Համմերկլավիր. Լյուդվիգ վան-ին փնտրելիս (Բեթհովեն 250)

Այսպիսի մի երազ տեսա: Մահացած հայրս եկավ ինձ մոտ:
«Դե ասա», – ասում եմ, – «ո՞նց է: Բեթհովենին հանդիպեցի՞ր»:
Նա մռայլվում է՝ ափսոսանքով ու գարշանքով թափահարելով գլուխը.
«Օ-լա-լա: Սոսկալի հանդիպում էր»:
(Յասմինա Ռեզա – ՀԱՄՄԵՐԿԼԱՎԻՐ)
______
Աշխարհը աչքներիս առջև փոխվում է: Ժամանակ կպահանջվի գիտակցել այն ամենը, ինչ կատարվում է այժմ: Իսկ հիմա խորհելու ժամանակ է, մտածելու այն կարևոր բաների մասին, որոնց անդրադառնալու համար, առօրյա վազվզուքի մեջ միշտ չէ, որ ժամանակ ենք տրամադրել: Այժմ ճիշտ ժամանակն է խոսել մեր ներքնանիստ, գաղափարական փոխակերպումների մասին:
«ՀԱՄՄԵՐԿԼԱՎԻՐ – Լյուդվիգ վան -ին փնտրելիս» նախագիծը անդրադառնալու է հենց այդ խնդիրներին՝ կենտրոնում ունենալով Լյուդվիգ վան Բեթհովենի 250-րդ հոբելյանը, մի մարդ, որ խորապես նվիրված էր մարդկային արժեքներին:
Ավելի քան երկու հարյուրամյակ կատարելու և ուսումնասիրելու արդյունքում համարվում է, որ մենք ամեն ինչ գիտենք այս հանճարի ստեղծագործության մասին: Սակայն, ակհայտ է, որ դա այդպես չէ: Չնայած այն բանին, որ Բեթհովենը 400-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, մենք նորից ու նորից լսում ենք ոչ ավել, քան յոթ տասնյակ գործերի կենդանի և ձայնագրված կատարումներ: Այս նախագիծը առաջարկում է լսել ուրիշ, անծանոթ Բեթհովենին, վերգտնել այս հանճարին` նրա WoO (Werke ohne Opus/Ստեղծագործություններ առանց օպուսի) ստեղծագործությունների միջոցով: Սրանք գործեր են, որ Բեթհովենը գրել է, ասես, իր համար, ու չի էլ համարակալել:
Նախագծի մեջ ներգրավված մյուս հեղինակը հայտնի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզան է՝ իր «Համմերկլավիր» նովելով, որ կօգնի մեզ՝ գտնել մեր «մարդկայնության» ճիշտ արահետ(ներ)ը: Ռեզայի «Համմերկլավիրը» 44 ինքնակենսագրական փոքրիկ էսսեների մի հավաքածու է, որոնք շոշափում են սիրո, կյանքի, մահվան, երաժշտության, կորստի ու ժամանակի թեմաները: Անցողիկ պահերը, իրադարձությունները, ձայներն ու զգացմունքներ ներկայացված են աննկարագրելի ճշգրտությամբ ու թեթևությամբ: Կյանքի միկրոհատվածները հավաքվում եմ խորիմաստ, շարժուն, ոչ սենտիմենտալ մի ամբողջության մեջ: Այս պատմություններից որոշները արտացոլում են հեղինակի ու իր հոր ոչ միանշանակ հարաբերությունները, և դա արվում է երաժշտության միջոցով: Ռեզայի հոր սերը Բեթհովենի Համմերկլավիր սոնատի (N29, op.106) նկատմամբ դարձել է ամբողջ հավաքածուի վերնագիրը:
Համոզված, որ ամենախորը մտքերը հնարավոր է արտահայտել ոչ միայն սիմֆոնիայում, այլև փոքր ձևերի մեջ, Բեթհովենը դա արել է նաև այն երգերում ու կամերային ստեղծագործություններում, որ կրում են WoO պայմանական վերնագիրը: Ռեզան անում է նույնը՝ իր երազներից ու նաև իրականությունից միահյուսված փոքր անեկդոտներով, կյանքի կարճ կտորտանքներով, որ մեղեդիներ է կոչում:
«Համմերկլավիր_-ի պատմվածքները տպագրվելու համար չէին գրվել: Ռեզան ինքն իր համար էր դրանք գրում: Հնարավոր է, որ նույնը վերաբերվում է Բեթհովենի WoO պիեսներին, որ երբեմն պարզապես հիասքանչ են, հաճախ՝ հավակնոտ, ու միշտ՝ բացահայտումներով լի:

«ՀԱՄՄԵՐԿԼԱՎԻՐ – Լյուդվիգ վան-ին փնտրելիս» նախագիծը առցանց նախագիծ է՝ հիմնված ֆեյսբուքյան ընկերների վիդեո միջամտությունների վրա: Ամեն օր, նրանցից մեկը կկարդա Ռեզայի պատմություններից մեկի հայերեն թարգմանությունը և այդ տեսագրությունը կտեղադրի իր իսկ ֆեյսբուքյան էջ՝ համապատասխան թեգերով: Տեսահոլովակի հետ միասին, կարդացողը կառաջարկի YouTube-ի մի լինք՝ Բեթհովենի որևէ WoO ստեղծագործությամբ: Բացառություն կկազմեն միայն այն պատմվածքները, որոնք հստակ երաժշտական ստեղծագործության են վերաբերվում: Այդ դեպքում կառաջարկվի այդ ստեղծագործության որևէ կատարում: Հետաքրքիր կլինի ունենալ նաև ֆեյսբուքյան քննարկումներ:
Ժամանակի ընթացքում բոլոր 44 միջամտությունները կհավաքվեն մեր ֆեյսբուքյան էջի վրա՝ հույսով, որ դրանք խթան կհանդիսանան հետաքրքրված ունկնդիրների համար՝ ավելի խորը ուսումնասիրել Բեթհովենի ստեղծագործության այս հատվածը, ինչպես նաև Ռեզայի մյուս ստեղծագործությունները:

Թարգմանությունը՝ Մարինե Կարոյանի

Նախագիծն իրականացվում է Երևանի Գյոթե Կենտրոնի հովանավորությամբ:

#ARé performing arts festival

#Beethoven250

#JasminaReza