«Այբ» դպրոցի «Բիոպլաստիկները ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը 

Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն միջավայրի» նախագիծը միջազգային կրթական մրցույթ-նախագիծ է, որը գործում է 2014 թվականից՝ սերտ համագործակցելով գերմանական տարբեր կրթական և հետազոտական հաստատությունների հետ։

Նախագծի նպատակն է աշակերտներին ներգրավել բնապահպանական  խնդիրները լուծելուն և նպաստել հետազոտական հմտությունների զարգացմանը։

Մրցույթ-նախագծին մասնակցել են տարբեր երկրներ ամբողջ աշխարհից և ներկայացրել իրենց լուծումները առկա էկոլոգիական խնդիրների շուրջ։

2019 թվականի մայիսի 10-ից 13-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում 5-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու  են 15 թիմեր տարբեր երկրներից, որոնց թվում է նաև «Այբ» դպրոցը։

Առաջնորդվելով մրցույթի պահանջներով՝  «Այբ» դպրոցի  «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներ Սյուզաննա Երկնափեշյանը, Մարիամ Մելքումյանը և Մարիա Աղաբեկյանը քիմիայի և գերմաներենի ուսուցիչների հետ ներկայացրել են առարկաների համատեղ բնապահպանական՝ «Բիոպլաստիկները ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը։ Նախագծի շրջանակներում քիմիա առարկայի հատուկ բովանդակությունը  և գերմաներեն լեզուն  ուսուցանվել են համատեղ ու ինտեգրված։

Նրանց այցի նպատակը բնապահպանական նախագծի ներկայացումն է տարբեր ձևաչափերով և խնդրի լուծմանը նպաստող առաջարկներով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր նախագծի նպատակը դպրոցի հարակից տարածքների և առհասարակ բնության պլաստիկներով աղտոտման խնդրի լուծումն է թերմոպլաստիկ օսլայի հումքի վրա սինթեզվող կենսապլաստիկներից՝ քայքայվող տոպրակների արտադրման միջոցով:

Այս նպատակով  էլ «Այբ» դպրոցի աշակերտները լաբորատոր պայմաններում ստեղծել են բնական միջավայրում քայքայվող տոպրակները, որն էլ կներկայացվի մայիսի 10-ից 13-ը Բրեմեն քաղաքում կայանալիք 5-րդ միջազգային կոնֆերանսին։

Դպրոցական փոքր քայլերը կարող են նպաստել մեծ աշխարհի բնապահպանությանը։

Ներկայացված նախագծերի բովանդակություններին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքեր։

https://www.goethe.de/umweltmachtschule

https://www.goethe.de/ins/ru/de/spr/eng/ums.html