրա պատկերացումները լրիվ այլ են՝ ծայրահեղական, անզիջում ու քաղաքական: Նա ցանկանում է ֆիլմ նկարահանել նոր ձևաչափով՝ հստակ գիտակցելով, որ պրոդյուսերները երբեք չեն համաձայնվի: Ֆիլմում նկարագրվում է, թե ինչ ջանքեր է Բրեխտը գործադրում այդ նախագիծն առանց փոխզիջումների իրականացնելու համար: Այստեղ երկու տարբեր իրականություններ իրար են բախվում: Բրեխտը, սիգարը բերանին, բարում նստած, բացատրում է բոլորին, թե ինչպիսին պետք է լինի իրական արվեստը: Այս ֆիլմը հնարավորություն է ընձեռում հանդիսատեսին ընկղմվել Բերտոլդ Բրեխտի աշխարհ:

 

The Wolf House / Գայլի տունը

Չիլի, Գերմանիա 2018, 75 ր.

Ռեժիսոր՝ Քրիստոբալ Լեոն, Խոակին Կոկինա (Cocina)

13.07.2019, ժամը՝ 21.30, Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

Ֆիլմում երկու պատմություն կապվում են իրար: Առաջին հատվածում նկարագրվում է Չիլիի հարավում գտնվող բարեպաշտ գերմանացիների համայնքը: Այնուհետև սկսվում է Մարիայի՝ մի երիտասարդ աղջկա պատմությունը, որը ավանից փախել է անտառ՝ պատժից խուսափելու համար: Մարիայից բացի այնտեղ կան նաև երեք խոզուկներն ու չար գայլը: Ֆիլմում նկարագրվում է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Մարիայի հետ անտառային տնակում, որը ասես անվերջ շարժման մեջ լինի. պատից կախված նկարները սկսում են պարել, կահույքը մեկ անհետանում է, մեկ նորից հայտնվում, սենյակները մեծանում- փոքրանում են, լույսերը՝ վառվում-անջատվում, իսկ հատակից տարբեր արարածներ են սկսում աճել ծառերի նման: Ասես տունն էլ ունի իր առանձին պատմությունը… «Լինում է, չի լինում…»

GAIFF PRO-ին հրավրված հյուրերը

 

   ՄԱՐՏԻՆ ՀԱԳԵՄԱՆ, ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների պրոդյուսեր

Մարտին Հագեմանը «Zero Film» և «Zero Fiction Films» պրոդյուսերական ընկերությունների համահիմնադիրն է: Ընկերությունները, 90-ականներից սկսած, տարատեսակ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր են արտադրել: 2009 թվից Հագեմանը Բաբելսբերգի կինոյի համալսարանի պրոֆեսոր է: Նա դասավանդում է հատկապես կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման, նոր շուկաների ստեղծման, ֆիլմերի քաղաքականության, արտադրության և տարածման թեմաների շրջանակում:

 

   

   ԵՎԱ ԲԼՈՆԴՅԵ, պրոդյուսեր

Եվա Բլոնդյեն ծնվել է Բոնում: Նա ավարտել է Քյոլնի միջազգային կինոդպրոցը և «Color of May» պրոդյուսերական ընկերության հիմնադիրն է: Նա 2012-ին ներկայացրել է իր ավարտական նախագիծը՝ Էլմար Իվանովի «Դագաղագործի ճոճանակ» ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում նաև՝ ուսանողական Օսկարին: 2013 թվին Բլոնդյեն հիմնել է «Color of May» պրոդյուսերական ընկերությունը, որն արտադրում է վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք փորձում են ծանոթ իրողությունները ներկայացնել նոր, յուրահատուկ լույսի ներքո: