Բեռլինալե 2022

Արջը համարյա վերադարձել է…

Հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան

2022թ. հունվարին պլանավորված փառատոններն սկսեցին տեղափոխվել առցանց տիրույթ` կոտրելով ֆիզիկական փառատոններին վերադառնալու հույսը, որ ձևավորվել էր անցյալ տարվա ամռանն ու աշնանը: Կաննի, Լոկառնոյի, Վենետիկի փառատոնները տեղի էին ունեցել գրեթե նորմալ պայմաններով: Իսկ հունվարին Սանդենսը, Ռոտերդամն օնլայն էին ու տխուր վստահություն կար, որ Բեռլինալեն «տեղի չի ունենա»: Սակայն հունվարի կեսերին փառատոնի տնօրինությունը հանդես եկավ գրեթե անհավանական հայտարարությամբ. Բեռլինալեն տեղի կունենա ֆիզիկապես ու կընդունի իր հյուրերին: Կրճատվել էին միայն ժամկետները. տասն օրվա փոխարեն՝ այն տևելու էր յոթ օր, իսկ հաջորդող օրերին կինոթատրոնային ցուցադրություններ էին լինելու քաղաքացիների համար: Եվրոպական կինոշուկան, այնուամենայնիվ, տեղի էր ունենալու օնլայն տարբերակով: Նման որոշումը բազմաթիվ զոհողությունների ու փոխզիջումների արդյունք էր: Նախևառաջ, կինոշուկան առցանց տիրույթ տեղափոխելը հասցնում էր հուժկու ֆինանսական վնաս. նախորդ ամիսներին շատ ակտիվ գովազդվում էին շուկայի տաղավարներ, որոնք հազարավոր եվրոներ արժեն, պրոֆեսիոնալլ հավատարմագրումը մոտ 300 եվրո է, իսկ այս որոշմամբ, անհրաժեշտ էր այդ գումարները հետ վերադարձնել: Կազմակերպիչներն, իհարկե, այլընտրանքային լուծում էին գտել հավատարմագրում ունեցող պրոֆեսիանալների համար. նրանց առաջարկում էին փոխել իրենց հավատարմագրումը փառատոնայինով, վճարել ավելի քիչ ու հնարավորություն ունենալ մասնակցելու ցուցադրություններին: Առաջարկն, իհարկե, մի քիչ հակասական էր թվում. շուկան «տեղի չէր ունենում» կանխելու մարդկային մեծ հոսքը, բայց մասնակիցները կարող էին նույն հոսքը ստեղծել այլ հավատարմագրմամբ…

Մյուս պայմանը, որ ընդունել էին փառատոնի կազմակերպիչները հանուն ֆիզիկական փառատոնի, համավարակի տարածումը կանխող օրենքներն էին, որոնք թերևս ամենախիստն էին ողջ Եվրոպայում. դրանք առավելագույնի էին հասցված փառատոնի մասնակիցների համար: Անգամ երեք պատվաստում ունեցող կինոքննադատներն ու լրագրողները պետք է ամեն օր անտիգեն թեսթ հանձնեին (կանոնը չէր վերաբերվում այլ հավատարմագրում ունեցող մասնագետներին), քանի որ առանց բացասական պատասխանի կինոթատրոն մուտքը հնարավոր չէր: Կարելի էր զբաղեցնել կինոդահլիճների միայն 50% -ը, այսինքն դիտորդները չէին կարող նստել իրար կողք: Կազմակերպիչները լուծում էին գտել նաև այս «դժվարությունների» համար: Կինոթատրոնի առջև կայանած ավտոբուսն իրականում արագ թեստավորման կենտրոն էր, որ պատասխան էր ուղարկում 15 րոպեների ընթացքում: Իսկ նույն ֆիլմը զուգահեռաբար ցուցադրվում էր վեց դահլիճներում` բավարարելով բոլորի կինոդիտական ձգտումները: Տոմսերը հարկավոր էր ձեռք բերել առցանց, ամեն օր առավոտյան ժամը 7:30-ից սկսած, որը ֆիքսում էր նստատեղն ու ազատում անիմաստ հերթերից: Նոր կանոնները ձեռնտու էին նաև բաճկոնների ու պայուսակների համար. բոլորի կողքին կար մեկ ազատ նստատեղ նրանց համար: Չնայած այս բոլոր զոհողությունների, բարդությունների և հակաուտոպիստական կանոնների, Բեռլինալի թիմը կարողացավ կազմակերպել սովորականից հանդարտ, բայց շատ սահուն ընթացող փառատոն, երբ հնարավոր էր վերադառնալ կինոթատրոններ ու անդադար ֆիլմ նայել:

***

Փառատոնի տարբեր բաժիններում ներկայացված էին գերմանական ու գերմանալեզու ֆիլմեր, որոնք ավստրիական կամ շվեցարական արտադրություն էին: Հիմնական մրցույթում գերմանական ֆիլմերը երեքն էին, իսկ շվեցարացի Միխայիլ Քոխի «Երկնքի մի կտոր»-ը (“A piece of sky”) չորրորդ գերմանալեզու կինոնկարն էր: Ժամանակից դուրս ու դրախտային լեռներում ծվարած գյուղում սկիզբ է առնում ֆիլմի հերոսների սիրո պատմությունը, որը շատ հեռու է իդեալական լինելուց: Ժամանակ առ ժամանակ էկրանին հայտնվող հսկայական ժայռն, ասես, նախազգուշացնում է այն պատնեշի մասին, որ առաջանալու է հերոսների միջև, որը, ցավոք, անհնար է հաղթահարել:

Մինչդեռ անհնարին պատնեշներից չի վախենում Ռաբիա Կուրնազը` գերմանաբնակ թրքուհին, ով դատական հայտ էր ներկայացրել ընդդեմ ԱՄՆ կառավարության` Գուանտանամոյում բանտարկված իր որդուն ազատելու պահանջով: Այս դեպքի մասին էր պատմում գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենի նոր ֆիլմը` «Ռաբիա Կուրնազն ընդդեմ Ջորջ Վ. Բուշի» (“Rabiye Kurnaz Vs. George W. Bush”), որի գլխավոր հերոսուհին` Մելթեմ Քափթանն, արժանացավ «Արծաթե արջի» լավագույն դերակատարման համար: Չնայած սուր քաղաքական թեմային և իրադարձության կարևորությանը, Դրեզենն ընտրել էր գունավոր կատակերգության տրամադրությանը, երբ էկրանին կարելի էր տեսնել կարծրացած կերպարներ ու պահվածք, բարձր խոսք, չափազանց շատ սնունդ, իսկ երբեմն արցունքներ:

Գրեթե նույն ոճով, բայց թերևս ավելի հաջողված էր դերասանուհի ու ռեժիսոր Նիկոլետ Կրեբիցի «Ա.Է.Ի.Ո.ՈՒ» (“A.E.I.O.U”) դրաման, որը փորձ էր անում խոսելու ծերացող կամ հայտնիությունը կորցնող աստղերի, հատկապես դերասանուհիների մասին, ովքեր միայնակ են մնացել իրենց բոհեմյան բնակարաններում, պարուրված երբեմնի փառքի հիշողություններում: Այս դեպքում ևս ռեժիսորը խնդրին անդրադարձել էր թեթևությամբ ու հանրահաճո ոճով` վերածելով այն գեղեցիկ և արկածներով լի սիրո պատմության:

Ծերացող, բայց կյանքի նկատմամբ սերը չկորցնող, ինքնասիրահարված գրոտեսկային կերպար էր ստեղծել Ուլրիխ Զայդլն իր նոր ֆիլմում` «Ռիմինի»-ում (“Rimini”): Ֆելինիի ծննդավայրում նկարահանված այս ֆիլմը, թերևս, Զայդլի կինոդարանի «ամենաշատ կարեկցածք» պարունակող դրաման էր, թեև լի է սև հումորով և արհամարհանքով: Մարմինն ընդգծող փայլուն կոստյումով Ռիչի Բրավոն, ով փոքրիկ երաժշտական ներկայացումներ է անում` խելագարության հասցնելով վաթսունանց իտալուհիներին, երբեմն դեմ չէ նաև նրանց փոքրիկ սեռական բավարարություն ապահովել, որի դիմաց հաճախ գողանում է տիկնանց զարդերն ու դրամապանակները: Սակայն Ռիչին ստիպված է լինում վերանայել իր եսակենտրոն առօրյան, երբ հայտնվում է նրա դուստրը:

Ուլրիխ Զայդլը ներկայացված էր փառատոնում մեկ այլ ֆիլմով ևս, այս անգամ «Հանդիպումներ» ծրագրում` հանդես գալով որպես ֆիլմի պրոդյուսեր: Քրդուհի Քուրդվին Այուբի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Զոննե»-ն, (Sonne) որը փառատոնային հանդիսատեսի ամենասիրված դրամաներից մեկը դարձավ, պատմում էր Վիեննայում բնակվող դեռահաս քրդուհու մասին, ով հայտնի է դառնում համացանցում ընկերուհիների հետ նկարահանած երաժշտական հոլովակը տարածելուց հետո: Վավերագրական ու խաղարկային ֆիլմերի սահմանագծում գտնվող այս սրամիտ ֆիլմը ներկայացնում է կյանքը երկու մշակույթների սահմանագծում, քննարկում մուսուլման կնոջ մասին կարծրացած պատկերացումներն ու դրանք հաղթահարելու կարևորությունը:

Վերևում քննարկված բոլոր ֆիլմերից առանձնանում էր Գաստոն Սոլինցկու «Սիրո փոքրիկ փաթեթ»-ը (A little love package): Տխրությամբ, անցյալի նկատմամբ կարոտով ու հիշողություններով լի այս ֆիլմում գործողությունները տեղի էին ունենում 2019-ի ավարտին, երբ ավստրիական կառավարության որոշմամբ արգելվեց ծխելը հասարակական վայրերում` այսպիսով ավարտի բերելով ավստրիական սրճարանների (Kaffeehaus) դարաշրջանը: Այս գեղեցիկ հարգանքի տուրքը սրճարանային մշակույթին նաև պատմություն էր հոգևոր ու ֆիզիկական ճանապարհորդության, սեփական «տունը» գտնելու և պատկանելության մասին:

***

«Հանդիպումներ» բաժնի մյուս գերմանալեզու ֆիլմերն էին «Մորս մահը» (The death of my mother), «Աքսիոմ»-ն (Axiom) ու «Մութցենբախեր»-ը (Mutzenbacker):