- This event has passed.
Կինոդիտում՝ Սուտասան Յակոբը
01/12/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation
«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոարվեստին։ Սա այս ֆիլմերը դիտելու և քննարկելու բացառիկ հնարավորություն է, քանի որ դրանց մեծ մասը համացանցում չեք գտնի՝ ինչքան էլ մանրակրկիտ որոնեք։
Ռեժիսոր Ֆրանկ Բայերի «Սուտասան Յակոբը» (1975) արևելագերմանական կինոյի պատմության միակ ֆիլմն է, որն առաջադրվել է «Օսկարի»՝ որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ։ Բացի այդ՝ սա արևելագերմանական առաջին կինոնկարն է, որն ընդգրկվել է Բեռլինի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ գլխավոր դերակատար Վլաստիմիլ Բրոդսկին արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին՝ որպես Լավագույն դերասան։
Գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում։ Հրեա Յակոբը, պատահաբար գիշերը հայտնվելով ճամբարի պետերի գրասենյակում, ռադիոյով լսում է, որ Կարմիր բանակը մոտենում է։ Հուսադրող լուրերով կիսվելով իր ճամբարակիցների հետ՝ Յակոբը խաբում է, որ իր սեփական ռադիոն ունի, քանի որ ոչ ոք չէր հավատա, որ նա պետերի սենյակում է եղել ու ողջ մնացել, այլ միանգամից կմտածեին, որ նացիստների հետ է համագործացկում։ Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս․ ճամբարում ռադիո ունենալը մահով պատժվող հանցանք է․․․ Միակ հույսն այն է, որ Կարմիր բանակն ավելի շուտ կգա, քան նացիստների ականջին կհասնի իր սուտը։