- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը․ Հռիփսիմե Սիմոնյան․ առցանց ցուցահանդես
11/07/2020 - 13/07/2020
Event Navigation
Հռիփսիմե Սիմոնյան (1916-1998)
Ծնվել է Կարսում: 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը (դասախոսներ՝ Յ.Նիկոլաձե, Ս.Քոբուլաձե)։ 1945 թվականին Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ 1947 թ.-ին Երևանում հիմնվել է ճենապակու գործարանը, որի առաջին նկարիչը լինելով՝ Հռիփսիմե Սիմոնյանը զանգվածային արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք, ամանեղենի հավաքածուներ։ 1956 թվականից սկսած եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977թ․-ից՝ պրոֆեսոր)։
Հռիփսիմե Սիմոնյան, 1940-ականներ
Հռիփսիմե Սիմոնյան 1984թ․
Նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանը անցել է մեծ ստեղծագործական ճանապարհ և հանդիսանում է հայ կիրառական արվեստի հիմնադիր:
Հռիփսիմե Սիմոնյանի արվեստի միջով անցնում է բազմազան ձևերով արտահայտված մի խոշոր թեմա` Հայաստան: Այն արտացոլվում է նրա կերամիկայի ձևերի ազգային երանգավորման մեջ, դրվագի բնույթի մեջ և այն կերպարներում, որոնք դառնում են նրա արվեստի ստեղծագործության հիմքը: Իր գործերում կան ֆանտաստիկ մոտիվներ, որոնք քաղած են հայ ժողովրդական բանահյուսությունից, նրա ասքից ու առասպելներից, նրա հեքիաթներից ու պատմությունից:
Հռիփսիմե Սիմոնյանի արվեստանոցը
Իր ստեղծագործությամբ, Հռիփսիմե Սիմոնյանը անդրադառնում է հայ գրականությանը` ժողովրդական առասպելներին ու ասքերին, Սայաթ-Նովայի, Հովհանննես Թումանյանի պոեզիային, Ավետիկ Իսահակյանի քնքուշ ու շռայլ լիրիկային, Չարենցի կերպարների կրքոտ աշխարհին:
Աղավնի դեկորատիվ անոթ, ճենապակի, փայլաներկ, 1954 թ.
Արվեստագործ վարպետուհին իր գործունեության ընթացքում կապված է եղել հայ նշանավոր գործիչների հետ և 1950-1958 թ.թ. նա ստեղծում է դիմաքանդակների շարք, այստեղ են` Արամ Խաչատրյանը, Կոնստանտին Սարաջևը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Զինաիդա Պալլին, Ռուբեն Պարոնյանը:
«Ուզունդարա պարը», ճենապակի, փայլաներկ, 1956 թ.
Ինչպես Մարտիրոս Սարյանը` գեղարվեստում, Արամ Խաչատրյանը` երաժշտությունում, Ավետիկ Իսահակյանը` գրականությունում, այնպես էլ Հռիպսիմե Սիմոնյանը` կիրառական արվեստում զբաղեցնում է առանձնահատուկ տեղ և իր անվան հետ կապված է Հայաստանի ժամանակակից դեկորատիվ արվեստի զարգացումը: Նա հանդիսանում է խեցեգործության վերածնունդի նախաձեռնող և իրականացնող:
Նկարչուհու գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում և այլուր:
«Ընկերուհիները» հրակավ, անգոբ, փայլաներկ, 1962թ.
«Արմենուհի» հրակավ փայլաներկ, Երևան, 1968 թ. Գտնվում է Պողոսյան հիմնադրամի Սիրահարների այգում։ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվերը՝ քաղաքին։
Հռիփսիմե Սիմոնյանը Երևանի ճենապակու գործարանում, 1949-1950 թթ.
«Վանա աղջիկը» դեկորատիվ քանդակ, հրակավ, թթվ. փայլաներկ, 1969 թ., գտնվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում։
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվ և Հայաստանի Ազգային պատկերասրահ
Նյութի հեղինակ՝ Արևիկ Գրիգորյան