Հայ կինը և 20-րդ դարը. Առցանց ցուցահանդես

«Նույնիսկ եթե նրանց անուններն անհետանան, նրանց թողած հետքը կմնա»:

20-րդ դարի հայ կանանց մոռացված կենսագրությունները:

2019 թ. Գյոթե կենտրոնը ԿԻՆ միջազգային կինոփառատոնի հետ համատեղ կազմակերպել էր սցենարիստների համար նախատեսված աշխատարան, որի մասնակիցները պետք է վավերագրական ֆիլմերի համար սցենարներ մշակեին հայ կանանց կենսագրությունների վերաբերյալ: Աշխատարանի գաղափարը ծագել էր Բաուհաուզի 100-ամյակի առթիվ և Բաուհաուզի կանանց կենսրագրություններից ոգեշնչված. մասնակիցները պետք է անդրադառնային 20-րդ դարի 20-50ական թթ. հայ ստեղծագործ կանանց ճակատագրերին, որոնք արարել էին արվեստի, լուսանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ոլորտներում՝ անարդարացիորեն հանրության կողմից մոռացության մատնվելով: Աշխատարանի նպատակն էր քննարկել ներկայացված սցենարները, բերել նրանց ամփոփիչ տեսքի, որպեսզի դրանց հիման վրա 2020 թվականին նկարահանվի համատեղ վավերագրական ֆիլմ:

Աշխատարանը վարեց գերմանացի սցենարիստ և ռեժիսոր Կլաուդիա Պրիտցելը: Լավագույն չորս պատմությունների հեղինակները հնարավորություն ստացան իրենց սցենարի հիման վրա նկարահանել համատեղ կարճ ֆիլմ, որը 2020 թվականի նոյեմբերին պետք է ներկայացվի Կին միջազգային կինոփառատոնին:

Մոռացված կանանց ճակատագրերը և նրանց մասին տեղեկություններն այնքան ծավալուն էին, որ, ցավոք, չէին կարող ամբողջովին տեղ գտնել ֆիլմում: Այդ իսկ պատճառով մեզ մոտ գաղափար առաջացավ նախքան ֆիլմի պրեմիերան նրանց բոլորին ներկայացնել այս ցուցահանդեսի ներքո:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս իրավիճակում ցուցադրությունը հնարավոր է իրականացնել դեռևս միայն թվային՝ առցանց տարբերակով (հունիսի 15-ից), սակայն մյուս կողմից էլ դա այցելուներին հնարավորություն է ընձեռում առանց շտապելու և հիմնովին ծանոթանալ այդ կանանց ճակատագրերին հեռահար տարբերակով:

«Հայ կինը և 20-րդ դարը» առցանց ցուցահանդեսի հերոսուհիներն են

Ռեգինա Ղազարյանը, Արմեն Օհանյանը, Այծեմնիկ Ուրարտուն, Արփենիկ Նալբանդյանը, Մարիամ Ասլամազյանը, Նվարդ Զարյանը, Վարդ-Պատրիկյանը, Իդա Քարը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հռիփսիմե Սիմոնյանը և Ցողիկ Արաբյանը:

Հույս ունենք, որ մեր փոքրիկ նախագիծը խթան կհանդիսանա այս կանանց կենսագրությունների հետագա ավելի խորը ուսումնասիրությունների համար, քանի որ կան բազմաթիվ հայ կանանց ճակատագրեր, որոնք դեռևս ամբողջովին բացահայտված չեն հանրության համար:

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի, Գյոթե կենտրոնի տնօրեն

Մարիամ Օհանյան, ԿԻՆ միջազգային կինոփառատոնի տնօրեն

Ձևավորում՝ Արևիկ Շաբոյան