
- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. Առցանց ցուցահանդես
17/07/2020 @ 16:00 - 20/07/2020 @ 18:00
Event Navigation

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան (1922-2005), նկարչուհի
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը և Ֆրիդա Կալոն
Հայազգի Ֆրիդա Կալոն ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում: Եղել է գեղանկարիչներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի քույրը: Հայրը նրան Լավինիա է անվանել` իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին: 1935թ. ժամանել է Երևան: 1941-44թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1951թ. ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը։
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան
Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։ Ստեղծել է դիմանկարներ` «Ինքնանկար Ս.Ժիլինսկայայի հետ» (1965թ.), «Ռեժիսոր Մարատ Վարժապետյանը» (1973թ.), «Ինքնանկար» (1979թ.), «Զուլեյկայի դիմանկարը» (1987թ.), «Արշակ» (2003թ.), բնանկարներ` «Ժայռեր» (1976թ.), նատյուրմորտներ` «Նատյուրմորտ արձանիկով» (1965թ.), «Նատյուրմորտ» (1972թ.), «Նատյուրմորտ Վեներայի դիմակով» (2000թ.), խորհրդանշական պատկերներ` «Հրեշտակ» (1998թ.), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը։ 1962թ. Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1981թ.` ժողովրդական նկարչի կոչման:
Ընտանեկան լուսանկարներ
Նկարչուհու դուստրը՝ Մարիամ Սուխանովան , բնակվում է Հայաստանից դուրս ՝ Հունաստանում , ով նույնպես նկարչուհի է։ Ոչ այնքան զարմանալիորեն Մարիամի դուստրը նույնպես նկարչուհի է ։
Անգնահատելի է Լավինիայի վաստակը դիմանկարի ժանրում: Նա կարեւորում է թե՛ կերպարների արտաքին նմանությունը, թե՛ մարդկային հատկությունները, թե՛ բնավորության ճշմարտացիությունը: Լավինիայի դիմանկարները ռեալիստական են: Նկարչուհին, պարտադիր պայման համարելով նմանությունը, նշել է. «Եթե նման չէ, նշանակում է, չեմ սիրել բնորդին»:
Լավինիայի դիմանկարները բնորոշվում են պատկերվողին հատուկ արտաքին հատկանիշների պահպանմամբ ։ Տաք գույներով հագեցած Լավինիայի դիմանկարներում կա ներքին շարժունություն: Ինչպես իրավացիորեն նկատել է Շ. Խաչատրյանը. «Լավինիայի հերոսները կամ ուրախ են, կամ տխուր, բայց բնավ երբեք քարացած, անարյուն»:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները կարելի է բաժանել չորս խմբի՝ ա) արվեստագետ-ընկերների դիմանկարներ, բ) հարազատների դիմանկարներ, գ) ինքնադիմանկարներ, դ) հողի աշխատավոր մարդկանց՝ գյուղացիների դիմանկարներ:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Զուլեյկայի դիմանկարը», 1971 թ,
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Մարտիրոս Սարյանի դիմանկարը», 1972 թ.
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Մինաս Ավետիսյանի դիմանկարը», 1965
Բացառիկ են Լ. Բաժբեուկ-Մելիքյանի ինքնադիմանկարները` ներկայացված տարբեր իրավիճակներում: Երիտասարդ հասակից մինչեւ խոր ծերություն նա ինքնադիմանկարներ է կատարել: Առաջին ինքնանկարն ստեղծել է 1943-ին՝ 21 տարեկանում: Ինքնանկարներում նա վերարտադրել է իր տրամադրությունները, արտահայտել սեփական զգացմունքները: Գրեթե ամենուր նկարչուհին իրեն կերպարանավորում է նույն՝ խստադեմ հայացքով:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, ինքնադիմանկար, 1983 թ.
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, ինքնադիմանկար, 1978 թ.
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, ինքնադիմանկար, 1979 թ.
2003 թ. օգոստոսին «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը՝ գողացան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները, որը երբեք չբացահայտվեց։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ և մահկանացուն կնքեց 2005 թվականին:
2003 թվականից մինչեւ 2013 թվականը ոչ ոք չկարողացավ պարզել, թե Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որ նկարներ են թալանվել, միայն նշում են` 21 նկար:
Վերջերս պատահաբար լսեցի Լավրինայի մասին, ում տունը գտնվում է իմ տանից մի քանի մետր այն կողմ։ Որոշեցի անպայման հետաքրքրվել ու իմանալ ով է։ Ինձ շատ զարմացրեց Լավրինայի և իմ նմանությունը ։ Միանգամից աչքի ընկան հատկապես նրա ինքնանկարները , որոնք ինձ միանագամից Ֆրիդա Կալոյին հիշեցրին ՝ով ինձ համար կնոջ իդեալներից մեկն է։ Ինձ գրավեց նաև նրա սերը մուգ գույների հանդեպ։ Սակայն ամենատպավորիչը Լավրինայի կյանքի պատմությունն էր ՝ հատկապես նրա կյանքի վերջին տարիները։ Կարծում եմ Լավրինան այն հայ կանանցից մեկն է , ով մոռացության է մատնվել ժամանակի ընթացքում, բայց ում մասին կարելի է երկար խոսել հավերժ։
Լուսանկարները՝ Wikipedia, matyan.am և arvestagir.am
Նյութի հեղինակ՝ Տաթև Ավետիսյան