Երևանում հոկտեմբերի 24-29-ը կայացավ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: «ՌեԱնիմանիա»-ի գործընկեր «Գյոթե կենտրոնն» այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպել էր սկսնակ կինոքննադատների և երիտասարդ լրագրողների համար նախատեսված աշխատարան, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Աշխատարանը վարում էր գերմանացի մասնագետ Կլաուս Լոզերը։
Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը գրախոսականներ գրելու համար: Անիմացիոն ֆիլմը մեդիայում դիտարկելու նպատակն է զարգացնել անիմացիոն ֆիլմերի մասին գրախոսականներ ու վերլուծություններ գրող հայ քննադատների ու լրագրողների հմտությունները և այդպիսով բարելավել անիմացիոն արվեստի լուսաբանումը Հայաստանում և տարածաշրջանում: Աշխատարանի ավարտին ընտրվել են սեմինարի 2 հաղթողները՝ Մանե Պետրոսյանն ու Դավիթ Մանուկյանը, որոնց մրցանակը ճանապարհորդություն է Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020 թ. մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS):
«Գյոթե կենտրոնը» աշխատարանի հաղթողներին է հանձնելու մրցանակը՝ 1000-ական եվրո ճանապարհորդային դրամաշնորհը՝ Շտուտգարտի անիմացիոն ֆիլմերի փառատոն այցելելու նպատակով և սպասելու է նրանց կողմից նոր ստեղծարար գաղափարների և գրախոսականների։