Հայաստանը ծագումով թուրք գերմանացի գրողին առաջադրել է պատվո շքանշանի

  
Տարին մեկ անգամ «Գյոթե ինստիտուտը» մշակույթների միջև երկխոսության խրախուսման համար առանձին անհատների շնորհում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշան։ 2019 թվականին այդ պարգևին է արժանացել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլին։ Հատկանշական է, որ գրողին այդ շքանշանին էր առաջադրել Հայաստանը։
«Կան անհատականություններ, որոնք չեն կարող լռել, երբ խոսքն արդարությանն է վերաբերում։ Նման անհատականություններից է Դողան Ախանլին, որը հստակ ու շիտակ խոսում է Թուրքիայի՝ պատմությանն առերեսվելու անհրաժեշտության մասին։ Նրա գրական ստեղծագործությունները ճշմարտություն են, դառը ճշմարտություն՝ հիասքանչ կերպով ներկայացված իր վեպերում, որոնք ժողովուրդների հաշտեցման առանձնահատուկ ճանապարհ են»,- ասված է Շքանշանի շնորհման հանձնաժողովի հայտարարության մեջ։
Դողան Ախանլին իր «լռել չկարողանալու» պատճառով Թուրքիայում հալածանքների է ենթարկվել և մի քանի անգամ բանտարկվել։ Դրանում իր դերն է խաղացել նաև իր գրքերում արծարծվող Հայոց ցեղասպանության թեման։ Գրողն իր վեպերում բացահայտ խոսում է Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իրեն միջնորդ համարում հայ և թուրք ժողովուրդների միջև և ցանկանում է հասնել երկու ժողովուրդների հաշտեցմանը։
Դողան Ախանլին վերջին անգամ Հայաստան էր այցելել անցյալ տարվա գարնանը՝ Երևանում «Գյոթե կենտրոնի» հրավերով, որտեղ հանդես էր եկել իր գրքերից հատվածական ընթերցումներով։ Հենց այդ ելույթից հետո էլ Երևանում «Գյոթե կենտրոնը» գրողին ներկայացրել էր այդ պատվո շքանշանին։
Պատվո շքանշանի հանձնման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի՝ օգոստոսի 28-ին՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծննդյան օրը, Վայմարում։ Այս տարի հանդիսավոր արարողությունը, որին ներկա կգտնվեն Երևանում «Գյոթե կենտրոնի» ներկայացուցիչները, ընթանալու է «Պոեզիան և ճշմարտությունը» խորագրի ներքո։
Ախանլիի գրչին են պատկանում գերմանալեզու հետևյալ գրքերը՝ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Անհայր օրեր», «Ձերբակալություն Գրանադայում կամ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ», ինչպես նաև «Մոր լռությունը» պիեսը։