Loading Events

« All Events

  • This event has passed.

Շտուտգարտի միջազգային անիմացիոն կինոփառատոն․ Նանե Պետրոսյանի անդրադարձը

08/06/2020

Թեպետ աշխարհը դեռ շարունակում է ինքնամեկուսացման մեջ մնալ, դա, սակայն, չի նշանակում,  որ մենք պետք է հրաժարվենք հաղորդակցվել արվեստի հետ։ Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ մշակույթը թվային հարթակում հասանելի մնալու նորարարական ճանապարհներ է գտնում։ «Գյոթե կենտրոնն» իր գործընկերների հետ շարունակում է իր լսարանին ներկայացնել մեր օնլայն միջոցառումներից հերթականը։ Այս շարքը նվիրված է գերմանական կինոփառատոններին և դրանց մասին գրախոսականներին։

«Գյոթե կենտրոնն» ու գործընկեր «ՌեԱնիմանիա» փառատոնն  անցյալ տարվա աշնանը կազմակերպել էին սկսնակ կինոքննադատների և երիտասարդ լրագրողների համար նախատեսված աշխատարան, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, որոնք հոդվածներ և վերլուծություններ են գրում մանիմացիոն ֆիլմերի մասին: Աշխատարանը վարում էր գերմանացի մասնագետ Կլաուս Լոզերը։

Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը գրախոսականներ գրելու համար:  Աշխատարանի ավարտին ընտրված 2 հաղթողները 2020թ․ մայիսին մասնակցել են  Շտուտգարտում կայացած անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS) և այժմ ներկայացնում են իրենց գրախոսականները։ Ստորև Նանե Պետրոսյանի անդրադարձը։

Ես սկսեցի լրջորեն հետաքրքրվել ֆիլմերով, երբ առաջին անգամ նայեցի Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմը։ Այդ ժամանակ այսպես ասած Ստենդալի սինդրոմ էր դրսևորվում ինձ մոտ․ եթե անգամ ֆիլմն իր ամբողջ խորությամբ չէի կարող ընկալել, միևնույն է, էկրանից հեռանալ էլ չէր ստացվում, որովհետև իրական արվեստի շունչը միանգամից զգացվում է։ Ֆիլմերի ուսումնասիրությունը մոտեցրեց անիմացիային, և ես հիշեցի, որ «Դիսենեյի»-ի և «Գիբլի» ստուդիայի անիմացիոն ֆիլմերը իմ մանկության մի մասն են եղել։ Հետո ես տեսա «ՌեԱնիմանիա»-ի դասընթացը և որոշեցի մասնակցել ու կինոքննադատի և այլ մարդկանց հետ քննարկել անիմացիոն ֆիլմերը, սովորել ու փորձել ուժերս գրախոսության ոլորտում։

Շտուտգարտ 2020

Շտուտգարտի անիմացիոն ֆիլմերի 27-րդ փառատոնը այս տարի անիմացիոն հանրույթին համախմբել էր օնլայն հարթակում։ Covid-19-ով պայմանավորված՝ անիմացիոն ֆիլմերը տեղափոխվել էին մեր համակարգիչների էկրաններին՝ այդպիսով մեր ընտրությանը թողնելով ֆիլմերի դիտման ժամն ու հաճախականությունը։ Ավելի քան 250 ֆիլմ էր մրցակցում տարբեր անվանակարգերում հաղթելու համար, սակայն մինչ մրցանակակիր ֆիլմերին անդրադառնալը հարկավոր է ընդգծել անիմացիոն ֆիլմերի թեմատիկ և տեխնիկական բազմազանությունը։ Դիտելով 2018-2019թթ․ ստեղծված անիմացիոն ֆիլմերը՝ կարելի պատկերացում կազմել, թե աշխարհի բնակչությունն ինչով է մտահոգված, ինչ հարցեր, թեմաներ են հուզում կամ հետաքրքրում տարբեր երկրների քաղաքացիներին կամ այլ կերպ ասած՝ ինչի շուրջ է մտորում աշխարհի ստեղծագործ համայնքը։ Այսպես անիմացիան կարող է վավերագրել պատմության մաս դարձող մարդկանց, ինչպես, օրինակ, ճապոնական կարճամետրաժ Obon ֆիլմում ռեժիսորը ներկայացնում էր Հիրոսիմայի ռմբակոծումից հետո դեռևս կենդանի միակ կնոջ պատմությունը։ Աղետը աղջկա և հոր հարաբերություններում քնքշություն, հոգատարություն էր մտցրել։ Այն, ինչ երբեք հայրը ցույց չէր տվել, այժմ տեսանելի էր դարձրել դստեր համար, և աղջնակն առաջին անգամ արձանագրել էր, որ այդ մարդը իր հայրն է, որը ողբերգությունից հետո հոգատար է դարձել։

Մեկ այլ ֆիլմում՝ Iktamuli-ում, ռեժիսոր-մայրը, որ հոգնել էր հետաքրքրասեր հայացքներից, աշխարհին որդու մասին պատմելու միջոցով փորձում է հաղթահարել իր երեխայի տարբեր լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ ֆիլմում հնչում է հետևյալ միտքը․ «Ես ուզում եմ, որ իմ երեխային ուզենամ այնպիսին, ինչպիսին որ նա կա»։

Նույնիսկ մահվան թեման կարող է անիմացիոն ֆիլմի նյութ դառնալ ինչպես Me and my Magnet and my Dead Friend ֆիլմում է։ Այն պատմում է ընկերոջը վաղ տարիքում կորցրած երեխայի ապրումների, վաղ հասակում մահվան ընկալման մասին։

Deep love ֆիլմում ուկրաինական իրականությունն է՝ իր շերտավորումներով, որը ռեժիսորը հաջողությամբ ցույց է տալիս տարբեր սիմվոլների միջոցով։ Psiconautas. The Forgotten Children լիամետրաժ անիմացիոն ֆիլմում հերոսները փորձում են հաղթահարել իրենց «ես»-ը, փորձում են փախչել աղբանոցից, որ այլևս այդտեղ չփնտրեն իրենց ապագան։ Փախուստն անորոշություն տանող ճանապարհն է, որ կամ ազատության կտանի կամ էլ՝ կորուստների։

Իսկ Zero Impunity լիամետրաժ ֆիլմում միավորվում են հետաքննական լրագրությունն ու անիմացիան, որը հնարավորություն է տալիս բռնաբարության նման նուրբ թեման պատկերել էսթետիկ անիմացիայի միջոցով։ Սա հնարավորություն է տալիս չբացահայտել պատմողի ինքնությունը, բայց օգտագործել նրա իրական ձայնը, լսելի դարձնել պատմությունը հենց առաջին դեմքից։

Անիմացիոն ֆիլմերը մրցակցում էին հետևյալ հիմնական անվանակարգերում․ GRAND PRIX, Lotte Reiniger Promotion Award for Animated Film, Tricks for Kids, Young Animation, SWR OnlineFilm Audience Award, The FANtastic Award, Trickstar Nature Award և AniMovie։

GRAND PRIX  անվանակարգում հաղթեց Acid Rain ֆիլմը, որի գունային ու երաժշտական մթնոլորտը միանգամից տպավորվում են դիտողի հիշողության մեջ։ Պատմություն փախուստի, փոխակերպման ու ընտրություն կատարելու մասին, այն մասին, թե արդյոք տեղը, որտեղ ձգտում ենք հայտնվել, ավելի արժեքավոր վայր է, քան այն, որից փախչում ենք։ Արդյոք այն, ինչի կարիքն այս պահին մենք ունենք, հաջորդ քայլին էլ է դեռ անհրաժեշտ լինելու:

Lotte Reiniger Promotion Award for Animated Film անվանակարգում հաղթեց Bath house of Whales (Mizuki Kiyama) ֆիլմը, որում մենք երեխայի աչքերով ականատես ենք լինում ընդհանուր բաղնիքի տեսարանի։ Թե ինչ տպավորություններ է ունենում երեխան մեծերի համար սովորական դարձած արարողությունից։

Tricks for Kids  անվանակարգում հաղթեց My Life in Versailles (Lionel Massol, Pauline Seigland) ֆիլմը, որտեղ հեղինակը պատմում է, թե ծնողներին կորցնելուց հետո ինչպես է աղջնակը հարմարվում կյանքի նոր պայմաններին, և թե ինչպես հանգամանքները կարող են միավորել ու երկկողմանի փոփոխությունների հանգեցնել թե՛ քեռու, թե՛ աղջկա կյանքում։ Երկրորդ պլանում խոսվում է նաև մարդկային հարաբերությունների վրա հասարակության սահմանած արգելքների ազդեցության մասին։ Այն, թե ինչպես սովորական աշխատանքը կարող է ամոթալի թվալ սոցիալական դիրքի պատճառով։

Young Animation  անվանակարգում հաղթեց Daughter (Daria Kashcheeva) ֆիլմը, որն առանձնանում էր ոչ միայն տեխնիկական լուծումների առումով, այլև պատմություն պատմելու ձևով․ մասնավորապես փոքրիկ դեպքի շուրջ հյուսել ամբողջ պատմությունը և միախառնել անցյալն ու ներկան, որն այս պահի համար լուծում կառաջարկի։

Trickstar Nature Award անվանակարգում հաղթեց Northern Lights (Caroline Attia) ֆիլմը, որը երկխոսում է մեզ հետ բնության ու մարդու կապի մասին, առհասարակ չվնասելու սկզբունքի կարևորության մասին։ Բնությունը երբեք չարակամ չէ մարդու նկատմամբ, և այս ուղերձը մեզ է հասնում թոռնուհու և պապիկի հարաբերությունների միջոցով։ Ֆիլմերը, որոնց մասին խոսեցինք, ընդամենը մի փոքր մասն են ամեն տարի ընդլայնվող անիմացիոն աշխարհի։ Փառատոնային ցանկն այնքան մեծ է, որ տարբերի ճաշակի և տարիքային խմբի լսարաններ կարող են իրենց համար հետաքրքիր ֆիլմեր գտնել։

Details

Date:
08/06/2020