Ինչպես և ամեն տարի, ներկայացնում ենք 2022 թվի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գերմանական ֆիլմերի ժամանակացույցը։
Հուլիսի 11-ին, ժամը 19։00-ին, Կինեմատոգրաֆիստների միություն, մեծ դահլիճ
Հուլիսի 16-ին, ժամը 14։30-ին, Կինեմատոգրաֆիստների միություն, մեծ դահլիճ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ
Գերմանիա 2019-2021, 90 ր
Ռեժիսոր՝ Ֆլորիան Հոֆման
Խալիլը տարրական դպրոցի ուսուցիչ է և ընկերուհու՝ լրագրող Լեյլայի հետ ապրում է Բեռլինում: Երբ Լեյլան Խալիլին նրա քրդական ծննդավայրին վերաբերող պատերազմական տեսանյութեր է ցույց տալիս, Խալիլի կանոնավոր կյանքը տակնուվրա է լինում. Նրան թվում է, թե տեսախցիկի հետևում ճանաչել է իր քրոջը, որին մեռած էր համարում: Խալիլը փորձում է քրոջ հետ կապ հաստատել քրդական համայնքի միջոցով: Դրա դիմաց Խալիլից պահանջում են պատերազմական տեսանյութերը տրամաադրել գերմանական լրատվամիջոցներին: Բայց նա շուտով հասկանում է, որ թուրքական գաղտնի ռազմական գործողությունը չի հետաքրքրում ԶԼՄ-երին: Երբ Խալիլն ու Լեյլան այդ նյութերն ուղղակի ներբեռնում են լրատվական գործակալությունների սերվերի վրա, միայն այդ ժամանակ է այդ թեման ցանկալի ուշադրության արժանանում. Պատերազմը հայտնվում է գլխագրերում և բուռն քաղաքական բանավեճի տեղիք տալիս: Բայց հակամարտությունը միայն էկրանին չի մնում: Հանգամանքներն այնպիսի զարգացում են ստանում, որ Խալիլի համար խնդիր է դառնում սեփական կյանքը Բեռլինում պաշտպանելը: Ֆիլմը իրական դեպքերի մասին է:
Հուլիսի 12-ին, ժամը 12։00-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
Հուլիսի 13-ին, ժամը 17։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գերմանիա/ Սիրիա/Ֆրանսիա/Կատար/Իտալիա, 2021, 183 ր
Ռեժիսոր՝ Դիանա Էլ Ժեյրուդի
Տասներկու տարի շարունակ նկարահանված ֆիլմը վկայում է էպիկական ծավալի ողբերգության մասին, որն ուղեկցվում է Դիանա Էլ Ժեյրուդիի կյանքի փխրուն, խորապես տպավորված պահերի անընդհատ ընդլայնվող խճանկարով՝ սկսած յոթ տարեկանից, երբ հայրը նրան տեսախցիկ է տալիս, մինչև մեր օրերը: Երբեմն ներկայացվում է կինոռեժիսորի շուրջը կատարվողի որոշակի պատկերը: Ւսկ հետո դա փլուզվում է: Սև էկրանին հայտնվում են սպիտակ տառեր՝ ոգեկոչելով նրա ներաշխարհն այս կինոհիշողությն մեջ: Պատշաճ ու կանոնավոր կյանքը Բեռլինում մրցակցում է Դամասկոսի կյանքի հետ, որը ներթափանցված է բռնապետությամբ և ավերված պատերազմից ու միջազգային քաղաքական կոռուպցիայից: Էլ Ժեյրուդին մխիթարվում է կինոյով, երաժշտությամբ, երազանքների պայծառությամբ և ամենօրյա հավատարմությամբ մնայուն ու մշտական սիրո պատմությանը:
Մրցանակներ
Պատվավոր հիշատակում, Գյոթե ինստիտուտի վավերագրական կինոյի մրցանակ, Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Գերմանիա, 2021
Հուլիսի 14-ին, ժամը 22։00-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կապույտ դահլիճ
ՌԻՄԻՆԻ
Ավստրիա/Ֆրանսիա/Գերանիա, 2022, 114 ր
Ռեժիսոր՝ Ուլրիխ Զայդլ
Ռիչի Բրավոն, որ ժամանակին հաջողակ փոփ աստղ է եղել, սառնաշունչ Ռիմինիում խամրած փառքի հետքերով է գնում: Նա իր շվայտ կյանքի և խաղամոլության համար միջոցներ է հայթայթում բազում զբոսաշրջիկների առաջ համերգներ տալով և երկրպագուհիներին սեռական «լավություններ» անելով: Ռիչիի աշխարհը սկսում է կործանվել, երբ չափահաս դուստրը ներխուժում է նրա կյանքը և երբեք չստացած փող պահանջում: Իսկ Ռիչիի ծեր հայրը, որ տառապում է թուլամտությունից, անվերջ պտույտներ է տալիս ավստրիական ծերանոցում:
Հուլիսի 15-ին, ժամը 10։00-ին և 17։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Գերմանիա/Իրաքյան Քրդստան/Կատար, 2021, 88 ր
Ռեժիսոր՝ Շաուքաթ Ամին Քորքի
Ռոջինը` մի սրտաբեկ երիտասարդ կին, որը նշանածի անհետացումից հետո տառապում է ընկճախտից, պատրաստվում է համալսարանի ընդունելության քննությանը: Եթե նա ձախողի քննությունը, հայրը կստիպի ամուսնանալ: Բայց եթե հաջողվի ընդունվել համալսարան, կարող է ավելի ազատ կյանք վարել և խուսափել ավագ քրոջ՝ Շիլանի ճակատագրից. վերջինս դժբախտաբար ամուսնացած է պահպանողական տղամարդու հետ, որը պահանջում է պատշաճ տնային տնտեսուհի լինել: Տեսնելով, որ կրտսեր քույրը պայքարում է երազանքին հասնելու համար՝ Շիլանն ամեն գնով փորձում է ստիպել քրոջը հանձնելու քննությունը: Այս որոշումը քույրերին դնում է հսկայական ճնշման տակ ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, քանի որ նրանք խճճվում են կոռուպցիոն հսկայական ցանցի մեջ, որը տարածված հասարակության բոլոր շերտերում:
Հուլիսի 16-ին ժամը 20։00-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կապույտ դահլիճ
Հուլիսի 17-ին ժամը 20։30-ին, Կինեմատոգրաֆիստների միություն, մեծ դահլիճ
ՌԱԲԻՅԵ ՔՈՒՐՆԱԶՆ ԸՆԴԴԵՄ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ
Գերմանիա/Ֆրանսիա, 2022, 119 ր
Ռեժիսոր՝ Անդրեաս Դրեզեն
Որդուն օգնել ցանկացող բրեմենցի հուսակտուր տնային տնտեսուհի և սիրող մայր Ռաբիյե Քուռնազը գնում է ոստիկանություն, հայտարարություն տալիս իշխանություններին և համարյա թևաթափ լինում նրանց անկարողությունից, բայց ի վերջո, հակառակ ամեն ինչի, իսկապես ուշագրավ բան է կատարվում:
Մրցանակներ
«Արծաթե արջ» լավագույն սցենարի և լավագուն գլխավոր դերակատարան համար, Գիլդիայի մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2022, Լավագույն դերասանուհի, Հանդիսատեսի մրցանակ, Նյուրնբերգի «Թուրքիա-Գերմանիա» ԿՓ, 2022