Կամո Նիգարյան «Թղթե ականներ»

Գյոթե կենտրոնը «Թեք տեղ» թատրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միասին ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
«Թղթե ականներ» ցուցահանդեսը ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին: Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին, Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:
Այնուամենայնիվ, Նիգարյանի սյուրռեալիստական պաստառների էսթետիկորեն այլայլող և մտավորապես սադրիչ բնույթը մերժված էր խորհրդահայ արվեստի կողմից, ինչի արդյունքում տպագրվել են նկարչի սոսկ մի քանի պաստառային նախագծեր: 1981 թվականից սկսած Նիգարյանը հիմնականում դիմել է գեղանկարչությանն ու լուսանկարչությանը, և միայն կյանքի ուշ շրջանում է կարողացել լիովին իրականացնել գրաֆիկական դիզայնի իր հայեցակարգային մոտեցումները Ազգային պատկերասրահի ֆիլմերի ցուցադրության ծրագրի համար պատրաստած պաստառների շարքում:
Այս բորբոքող պատկերները ամբողջացնում են Նիգարյանի ետարդիական գեղագիտությունը բազմածիր պատկերային մի լեզվում, որը հաստատում է այս միջոցի նշանակությունը որպես արվեստի ձև և բացահայտում ժամանակակից հայկական դիզայնի՝ նախկինում անտեսված փորձարարական մոտեցումների բազմազանությունը: Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով որոշակի խթան Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:
Ցուցահանդեսի համադրող՝ Վիգեն Գալստյան։
Որտեղ՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ
Երբ՝ փետրվարի 4-ից մարտի 6-ը
Լուսանկարները՝ © National Gallery of Armenia
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ստորև՝