Թունավոր օձը կծում է տղային ու նրա մազերը տեղն ու տեղը․․․ Ի՞նչ են լինում տեղն ու տեղը։ Ի՞նչ է հայալեզու ընթերցողը հասկանում «մազերը սպիտակեցին» արտահայտության տակ ու ի՞նչ հնարավոր տարբերակներ կարող է ունենալ գերմանալեզու թարգմանիչը նման դեպքերում։
Գրականություն թարգմանելը նույնպես արվեստ է։ Թարգմանել՝ նշանակում է կարողանալ տվյալ լեզվի յուրահատկություններն ու լեզվամշակույթը վերարտադրել մի ուրիշ լեզվով, հնարավոր տարատեսակ հնարավորություններից ընտրել այն մեկը, որը բնագրին ամենամոտն է, բայց և հասկանալի ու ընկալելի է օտար ընթերցողի համար։
Թե ինչպես կարելի է դրան հասնել և ինչ յուրահատկություններ ունի հայերենը գերմաներեն թարգմանելիս, այս և նման հարցերի շուրջ կխոսեն մեր թարգմանական սեմինարին մասնակցող չորս գրական թարգմանիչները հոկտեմբերի 10-14-ը ընկած ժամանակահատվածում։ Սեմինարը կվարեն անվանի թարգմանչուհիներ Ռոզմարի Տիցեն և Վիբկե Ցոլմանը։
Սեմինարի արդյունքներին ու ու թարգմանություններին հնարավոր կլինի ծանոթանալ ամփոփիչ ընթերցման ու քննարկման ընթացքում, որը տեղի կունենա Սուրբ թարգմանչաց տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 18։00-ին, Գյոթե կենտրոնում։
Ընթերցումն ու քննարկումը կլինեն գերմաներեն և հայերեն։
Մուտքն ազատ է։
Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի գրական թարգմանիչների հիմնադրամի աջակցությամբ։
Ռոզմարի Տիցե՝ գրական թարգմանչուհի (ռուսերենից գերմաներեն), դոցենտ, Գերմանիայի գրական թարգմանիչների հիմնադրամի համահիմնադիրներից մեկը։ Նախաձեռնել է գրական թարգմանիչների համար նախատեսված երկլեզու աշխատարանները, որոնք այս տարի ահա արդեն վեցերորդ անգամ են իրականացվում հայերեն-գերմաներեն լեզուների համար։ Իր բազմաթիվ թարգմանությունների շարքին են պատկանում այնպիսի վիթխարի ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն, Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասեր»-ը և այլն։
Վիբքե Ցոլման՝ գրական թարգմանչուհի (հայերենից գերմաներեն), բանաստեղծ, «Նաղաշ» անսամբլի մենեջեր։ Ուսանել է Շվեյցարիայի գրականության ինստիտուտում։ 2009 թվականից տարբեր մշակութային և բնապահպանական նախագծերի շրջանակում գտվում է Հայաստանում։ Անահիտ Ավագյանի հետ համատեղ զբաղվում է հայ միջնադարյան պոեզիայի, ինչպես նաև ժամանակակից հեղինակների (ինչպես օրինակ՝ Գրիգի, Արամ Պաչյանի ստեղծագործությունների) գերմաներեն թարգմանությամբ։