Հունիսի 3-ին Երևանի «Գյոթե կենտրոն»-ում տեղի ունեցավ Geniale Dilletanten «Հանճարեղ դիլետանտներ» շրջիկ ցուցահանդեսի բացումը։ Միտումնավոր այս սխալ վերտառությամբ էր անվանվել 1981թ․-ին Բեռլինի Տեմպոդրոմում տեղի ունեցած համերգը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ արվեստի բեկումնային զարգացման հոմանիշը։
Ցուցահանդեսում ներկայացված էր Գերմանիայում 1980-ականների ենթամշակույթի բազմազանությունը՝ ի դեմս 7 երաժշտական խմբերի՝ Einstürzende Neubauten-ի («Փլուզվող նորակառույցներ»), Die Tödliche Doris-ի («Մահացու Դորիսը»), Der Plan-ի («Պլան»), Freiwillige Selbstkontrolle-ի («Կամավոր ինքնահսկողություն»), Deutsch-amerikanische Freundschaft D.A.F.-ի («Գերմանա-ամերիկյան բարեկամություն»), Ornament und Verbrechen-ի («Զարդանախշ և հանցանք»), Palais Schaumburg-ի («Շաումբուրգի պալատը»)։
Ցուցահանդեսը, որը բաց է մինչև հունիսի 30-ը, ցուցադրում է երաժշտական խմբերի աշխատանքները, որոնք արտահայտում են այդ ժամանակահատվածին բնորոշ ստեղծագործական ըմբոստությունը, բազմաժանր փորձարարությունը, ըմբոստությունը, ինքնակազմակերպումը, ընդվզումը Mainstream-ների դեմ և անգլերենից դիտավորյալ անցումը երգերի գերմաներեն տեքստերին։ Այս աղմկոտ բողոքով արտիստները միջազգային ճանաչման և հեղինակության հասան։
Եվ ահա «Գյոթե կենտրոնում» ելույթ ունեցավ աշխարհահռչակ այդ արտիստներից մեկը, որն այդ ենթամշակույթի ակունքներում էր դեռ կանգնած, LILLEVAN-ը։
Անիմացիայի վարպետ, վիդեոարվեստագետ Լիլևանը ժամանել էր Բեռլինից և ցուցահանդեսի բացման ժամանակ ներկայացրեց իր աշխատանքները, պատմեց արվեստի ազատության, բեմերի, ազատ տարածքների և «Հանճարեղ դիլետանտների» այն անդամների մասին, որոնց ինքն անձամբ է ճանաչում։ Դեռեւս 1980-ականներին աշխատելով Բեռլինի պատի այս և այն կողմերում՝ նա հետաքրքիր դրվագներ ներկայացրեց իր կուտակած փորձի մասին։
«Գյոթե ինստիտուտի» հետ համագործակցությամբ Լիլևանը Հայաստանում և Վրաստանում ցանկանում է կյանքի կոչել «Սառցաբեկորների երաժշտություն» նախագիծը, որն արդեն իրականացվել է Տաշքենդում և Ալմաթիում։ Հալչող սառցաբեկորների կաթկթոցի ձայնը ձայնագրելով՝ արտիստը հետագայում այն վերամշակում է և օգտագործում իր երաժշտական նախագծերում՝ դրանով իսկ հրավիրելով մարդկանց ուշադրությունը բնական այդ աղետի և դրա դեմ պայքարի անհրաժեշտության վրա։