Loading Events

« All Events

  • This event has passed.

Գերմանական կինոփառատոններ․ Բեռլինալե 2020․ Սոնա Կարապողոսյանի անդրադարձը

May 13 - May 21

Թեպետ աշխարհը դեռ շարունակում է ինքնամեկուսացման մեջ մնալ, դա, սակայն, չի նշանակում,  որ մենք պետք է հրաժարվենք հաղորդակցվել արվեստի հետ։ Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ մշակույթը թվային հարթակում հասանելի մնալու նորարարական ճանապարհներ է գտնում։ «Գյոթե կենտրոնն» իր գործընկերների հետ շարունակում է իր լսարանին ներկայացնել մեր օնլայն միջոցառումներից հերթականը։ Այս շարքը նվիրված է գերմանական կինոփառատոններին և դրանց մասին գրախոսականներին։

Արդեն 17 տարի է՝ «Գյոթե ինստիտուտը» համագործակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ և մշտապես ապահովում կինոփառատոնի գերմանական ծրագիրը՝ առաջնորդվելով արժեքավոր ֆիլմեր ընտրելու կարգախոսով։ Այդ հարցում մեզ օգնում են Հայաստանի և Գերմանիայի կինոքննադատներն ու փորձագետները։ Ստորև ձեզ ենք ներկայացնում «Բեռլինալե 2020» միջազգային կինոփառատոնի գերմանական ֆիլմերի մասին մեր գործընկեր Սոնա Կարապողոսյանի անդրադարձը։

 

Սոնա Կարապողոսյանն ասպիրանտ է և կինոսեր, որ ճանապարհորդում է կինոփառատոններ` գտնելու լավագույն ֆիլմերն ու ներկայացնելու հայկական հանդիսատեսին: Լինելով ազատ կինոքննադատ և աշխատելով «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում որպես կինոծրագրերի համադրող` Սոնան փառատոնի կինոզարգացման հարթակի` GAIFF Pro-ի ծրագրերի ղեկավարն է:

Կարճ գրառումներ Բեռլինալե 2020-ից

Բեռլինալեն Բեռլինի ճշգրիտ արտացոլումն է. այն լայնածավալ է, զանազան, ունի ֆիլմեր և միջոցառումներ բոլոր ճաշակների համար: Ծրագրերի աշխարհագրական, թեմատիկ և ժանրային բազմազանությունը փառատոնի այցեքարտն է, որը ներառում է նաև ցուցահանդեսներ, ինստալացիաներ, դասընթացներ և ակտիվագույն կինոշուկա: Դժվար է ընկալել և ընկղմվել փառատոնի հունի մեջ, եթե նորեկ ես քաղաքում և չես տիրապետում քաղաքի երակը հանդիսացող տրանսպորտային համակարգին:

Ձախողած համարելով նախորդ տարվա բեռլինյան փորձս (ընդամենը 12 ֆիլմ)` որոշել էի Բեռլին մեկնել փառատոնից մեկ ամիս առաջ: Սա ինձ հնարավորություն էր տալու ինտեգրվել քաղաքին, ինչպես նաև մասնակցել նախափառատոնային ցուցադրություններին, որոնք անցկացվում էին լրագրողական հավատարմագիր ունեցող բոլոր կինոքննադատների համար դեռևս հունվար ամսից: Իսկ երբ կժամանեին կինոընկերներս ու հայկական պատվիրակությունը, ես կկարողանայի ավելի ազատ ժամանակացույց կազմել և օգնել մյուսներին խորհուրդներով` ինչ չնայել: Այս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ առաջին անգամ կինոշուկայում ունենալու էինք հայկական տաղավար` ներկայացնելու հայկական կինոն և դառնալու յուրահատուկ հավաքատեղի հայ կինոգործիչների համար:

Բեռլինի հոբելյանական 70-րդ փառատոնը դարձավ այս տարի տեղի ունեցած վերջին մեծագույն մշակութային միջոցառումը, որից հետո ժամանակավորապես դադարեցին բոլոր կինոփառատոնները կամ տեղափոխվեցին առցանց տիրույթ: Միայն կարոտով հիշելով փառատոնային խելագար առօրյան` առաջարկում եմ ծանոթանալ փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկված գերմանական ֆիլմերին, որոնք արդեն նշվեց. տարբեր են և համապատասխան տարբեր ճաշակների:

 

«Շլինգենզիֆ. ճիչ լռության մեջ» (ռեժ. Բեթինա Բոհլեր)

Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» (Panorama) ծրագրում տեղ գտած վավերագրական ֆիլմերից էր Բեթինա Բոհլերի «Շլինգենզիֆ. ճիչ լռության մեջ» կինոէսսեն:  Բեթինան, ով նախևառաջ հայտնի է որպես կինոմոնտաժող և աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են` «Հաննա Արենդտ» (ռեժ. Մարգարեթ ֆոն Տրոտա), «Տրանզիտ», «Փյունիկ» (ռեժ. Քրիսթիան Փեցոլդ), հավաքել է մինչ օրս լայն հանրությանն անհայտ վավերագրական նյութեր Գերմանիայի ամենասկանդալային արտիստներից մեկի` Քրիսթոֆ Շլինգենզիֆի մասին և համադրելով այն ռեժիսորի ձայնագրությունների և ֆիլմերից կադրերի հետ՝ համապարփակ և ամբողջական դիմանկար ստացել: Էքսցենտրիկ Շլինգենզիֆը, ով կարող էր սատկած ձկներով դույլը լցնել ատելի քաղաքական գործչի վրա կամ ինստալյացիայի վերածել սեփական մահվան օրագիրը և հետմահու արժանանալ Վենետիկի Բիենալի «Ոսկե առյուծի», ֆիլմում ներկայանում է այնպիսին, ինչպիսին կար կյանքում` ստեղծարար, ուղղամիտ, գիտակից և սրամիտ: Ձեռքի տակ ունենալով մոտ երկու հարյուր ժամ նյութ՝ Բեթինա Բոհլերը վարպետորեն սեղմել է այն երկժամանոց ֆիլմում և կարողացել փոխանցել Շլինգենզիֆի համարձակությունը, հանդգնությունն ու հումորը: Անցյալում Քրիսթոֆի հետ ունեցած համագործակցության շնորհիվ՝ Բեթինան հնարավորինս հավատարիմ է մնացել սկանդալային արտիստի աշխարհայացքին` դրա արտացոլումը տալով անգամ ֆիլմի վերնագրում. «ճիչ լռության մեջ»: Այս մի քանի բառերի մեջ ասես ամփոփված է ողջ գործունեությունը Քրիսթոֆ Շլինգենզիֆի, ով ընդամենը փորձում էր արթնացնել ապատիայի մեջ նիրհող եվրոպական հասարակությանը, որը չէր ուզում բացել աչքերն ու տեսնել ճշմարտությունը:

 

Ունդին (ռեժ. Քրիսթիան Փեցոլդ)

Ունդինի՝ ջրային ոգու մասին լեգենդը գիտեն բոլորը. փոքրիկ ջրահարսը երազում է մարդ լինել և ապրել ցամաքի վրա, սակայն իր անմահ հոգին պահպանելու միակ ճանապարհը տղամարդու հետ ամուսնանալն է: Մինչդեռ եթե հանկարծ տղամարդը նրան դավաճանի, Ունդինը պարտավոր է սպանել իր սիրեցյալին. հակառակ դեպքում` կդառնա ծովային փրփուր… Ռեժիսոր Քրիսթիան Փեցոլդի կախարդական աշխարհում ջրահարսը (Պաուլա Բեեր) հանդիպում է Յոհանեսին (Ֆրանց Ռոգովսկի), ինչը ստիպում է ջրային ոգուն մարտահրավեր նետել այս նախապայմանին: Փեցոլդը ֆիլմը վերածում է հեքիաթային սիրո պատմության ինքնազոհողության և կախարդանքի շղթաները կոտրելու անկարողության մասին: Այստեղ խախտվում են իրականության և երևակայության միջև գոյություն ունեցող բոլոր սահմանները, և միակ բանը, որ մնում է անխախտ, սերն է: Փեցոլդի ստեղծած աշխարհը շնչում է  մոգական ռեալիզմով. այստեղ անդրաշխարհյա շշուկները ճեղքում են հիպեր-իրականությունը, կանաչ ճահճաջուրը պարուրում է հերոսներին, մաքրում հիշողություններն ու դարմանում ցավերը:

«Ունդին»-ը Փեցոլդի եռագրության առաջին մասն է, որին հաջորդելու են ֆիլմեր օդային և երկրային ոգիների մասին:

 

 

Մերկ կենդանիներ (Մելանի Ուելդ, 2020)

«Հանդիպումներ» (Encounters) ծրագիրը, որը փառատոնի տնօրեն Կառլո Շատրիանը բնորոշել էր որպես «21-րդ դարի հայելի», Բեռլինալե 2020-ի հիմնական նորամուծություններից էր՝ կոչված հավաքելու այնպիսի ֆիլմեր, որոնք նոր շունչ են պարունակում՝ մարտահրավեր նետելով ավանդական կինոլեզվին: Այստեղ ներկայացված ֆիլմերն, իրոք, հանդուգն էին և տարբերվում էին փառատոնի հիմնական մրցույթից: Գերմանացի ռեժիսոր Մելանի Ուալդի «Մերկ կենդանիներ» դեբյուտային ֆիլմը դրանցից մեկն է և պատմում է դպրոցական կյանքի վերջին ամիսներն անցկացնող հինգ ընկերների` Կատյայի, Սաշայի, Բենիի, Լայլայի և Շյոլերիի մասին: Մանկության և հասունության սահմանագծին գտնվող այս հնգյակը քայլում է առաջ` պատկերացում չունենալով գալիքի մասին, բայցև չվախենալով դրանից: Հիմնական պատմությունը կառուցվում է ջիու ջիցու պարապող Կատյայի շուրջ` առանձին քննարկման առարկա դարձնելով կնոջ ֆիզիկական ուժը և վերաբերմունքը դրան: Ուշադրություն չդարձնելով պատմության ժամանակատարածքային մանրամասններին` ռեժիսորը ստեղծում է հակա/ուտոպիական աշխարհ, որտեղ գոյություն չունեն ծնողներ, իսկ սերը, բռնությունը, կոպտությունն ու փոխադարձ խնամքը ներխմբային հյուսվածքի հիմքն են, որն այնքան ամուր է, որ միավորում է հերոսներին մեկ մարմնի մեջ: Այս մարմինը երիտասարդ է, բայց չթրծված, վայրի, բայց անպաշտպան՝ ինչպես մերկ կենդանին, երբ դեռ առաջին քայլերն է անում կյանքում:

Details

Start:
May 13
End:
May 21