- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը․ Նվարդ Զարյան․ առցանց ցուցահանդես
14/07/2020 @ 16:00 - 16/07/2020 @ 18:00
Event Navigation
Նվարդ Զարյան (1917-2005), քանդակագործ
Նվարդ Զարյան
Նվարդ Զարյանը ծնվել է 1917 թվականին՝ Ֆլորենցիայում:
Հայտնի գրականագետ, արձակագիր Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի ընտանիքում լույս աշխարհ եկած հայուհին դառնում է իտալական քանդակագործության ճանաչված դեմքերից, ով հնչեցնում է հայկական ազգանունը: Նա ընտրում է քանդակագործի դժվարին ուղին:
Կոստան Զարյան և Թագուհի Շահնազարյան` Նվարդի ծնողները
Նվարդ Զարյան՝ 4 տարեկան
Չնայած գրականագետ հորը և երաժշտության մասնագետ մորը՝ Նավարդն ընտրում է արվեստի ուրիշ ճյուղ: Մի առիթով հայրն ասել էր. «Արվեստի յուրաքանչյուր գործ մի տիեզերք է, որ տեղավորվում է մեր ներսում և ներառում նաև մեզ»:
Իր հոր՝ Կոստան Զարյանի հետ
Ընտանիքը
Արվեստի աշախարհում սավառնելու համար հայրիկի այս հրաշալի միտքը՝ Նվարդին տանում է քնադակագործության խորքերը:
Կոստան Զարյան, Վենետիկ
1934-1936 թ. Նավարդը սովորում է Վենետիկի «Լiceo Artistiko»-ում և Միլանի արվեստի ստուդիաներում: 1940-ին ավարտում է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինը:
Հազիվ 19 տարեկան էր, երբ շահում է Նեապոլում անցկացվող դիմանկարի մրցույյթի սահմանած Առաջին մրցանակը: Իսկ ահա Իրանի կառավարությունը հենց նրան է դիմում վերջին շահի՝ Ռըզա Փահլավիի դիմանկարի համար:
Նվարդ Զարյան, Հռոմ
Նվարդ Զարյան, «Արևելյան կին»
Աղջիկը զբաղվում է նկարչությամբ և հաջողում է, սակայն իտալացի ճանաչված քանդակագործ Ադոլֆո Վիլդի խորհրդով՝ փոխում է զբաղմունքը և տրվում քանդակագործությանը: Ծանոթանում է հայտնի քանդակագործ՝ Մարիո Չիմարայի հետ, որ ապագայում դառնում է ամուսինը: Աղջիկը ուսումը շարունակում է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, աշակերտում հանրաճանաչ քանդակագործ՝ Անջելլո Ձանելիին:
Արվեստանոց
Վենետիկի Գեղարվեստի ակադեմիան դառնում է ինքնարտահայտման և ինքնաճանաչման մեծ սկիզբ… 1938 թվականին, Հռոմում, Նվարդն առաջին անգամ մասնակցում է կերպարվեստի համաիտալական ցուցահանդեսին՝ «Մայրություն» տուֆակերտ աշխատանքով: Ցավոք երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատում է նրա ստեղծագործական բեղուն շրջանը: Այդ տարիներին Ն. Զարյանն ակտիվորեն մասնակցում է իտալական դիմադրության շարժմանը և պարտիզանական խմբերի կազմում մարտնչում ֆաշիստական զորքերի դեմ:
1950 թվականն էր: Հռոմում հայտարարվում է մրցույթ՝ նորակառույց կայարանի գեղարվեստական ձևավորման համար, իսկ հայտարարում է ոչ ավել ոչ պակաս՝ Իտալիայի կառավարությունը: Անխոս հեղինակավոր մրցույթ էր: Մասնակիցների մեջ էին արդեն անուն ունեցող քանդակագործներ, որոնց ճանաչում էին, ովքեր արդեն ունեին արվեստանոցներ՝ Ռենատո Գուտուզոն, Լիոնիչելլոն, Չիմարան, Տուրկովատան: Նվարդ Զարյանն արդարացիորեն արժանանում է առաջին մրցանակին: Սա իսկապես հաղթանակ էր և հիանալի ճանապարհ՝ դեպի նորը: Արվեստաբան Գուիլիո Մորուլինին «Պաեզե Սերա» մասնագիտական ամսագրում այսպես է արտահայտվում. «Ես իմ այս հոդվածը սկսում եմ հորդորելով գրչակից իմ ընկերներին, որ քանդակագործության հանդեսի առաջին շարքի աթոռը միահոժար հատկացնեն Նվարդ Զարյանին»:
Նվարդ Զարյան, ՝Մանդոլինահար»
Նվարդ Զարյան, «Սպասում»
Շուտով Հռոմի «Galleria dello zodiacko» ցուցասրահում Նվարդը 18 քանդակ և գծանկարներ է ցուցադրում: Սկսվում են նաև անհատական ցուցահանդեսները՝ Կոպենհագեն, Օսլո, Վիենա… Նա դառնում է Եվրոպական բիենալեների մասնակից, շրջագայում է տարբեր քաղաքներում:
«Նվարդ Զարյանի արվեստը շքեղություն է, որը հազվադեպ ենք տեսնում քանդակ ներկայացնող ցուցահանդեսներում»՝ արվեստի տեսաբան Ատելլիո Կրեսպին:
Նվարդ Զարյան
Նվարդի աշխատանքներում կնոջ, մոր կերպարը գերակշռող է, նա հիանում է մայրության, շարունակության գաղափարնեով: Հավատարիմ էր անցյալին, ընտանիքի պատմությանը, իր արմատներին: Հայրենիքի մասին այսպես է ասել. «Հայրենիքի իրականությունը շատ շքեղ է, քան ես պատկերացնում էի: Տարբեր երկրների քարերի վրա եմ աշխատել, բայց հայրենիքի քարը արվեստագետից այլ հմտություններ է պահանջում»:
Նվարդ Զարյանը աշխատելիս
«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգին է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք, տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի այնտեղ, չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թող օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է»: Այսպիսի խոսքեր ասող հոր ընտանիքում մեծացած արվեստագետը դժվար թե օտար լիներ հայրենիքի գաղափարին: Թեկուզ Նվարդն ապրում էր Իտալիայում, սակայն նա հայկական քարից քանդակներ ստեղծեց և շատ աշխատանքներ նվիրաբերեց հայրենիքին:
Կոստան Զարյան
1964 թվականին Երևանում բացվում է Նվարդի անհատական, անդրանիկ ցուցահանդեսը: Այդ ժամանակ նրա հետ էր հայրը և եղբայրը, ով ճարատարապետ էր և ապրում էր Երևանում / հետևել էր հոր խորհրդին/:
Ցուցադրված աշխատանքներից 25-ը՝ Նվարդը նվիրում է Հայաստանի ազգային պատկերասրահին:
Նվարդ Զարյանի ցուցահանդեսը Երևանում
Հաջորդ այցելությունը 1970 թվականին էր: Այս անգամ հայրը չկար, նա մահացել էր 1969-ին: Նվարդը գալիս էր արյան կանչով և հավատացած էր, որ մի օր իր աշխատանքները կզարդարեն մայրաքաղաքի որևէ պողոտա, քանի որ իշխանությունները խոստացել էին: Սակայն անտարբերները հոդս ցնդեցրին բոլոր խոստումները…
Նվարդ Զարյան
Ի դեպ նվարդի եղբայր Արմեն Զարյանը հայտնի և տաղանդավոր ճարտարապետ էր, տեսաբան-գիտնական: Նա ծնվել է Պոլսում: Միջնակարգ կրթություն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, հետո ուսումը շարունակել Հռոմում։ Սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում: Մարոկկոյում տարիներ աշխատելուց հետո վերադառնում է Հռոմ, այնուհետ՝ Հայաստան / 1963թ./:
Հայաստանում նախագծում է բազմաթիվ բնակելի շենքեր և հասարակական նշանակության շինություններ՝ Թամանյան փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծը, գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծը, Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծը և այլն: Թողնելով իրապես ապահով կյանքը և ստեղծագործելու լայն հնարավորություններն՝ Արմեն Զարյանն ապրեց հայրենիքում և թողեց իր մասնագիտական վառ հետքը:
Արմեն Զարյան
Նվարդ Զարյանի վերջին ցուցահանդեսը բացվեց 1996 թվականին, Հռոմից ոչ հեռու գտնվող՝ Սանտա Մարինելլա փոքրիկ քաղաքում: Ծովափնյա այդ քաղաքում էր գտնվում Նվարդի գեղեցիկ առանձնատունը: Այստեղ ապրեց մինչև իր մայրամուտը /2005 թ./:
Նվարդն անդավական է եղել ռեալիստական արվեստի ավանդույթներին, միաժամանակ ժամանակակից արվեստագետ էր: Նրա գործերում իշխող կնոջ կերպարը, հույսի, սպասման, հոգնության գաղափարններն այնքան կենսունակ և ոգևորող են, որ ժամանկը դրանք ավելի տեսանելի և հնչեղ է դարձնում:
Հանիրավի մոռացություն, անտարբերություն, թե պարզապես ճակատագրի դիպված…միևնույն է՝ Նվարդի արվեստը չի
մոռացվել ու չի ընդհատվի նրա ընթացքը:
Նվարդ Զարյանի քանդակները
Լուսանկարները՝ վիքիպեդիա և Հայաստանի Ազգային պատկերասրահ
Նյութի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան