Իջևան քաղաքը ճանաչվել է EU4Culture ծրագրի հաղթող

Իջևան քաղաքը հաղթող է ճանաչվել EU4Culture ծրագրի մրցութային փուլում և 300 000 եվրո դրամաշնորհ է ստանալու իր Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար։
Ծրագրի նախորդ փուլերում Սևան, Իջևան և Չարենցավան քաղաքները ԵՄ-ից ստացել էին 30 000-ական եվրո դրամաշնորհ իրենց քաղաքներում մշակութային ռազմավարություն մշակելու համար, և վերջնական դիմումները գնահատելուց հետո ժյուրին հաղթող է ճանաչել Իջևան քաղաքը։
Իջևանի մշակութային ռազմավարության հիմնական մոտեցումը ապակենտրոնացած մշակութային զարգացումն է և համայնքներին ավելի մեծ ուշադրության հատկացումը։ Կարևորվում է նաև համայնքի բնակիչների մոտ ստեղծարար մտածելակերպի զարգացումը։ Ռազմավարությունն ուղղված է կայուն մշակութային դաշտ ստեղծելուն, մշակութային տնտեսության զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։
Ծրագիրը, սակայն, շարունակելու է համագործակցել նաև չընտրված քաղաքների՝ Սևանի և Չարենցավանի հետ՝ նպաստելով հմտությունների և կարողությունների զարգացմանն ու փառատոնների կազմակերպմանն այդ համայնքներում։
«Հաշվի առնելով տեղում առաջնայնություններն ու առկա ներուժը՝ քաղաքները պետք է ստեղծեն շարունակական զարգացող էկոհամակարգ մշակութային և ստեղծարար արդյունաբերության համար։ EU4Culture-ի աջակցությամբ քաղաքները կսովորեն, թե ինչպես օգտագործել քաղաքի ամբողջ ներուժը և հասնել նաև միջազգային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև քաղաքը դարձնել մշակութային առաջատար մարտիկ և անցնել մշակութային տրանսֆորմացիաների միջով»,- քաղաքների հետ հանդիպման ժամանակ շեշտեց ծրագրի ղեկավար Անատոլի Բայֆերթը։