Loading Events

« All Events

  • This event has passed.

Շտուտգարտի միջազգային անիմացիոն կինոփառատոն․ Դավիթ Մանուկյանի անդրադարձը

22/05/2020 - 30/05/2020

Թեպետ աշխարհը դեռ շարունակում է ինքնամեկուսացման մեջ մնալ, դա, սակայն, չի նշանակում,  որ մենք պետք է հրաժարվենք հաղորդակցվել արվեստի հետ։ Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ մշակույթը թվային հարթակում հասանելի մնալու նորարարական ճանապարհներ է գտնում։ «Գյոթե կենտրոնն» իր գործընկերների հետ շարունակում է իր լսարանին ներկայացնել մեր օնլայն միջոցառումներից հերթականը։ Այս շարքը նվիրված է գերմանական կինոփառատոններին և դրանց մասին գրախոսականներին։

«Գյոթե կենտրոնն» ու գործընկեր «ՌեԱնիմանիա» փառատոնն  անցյալ տարվա աշնանը կազմակերպել էին սկսնակ կինոքննադատների և երիտասարդ լրագրողների համար նախատեսված աշխատարան, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, որոնք հոդվածներ և վերլուծություններ են գրում մանիմացիոն ֆիլմերի մասին: Աշխատարանը վարում էր գերմանացի մասնագետ Կլաուս Լոզերը։

Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը գրախոսականներ գրելու համար:  Աշխատարանի ավարտին ընտրված 2 հաղթողները 2020թ․ մայիսին մասնակցել են  Շտուտգարտում կայացած անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS) և այժմ ներկայացնում են իրենց գրախոսականները։ Ստորև Դավիթ Մանուկյանի անդրադարձը։

Ես Դավիթ Մանուկյանն եմ, սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Իրապես գնահատում եմ կինոարվեստի դերն ու նշանակությունը: Կինոն միշտ կարևոր դեր է խաղացել իմ կյանքում,և ես միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ մոտ լինել կինոինդուստրիային։ Մասնակցելով ՌեԱնիմանիային՝ ինձ հնարավորություն տրվեց ավելի մոտենալ կինոարտադրությանը և հասկանալ շատ և շատ նրբություններ՝ կապված թե՛ անիմացիոն ֆիլմերի, թե՛ գեղարվեստական ֆիլմերի հետ։ Իմ մասնակցության և հաղթանակի համար ես շնորհակալ եմ Away և Flut անիմացիոն ֆիլմերին։ ՌեԱնիմանիան և ITFS-ն ինձ տվեցին անչափ կարևոր դասեր և պարգևեցին անգնահատելի վայրկյաններ։ Այս փառատոնները ևս հանդիսացան պատճառ և միջոց՝ հիմնավորելու կինոարտադրության հանդեպ ունեցած սերը:

Internationales Trickfilm-Festival Stuttgart (ITFS)-ը յուրահատուկ փառատոն է ներկայումս անիմացիայի ոլորտում աշխատողների համար․ այս փառատոնը մեծ հնարավորություն է տրամադրում երիտասարդ ռեժիսորներին և անիմատորներին աշխարհին ցույց տալ իրենց անիմացիոն ֆիլմերը և այդ ֆիլմերի շնորհիվ հնչեցնելու իրենց համար կարևոր գաղափարները և խնդիրները։ ITFS-ը ազատ գոտի է ստեղծագործ անձանց համար։ Բովանդակային կողմից զատ՝ այս փառատոնի ընթացքում անիմատորները ներկայացնում են անիմացիայի բազում տեխնիկական հնարքներ, որոնց շնորհիվ ստեղծվում են հետաքրքիր շատ ֆիլմեր, և այդ տեխնիկական զանազանությունը նույնպես հանդիսանում է փառատոնի այցեքարտերից մեկը։ Դրանք էլ ավելի հետաքրքիր են դարձնում ֆիլմերի դիտման ընթացքը և ունակ են զարմացնել նույնիսկ ամենափորձառու հանդիսատեսին:

Փառատոնի սիրտը հանդիսացող մրցութային ծրագրերից մեկն է Internationaler Wettbewerb-ը, որի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ամբողջ աշխարհից։ Բոլոր ֆիլմերն ունեն իրենց յուրահատուկ ոճը, անհնար է անտարբեր անցնել այդ ֆիլմերի կողքով։ Ֆիլմերը տարբեր են, և ամեն մեկի տեխնիկան զարմացնում է իր ունիկալությամբ՝  դասական 2D անիմացիայից մինչ բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ զարմանալի պլաստիլինային անիմացիա։ Նմանատիպ ֆիլմերը ստիպում են էլ ավելի սիրել անիմացիան և հասկանալ անիմացիայի նպատակները: Բովանդակային և անիմացիոն տեխնիկայի առումով այս տարվա ամենատպավորիչ ֆիլմերից են Կասպար Յանսիսի Kosmonaut-ը, Միզուկի Կիյամայի Kujiranoyu-ն, Գիսլի Դարրի Հալլրորսսոնի Já-Fólkið-ն, Ֆրեդերիկ Եվենի և Լուի Մերքադլերի Sororelle-ն, Դելֆինե Փրիթ Մահեոյի Domus-ը, Նադյա Անդրասևի Symbiosis-ը, Տոմեկ Պոպակուլի Acid Rain-ը, Կոնստանտին Բրոնզիտի On ne mozhet zhit bez kosmosa-ն,Դարիք Կաշյեեվայի Dcera-ն, Հյուգո Ֆրասսետտոյի և Սոֆի Տավե Մասիանը Traces-ը։

Հաջորդ AniMovie ծրագիրը նվիրված է լիամետրաժ անիմացիոն ֆիլմերին, որոնք նույնպես ներկայացված են տարբեր երկրներից և տարբեր անիմացիոն տեխնիկաների շնորհիվ։ Ֆիլմերից յուրաքանչյուրը անխոս կգտնի իր հանդիսատեսին. այստեղ կան թե՛ ուսուցողական և գեղեցիկ պատմություններ պատմություններ (Էդուարդո Ռիվերոյի A Costume for Nicolas-ը, Անկա Դեմիանի L’Extraordinaire Voyage de Marona-ն), , թե՛ պատմություններ, որոնք նախատեսված են մեծահասակ հանդիսատեսի համար, որոնք իրենց մեջ նաև պարունակում են կարևոր ուղերձ (Նիկոլաս և Ստեֆան Բլիսերի Zero Impunity-ն): Մանուկների համար նաև հատկացված է հատուկ Tricks for Kids բաժինը, որտեղ ներկայացված են լավագույն անիմացիոն ֆիլմերը. պատմվում են զվարճալի և հետաքրքիր պատմություններ կրտսեր սերնդի համար, որոնք անխոս կսովորեցնեն լավագույնը փոքրիկներին և կպարգևեն անմոռանալի էմոցիաներ։

Անպայման պետք է նշել նաև Panorama շարքի ֆիլմերը, քանի որ այդ ֆիլմերում մեծամասամբ օգտագործվում է անիմացիայի նորագույն տեխնիկան, և նմանատիպ ֆիլմերի շնորհիվ անիմատորները սկսում են օրեցօր նոր տեխնիկա օգտագործել և զարգացնել անիմացիոն ժանրը: Այս շարքի ֆիլմերում են առավելագույնը երևում ստեղծագործական ազատությունը, սոցիալական քննադատությունները սատիրայի տեսքով և իրեն նմանը չունեցող կոնցեպտները։

Բացի մրցութային ֆիլմերից փառատոնի շրջանակներում ցուցադրվում են նաև անիմացիայի աշխարհում սիրված և կայացած պրոյեկտներ (Ադամ Էլիոթի Mary & Max-ը, Ռոջեր Մեյնվուդի Ethel and Ernest-ը և այլք): Նմանատիպ նախագծերը արդեն իսկ հանդիսանում են հրաշալի անիմացիոն ֆիլմերի վառ օրինակներ և ներկայումս աշխատող երիտասարդ անիմատորների համար ոգեշնչման աղբյուր։

ITFS-ի տված ազատության և նորամուծությունների հանդեպ սիրո շնորհիվ, ամեն տարի այս փառատոնը ստանում է շատ հետաքրքիր ու չկրկնվող ֆիլմեր, և այս տարին բացառություն չե։ Նմանատիպ փառատոնների շնորհիվ հեղինակային անիմացիան միշտ կունենա իր տեղը և կգտնի իր հանդիսատեսին։

Details

Start:
22/05/2020
End:
30/05/2020