Գերմանական կինոակումբ Երևանում և Գյումրիում

Երևանում «Գյոթե կենտրոնը» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ ուժերով ստեղծել են կինոակումբ, որի շրջանակներում գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի լինում են դասական և նոր գերմանական ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ: Կինոակումբը նպատակ ունի համախմբել հայ կինոսերներին և ծանոթացնել հայ հանդիսատեսին հին ու նոր գերմանական կինոյի գլուխգործոցներին՝ խթանելով կարծիքների փոխանակման և ընդհանրապես երկրում կինոմթնոլորտի ակտիվացմանը:

Ապրիլից ի վեր կինոակումբում իրականացվել են «նոր գերմանական կինոյի»՝ 1970-ականների գերմանական կինոյի վերելքի հետահայաց ցուցադրություններ՝ նվիրված մեծագույն վարպետներ Վիմ Վենդերսին և Ռայներ Վերներ Ֆասբինդերին, իսկ այժմ ընթացքի մեջ է գերմանական կինոյի ևս մի ակնառու դեմք՝ Վերներ Հերցոգին նվիրված շարքը: Կինոակումբի առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, երբ կցուցադրվի Հերցոգի «Նոսֆերատու՝ խավարի ուրվականը» (1979) կինոնկարը: Հետագայում՝ մինչև տարվա վերջ, կլինեն ինչպես ավելի նոր՝ 2000-ականների, այնպես էլ ավելի վաղ՝ համր շրջանի գերմանական կինոգլուխգործոցների ցուցադրություններ և քննարկումներ:

Հունիսի 24-25-ը կինոակումբը կուղևորվի նաև Գյումրի: Մշակութային մայրքաղաքի Berlin Art Hotel-ում հունիսի 24-ին կցուցադրվի Վիմ Վենդերսի «Կեղծ շարժում», իսկ 25-ին՝ Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Մարիա Բրաունի ամուսնությունը» հանրահայտ կինոնկարները: Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, իսկ ցուցադրություններից հետո տեղի կունենան քննարկումներ:

Գյումրիում նման միջոցառում նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերին: