- This event has passed.
Հոգևոր ճարտարապետության պատմական զարգացումները: Բյոմերը. Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակի առթիվ․ առցանց ցուցահանդես 07.04-17.05.2020
07/04/2020 @ 10:00 - 17/05/2020 @ 17:00
Event Navigation
Սիրելի ընկերներ, գործընկերներ և մեր կայքի հյուրեր,
Կորոնավիրուսի տարածումն ազդում է նաև ողջ աշխարհի մշակութային կյանքի վրա՝ կանգնեցնելով մեզ նոր մարտահրավերների առաջ: Ներկայիս պանդեմիայի պատճառով կանգ են առել մեր բազմաթիվ նախագծերը, որոնց թվում է նաև Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը պետք է կայանար Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան – ինստիտուտում:
Սակայն այս անորոշ և դժվար ժամանակաշրջանում մենք չենք պատրաստվում հուսահատվել, փոխարենը կփորձենք Ձեզ հետ միասին լավագույն լուծումներ փնտրել: Այս նոր, թվայնացված իրականության պայմաններում մենք ապրիլի 7-ից 17-ը մեր կայքերում Ձեզ կներկայացնենք ցուցահանդեսից մի հատված՝ հայերեն և գերմաներեն լեզուներով:
Ցուցահանդեսն ինքնին բաղկացած էր Բյոմերի ճարտարապետական ընտանիքի մոտ 25 շինությունների լուսանկարներից, որոնք պետք է ներկայացվեին այցելուներին առանց ժամանակագրական հերթականության:
Սակայն մեր օնլայն/հեռահար ցուցադրությունը նվիրված կլինի Բյոմերի միայն եկեղեցական շինություններին: Յուրաքանչյուր կառույց (եկեղեցի) և դրա վերաբերյալ տեղեկությունները 3 օր շարունակ հասանելի կլինեն բոլորին մեր կայքերում: Այս ընտրանու ոգեշնչման աղբյուրը Գոթֆրիդ Բյոմի հրաշալի վիտրաժներն են:
Հույս ունենք, որ ցուցահանդեսի այս նոր ձևաչափը հաջողություն կունենա և մեծ հետաքրքրության կարժանանա մեր այցելուների կողմից:
Իհարկե սիրով կսպասենք Ձեր հավանությանը և մեկնաբանություններին:
Մեր ցուցահանդեսը ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանում անպայման դեռ կցուցադրվի, երբ կկարգավորվի այս բարդ իրավիճակը և մարդիկ կսկսենք նորից ճամփորդել ու ապրել հետաքրքիր մշակութային կյանքով:
Հարգանքներով՝
Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի
Հոգևոր ճարտարապետության պատմական զարգացումները
Բյոմերը. Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակի առթիվ
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան – ինստիտուտը 2020 թվականին ուղևորվում է հերթական հետաքրքիր ճամփորդության: Անվանի ճարտարապետ Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակի կապակցությամբ թանգարանում կբացվի ցուցահանդես, որը հանդիսատեսին հնարավորություն կտա նրա որդիներ Շտեֆանի, Պետերի և Պաուլի հետ միասին բացահայտել վարպետի ճարտարապետական և ինտելեկտուալ աշխարհը:
Բյոմերի նախագծերը միշտ կապված են մեծ արագությամբ փոփոխվող հասարակության մեջ մարդու տեղակայման թեմայի հետ, ինչը, անշուշտ, Հայաստանի համար նույնպես շատ արդիական թեմա է:
Ցուցահանդեսի էպիկենտրոնում գերմանացի ճարտարապետ, «Պրիցկերի» մրցանակակիր Գոթֆրիդ Բյոմն է, որը 2020 թվականի հունվարի 23-ին դարձավ 100 տարեկան: Լինելով ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ և դիզայներ՝ Գոթֆրիդ Բյոմը համարվում է 20-րդ դարի ամենաբազմակողմանի արվեստագետներից մեկը:
Արվեստի այս ամենատարբեր ձևերը միավորում են Բյոմի տեսլականը ապագայի վերաբերյալ, որտեղ ժամանակակից մարդն ուզում է ապրել ներդաշնակ՝ ճարտարապետության, հասարակական փոփոխությունների և միաժամանակ նաև ինքն իր հետ: Այս տեսանկյունից դիտարկելով՝ արդյո՞ք հոգևորականությունը շարունակում է հանդիսանալ մեր առօրյա կյանքի էական մաս:
Հեռահար ցուցահանդեսը կներկայացնի Բյոմ ընտանիքի հետաքրքիր շինություններից 12-ը՝ առանց ժամանակագրական հերթականության: Հիմնական շեշտը կդրվի Բյոմ ընտանիքի հոգևոր ճարտարապետության վրա՝ 11 եկեղեցի և 1 մզկիթ, այդ թվում նաև ամենաավագ Բյոմի՝ Դոմինիկուս Բյոմի շինությունները: Ցուցադրությունը գրեթե ամբողջովին նվիրված է ճարտարապետության և արվեստի մեջ հոգևորականության թեմային, որը կարմիր թելի նման անցնում է ողջ այս ժամանակահատվածով:
Եվ իհարկե ուզում ենք այստեղ հատկապես շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս հեռահար նախագծի իրականացման շուրջ: Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր ճարտարապետներին, արվեստագետներին, լուսանկարիչներին, հեղինակներին և թարգմանիչներին՝ նրանց նվիրումի և խանդավառության համար:
Ցուցահանդեսի համադրող՝
Իրինա Կուրտիշվիլի
Մեր ծրագիրը՝
1. Ապրիլի 7-9, Քյոլնի Կոլումբա մատուռ, ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1949-1956թթ․
2. Ապրիլի 10-13, Քյոլն Լինդենթալի Հարության կաթոլիկ եկեղեցի, ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1967-1970 թթ.
3. Ապրիլի 14-16, Սբ․ Ուրսուլայի նախկին ծխական եկեղեցի, ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1954-1956թթ․
4. Ապրիլի 17-19, Քյոլն Նիփեսի Սբ. Գերտրուդ կաթոլիկ եկեղեցի, ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1961-1965 թթ.
5. Ապրիլի 20-22, Մյոնխենգլադբախ-Դահլի Սբ․ Կամիլուսի կաթոլիկ եկեղեցի, ճարտարապետ՝ Դոմինիկուս Բյոմ, 1929-1931թթ․
6. Ապրիլի 23-26, Քյոլն Ռիլի Սբ․ Էնգելբերտ կաթոլիկ եկեղեցի, ճարտարապետ՝ Դոմինիկուս Բյոմ, 1930-1932թթ․
7. Ապրիլի 27-29, Քյոլն-Հոհենլինդի Սբ․ Եղիսաբեթ հիվանդանոցի եկեղեցի, ճարտարապետ՝ Դոմինիկուս Բյոմ, 1928-1932թթ․
8. Ապրիլի 30-մայիսի 3, Վերնեի Սբ. Քրիստափորի Խորան, ճարտարապետ՝ Շտեֆան Բյոմ, 1944-1999 թթ.
9. Մայիսի 4-6, Հոհենշթայն Էրնսթթալի Սբ. Պիոս X կաթոլիկ ծխական եկեղեցի, ճարտարապետ՝ Պետեր Բյոմ, 1998 թ.
10. Մայիսի 7-10, Քյոլն Վինգսթի Սբ․ Թեոդորոս կաթոլիկ ծխական եկեղեցու նոր շենքը, ճարտարապետ՝ Պաուլ Բյոմ, 2002 թ.
11. Մայիսի 11-13, Քյոլն Էրենֆելդի իսլամական մշակութային կենտրոն, ճարտարապետ՝ Պաուլ Բյոմ, 2006-2011 թթ.
12. Մայիսի 14-17, Ֆելբերտ-Նևիգեսի Սբ․ Մարիամ Աստվածածնի եկեղեցի, ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1963-1968թթ․