Կոմիտասն ու հայ-գերմանական մշակութային առնչությունները

2018 թ․-ից ի վեր Երևանի Գյոթե կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ։ Համատեղ արված ծրագրերի թվում են գիտակրթական հանդիպումները, գրքերը և այլն։ Համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք Կոմիտասի և հայ-գերմանական առնչությունների վերաբերյալ հոդված։

 ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«․․․Ձեր հմուտ և խորիմաստ դասախոսությունները օգնեցին մեզ խորը հայացք նետել այն երաժշտությանը, որը մինչ այժմ մեզ համար գրեթե փակ էր, և որը կարող է շատ բան սովորեցնել մեզ՝ արևմուտքցիներին։ ․․․Դուք ժամանակակից գիտությանն անգնահատելի ծառայություն մատուցած կլինեք, եթե հրապարակեք Ձեր աշխատությունները, և եթե կարողանամ օժանդակել Ձեզ այդ գործում, դա ինձ համար մեծ հաճույք կլինի»։

Օսկար Ֆլայշեր

«… Այն խորունկ հայացքը, որով Դուք մեզ հնարավորություն տվեցիք ընկալել մեզանից շատ հեռու գտնվող վեհ և զարգացած մշակույթի էությունը, – զարմանալի հմուտ մատուցումն այն ամենի, ինչը հատկապես ուշագրավ է հնագույն արևմտյան մշակութային ոլորտների ճանաչման համար, ձեր դասախոսելու և երգելու կատարյալ արվեստը, – սրանք բաներ են, որոնցով ես կարող էի միայն հիանալ, և որոնք չեն հեռանա ձեր ունկնդիրների հիշողությունից»:

Մաքս Զայֆերտ

Գերմանացի ականավոր երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի և Մաքս Զայֆերտի այս նամակները հասցեագրված են հայ բանահավաք, երաժշտագետ, կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետին (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935), որը հայ մշակույթի ամենից կարևոր ներկայացուցիչներից մեկն է։ Կոմիտասի կենսագրության մի կարևոր հատված կապված է Գերմանիայի հետ։ Հայ-գերմանական մշակութային առնչությունների համատեքստում Կոմիտասի անունն առանձնահատուկ քննարկելի է։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Սողոմոնը ծնվել է Օսմանյան կայսրության Քյոթահիա քաղաքում։ Հաճախել է իր քաղաքի տարրական դպրոցը, ապա՝ հարևան Բուրսա քաղաքի դպրոցը։ Ճակատագրի բերումով հայտնվել է Էջմիածնում: Քյոթահիայից գեղեցիկ ձայնով մի տղայի պետք է տանեին Էջմիածին՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորելու համար: Գեղեցիկ ձայնի շնորհիվ ընտրվեց Սողոմոնը։ Նա սովորեց Էջմիածնի հոգևոր ճեմարանում, որտեղ ստացավ նախնական երաժշտական ​​կրթությունը: Շուտով նրան ձեռնադրեցին սարկավագ, ապա՝ քահանա: Ձեռնադրության ժամանակ նրան տրվեց Կոմիտաս անունը՝ ի պատիվ VII դարի կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու, որը միջնադարյան հայկական մշակույթի ակնառու դեմքերից է:

1896-99 թթ․ Կոմիտասն անց է կացրել Բեռլինում, որտեղ սովորել է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում՝ Հումբոլդտի համալսարան) փիլիսոփայության բաժնում և միաժամանակ՝ Ռիչարդ Շմիդտի կոնսերվատորիայում: 1899 թ. Կոմիտասը Էջմիածին վերադարձավ գիտելիքների լուրջ պաշարով: Գերմանացի մասնագետներն անկասկած մեծ ազդեցություն են ունեցել Կոմիտասի վրա, ինչը նկատելի է ինչպես նրա ստեղծագործություններում, այնպես էլ հետազոտություններում:

Համալսարանի փիլիսոփայության բաժնում Կոմիտասը ձեռք բերեց կարևոր հմտություններ՝ սովորելով ժամանակի հայտնի մասնագետների ղեկավարությամբ: Կոմիտասի ուսուցիչներն էին միջնադարագետ, նևմագիտության ականավոր մասնագետ Օսկար Ֆլայշերը, երաժշտագետներ Հայնրիխ Բելերմանը և Մաքս Ֆրիդլենդերը։ Ուսուցիչները բարձր էին գնահատում Կոմիտասին ու նրա գործունեությունը:

Բեռլինում Կոմիտասը Միջազգային երաժշտական ​​ընկերության հիմնադիր անդամներից մեկը եղավ: Այս ընկերությունը հիմնադրվել է 1899 թ․ Օսկար Ֆլայշերի և Մաքս Զայֆերտի ջանքերով, իսկ գործունեությունն ընդհատվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1814 թ․: Այս ընթացքում ընկերությունը հրատարակել է ամսագիր, կազմակերպել գիտաժողովներ և այլ միջոցառումներ, որոնց Կոմիտասն ակտիվ մասնակցություն է ունեցել:

ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

Կոմիտասը ուսումնասիրել, համեմատել և վերլուծել է հայ ավանդական երաժշտության հազարավոր մնուշներ: Նպատակն էր պարզաբանել հայ երաժշտության ինքնատիպության էությունը: Կոմիտասը հայտնաբերել է հայ ավանդական երաժշտության հնչյունաշարերը: Նա է պարզաբանել, թե դրանք ինչով են տարբերվում արևմտյան երաժշտությունից։ Հայ ավանդական երաժշտության վերաբերյալ իր առաջին լուրջ հոդվածներից մեկը նա հրատարակել է Միջազգային երաժշտական ​​ընկերության ամսագրում, որը տպագրում էր հեղինակավոր “Breitköpf und Härtel” հրատարակչությունը (Լայպցիգ): Հոդվածը վերնագրված է “Die armenische Kirchenmusik” («Հայ եկեղեցական երաժշտությունը»): Այն Կոմիտասի գերմաներեն մենագրության մաս պիտի կազմեր: Մենագրությունը Կոմիտասը չի ավարտել, բայց մեզ է հասել երկու հոդված, որոնց շնորհիվ կարող ենք հասկանալ, թե ինչ էր նա ծրագրել:

Կոմիտասի գործունեությունն ուղղված էր ոչ միայն երաժշտությանը, այլև՝ պարերին: “Die Armenische Reigentänze” («Հայկական շուրջպարը») վերնագրով նրա գերմաներեն հոդվածը տպագրվել է Մարբուրգում:

Բեռլինում հայ երաժշտությունը Կոմիտասը ներկայացրել է դասախոսությունների միջոցով: 1899 թ․ Շարվենկա կոնսերվատորիայում դասախոսության ժամանակ նա ներկայացրել է հայ երաժշտությունը՝ հարևան ազգերի՝ քրդերի, արաբների, պարսիկների, թուրքերի երաժշտության հետ համեմատությամբ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ

Գերմանիայում Կոմիտասն ակտիվ ստեղծագործում էր։ Նա հեղինակել է ռոմանսներ, երգեր և խմբերգեր՝ հիմնված գերմանացի բանաստեղծների տեքստերի վրա: Այդ բանաստեղծների թվում են Թեոդոր Շտորմը (1817-1888), Լուդվիգ Ուլանդը (1787-1862), Իոհաննա Ամբրոսիուսը (1854-1939), Ջուլիուս Շտուրմը (1816-1896), Վոլֆգանգ Գյոթեն (1749–1832), Նիկոլաուս Լենաուն (1802-1850) և այլն։ Պահպանված երեք խմբերգերը և տասը երգերը գեղարվեստական արժեք ունեցող գործեր են, իսկ դրանց մի մասը ներկայում նաև համերգային կյանք ունեն։ Եվս մեկ գործ՝ «Բաբելոնի սուրբ ջրերում» խմբերգը, Կոմիտասը գրել է ըստ աստվածաշնչյան տեքստի։

Բեռլինի համալսարանում Կոմիտասը հաճախել է Մաքս Ֆրիդլենդերի “Das deutsche Lied” (Գերմանական երգ) դասընթացը, ինչը կարող էր խթանել գերմանալեզու երգերի ստեղծումը:

Կոմիտասի գերմաներեն երգերը կրում են կոմպոզիտորներ Ֆելիքս Մենդելսոնի (1809-1847), Յոհաննես Բրամսի (1833-1897), Հայնրիխ ֆոն Հերցոգենբերգի (1843-1900) ստեղծագործությունների ազդեցությունը: Հատկապես ակնառու է Ռիխարդ Վագների (1813-1883) ազդեցությունը Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունների վրա: Վագները, որը ռոմանտիզմի ամենաազդեցիկ կոմպոզիտորն է, Կոմիտասի համար ոգեշնչման մեծ աղբյուր էր: Այսպես, Կոմիտասի ձեռագրերում կատարված որոշ նշումներ ցույց են տալիս, որ նա ցանկացել է իր որոշ գործեր նմանեցնել Վագների երաժշտությանը: Նա Վագների օրինակով ծրագրել էր ստեղծել էպիկական օպերա: Ինչպես Վագներն է գերմանական էպոսը բեմադրել օպերային դրամատուրգիայի տեսքով, այնպես էլ Կոմիտասը նախաձեռնել է օպերա՝ հայոց «Սասունցի Դավիթ» էպոսի հիման վրա: Ցավոք, նա չի ավարտել այս նախագիծը:

Կոմիտասը Բեռլինում միաժամանակ ստեղծել է նաև հայերեն ստեղծագործություններ, որոնք նման չեն գերմանալեզու գործերին, այլ արդեն իսկ բոլորովին յուրօրինակ ոճ ունեն: Հայոց Պատարագը նույնպես Կոմիտասը ներդաշնակել է նաև գերմաներեն: Պահպանելով միջնադարյան հոգևոր մեղեդիները՝ նա թարգմանել է բանաստեղծական տեքստերը: Կոմիտասի հայերեն և գերմաներեն Պատարագները նույնպես ոճապես շատ տարբեր են:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Այսպիսով, Բեռլինում Կոմիտասի ստացած հիմնավոր գիտելիքները որոշիչ դեր են խաղացել նրա` որպես երաժիշտ ձևավորվելու համար: Իսկ Կոմիտասի անձի միջոցով ինքնատիպ կամուրջ է ստեղծվել հայ-գերմանական մշակույթների միջև։ Ավելին, Կոմիտասի նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքի դրսևորում է նրան նվիրված հուշատախտակը, որը տեղադրված է Հումբոլդտի համալսարանի պատին՝ Բեռլինի Կուպֆերգրաբեն 5 հասցեում:

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ ԵՎ ԳՅՈԹԵ ԿԵՆՏՐՈՆ

Դեռևս 2015-ից, երբ Երևանում հիմնադրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, միջմշակութային երկխոսությունները կարևորվեցին՝ հաշվի առնելով Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, որտեղ հատուկ տեղ ունեին միջմշակութային նախագծերը։ Երևանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը միտված են շարունակելու այս գործընթացը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հազար ու մի երգ» մատենաշարի Ա, Բ և Գ հատորները

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2018-ին նախաձեռնեց «Հազար ու մի երգ» կոչվող հայ ժողովրդական երգերի մատենաշարի թողարկումը՝ Գյոթե կենտրոնի հետ ակտիվ համագործակցությամբ։ Մատենաշարի առանձնահատկությունն այն է, որ երգերը ներկայացվում են նոտագրությամբ, հայերեն բնագրային տեքստով, ՀՄԲ միջազգային գիտական տառադարձումով և անգլերեն թարգմանությամբ՝ նպատակ ունենալով կիրառելի լինել նաև միջազգային օգտատերերի համար։ Յուրաքանչյուր հատոր ներկայանում է նաև ինքնատիպ նկարազարդումներով ու ձևավորմամբ։ Այսպիսի շարքի անհրաժեշտությունը թանգարան-ինստիտուտում ծագել է կրթական ծրագրերի շրջանակներում, որտեղ օտարազգի մասնակիցներին ևս կարիք է լինում ապահովել մատչելի նյութերով։ Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ են հրատարակվել Ա հատորը՝ նվիրված քնարական երգերին (2018 թ․) և Գ հատորը՝ նվիրված հարսանեկան երգերին (2020 թ․)։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ և Գյոթե կենտրոնի աջակցությամբ է Երևան հրավիրվել Կառլ Օրֆի դպրոցի մասնագետ, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Հարտմանը, որը Օրֆի կրթական մեթոդի աշխատանոցներ է վարել։ «Օրֆ – Շուլվերկ» երկմաս աշխատանոցը և «Ստեղծագործական աշխատանք սկզբից․ «Օրֆ-Շուլվերկի» սկզբունքները» դասախոսությունը կայացել են «Միջմշակութային երկխոսություն․ երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումի շրջանակներում, 2018 թ․ սեպտեմբերի 14-15-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ, Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում։ Դասախոսության նյութն ընդգրկվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգրքի Դ հատորում՝ «Երաժշտական կրթություն» գլխում։

 

Վոլֆգանգ Հարտմանը վարում է Կառլ Օրֆի դպրոցի վերաբերյալ աշխատանոց։

Դրվագ աշխատանոցից

Նույն ֆորումի շրջանակներում և կրկին Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ է ներկայացվել «Կոմիտաս և Գերմանիա․ երաժշտական կրթության մոդել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում» աշխատանոցը, որը մշակել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը։ Աշխատանոցն առաջարկում է նախ ինտերակտիվ դասախոսություն թեմայի շուրջ, ապա գործնական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները սովորում են երգել Կոմիտասի գերմաներեն ստեղծագործություններից երկու նմուշ։

Հաճելի է նաև արձանագրել Կոմիտասի գերմանական շրջանի ստեղծագործությունների նկատմամբ կատարողների հետաքրքրության զգալի աճը վերջին շրջանում։ Դա նշանակում է, որ հայ-գերմանական մշակութային և նաև կրթական առնչությունները շարունակական են, և հետագայում նույնպես ակնկալելի են ինքնատիպ արդյունքներ։

Հոդվածի հեղինակ՝ Տաթևիկ Շախկուլյան