Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը. Արմեն Օհանյան

15/06/2020 @ 18:00 - 17/06/2020 @ 18:00

ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ (1887-1976)

Արմեն Օհանյանը (Տեր-Օհանյան) (օրիորդական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան, 1887, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն – 1976, Մեխիկո, Մեքսիկա) հայ պարուհի էր և գրող, նաև՝ դերասանուհի, թարգմանչուհի, գրականագետ, կոմունիստական շարժման գործիչ։

Արմեն Օհանյան

Առաջին քայլերը Արմեն (Արմենուհի) Տեր-Օհանյան բեմական անունով կատարել է Բաքվի հայկական թատրոնում։ 1906-08 թթ. խաղացել է Բաքվի և Նոր Նախիջևանի հայկական թատրոններում, ապա՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում, պարարվեստում մասնագիտացել է Լ. Նելիդովայի պլաստիկայի դպրոցում (Մոսկվա)։ Տեղափոխվելով Պարսկաստան՝ նա դարձել է եվրոպական տիպի պարսկական առաջին թատրոնի հիմնադիրը։ 1910-ին Թեհրանում պարսկերենով բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», որտեղ նաև կատարել է Մարիա Անտոնովնայի դերը։

Արմեն Օհանյան

Պարսկաստանում Օհանյանն ուսումնասիրել է արևելյան պարեր և 1911-ից մինչև 1930-ականների սկիզբը որպես «պարսիկ պարուհի» հանդես է եկել տարբեր երկրներում՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ցուցադրելով արևմտյան հանդիսատեսի համար տարաշխարհիկ արևելյան հնագույն և անտիկ աշխարհի լավ ոճավորված պարեր։

Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ պարի» մեթոդները, հայ, ռուս, պարսիկ երգահանների երաժշտությամբ և օգտագործելով զանազան դիմակներ՝ Օհանյանը ներկայացրել է մի շարք պարային համարներ։ Ելույթներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։

  

Արմեն Օհանյանի պարային կերպարներից

Հիմնավորվելով Փարիզում՝ Օհանյանը նվիրվել է գրականությանը, հրատարակել ինքնակենսագրական գրքեր ֆրանսերենով՝ «Շամախեցի պարուհին» (1918), «Քաղաքակրթության ճիրաններում» (1921), «Աշխարհի մեկ վեցերորդ մասում» (ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ արված նրա նոթերը, 1928), «Նորին մեծության մենակատարը» (1929) և «Օձահմա կախարդուհու ծիծաղը» (1931) գրքերը։

   

Արմեն Օհանյանի «Շամախեցի պարուհին» գրքի գերմաներեն թարգմանության շապիկը

Նմուշ Արմեն Օհանյանի ձեռագրից (Հայաստանի Գրականության և արվեստի թանգարան)

1927 թ. Օհանյանն ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ Մակեդոնիո Գարզայի հետ։ Որոշ ժամանակ նրանք ապրել են Մոսկվայում, ապա բնակություն են հաստատել Մեքսիկայում։ Օհանյանն ընդունվել է Մեքսիկայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936 թ Մեխիկոյում բացել է պարի դպրոց։

Ռուսերենից իսպաներեն թարգմանություններ է արել, իսպաներենով գրել մենագրություններ ռուս, խորհրդային և մեքսիկական գրականության մասին, այդ թվում՝ «Լև Տոլստոյ (1828-1910). կյանքը, դարաշրջանը, ստեղծագործությունները» (1934), «Գորկու ուղին մե´րն է» (1935), «Իսպանական գրականության մարքսիստական վերլուծություն» (1937), «Երջանիկ Հայաստան» (1946), «Մեքսիկան և մշակույթը» (1967) և այլն։ Իր ստեղծագործություններից ամենաշատն արժևորել է «Իղձս ղարիբի» հայերեն պոեմը։

  

«Արմեն Օհանյան», գծանկարները՝ Էմիլ Բեռնարի

1950 թ. ավարտել է Մեխիկոյի ազգային համալսարանի փիլիսոփայության բաժինը։ 1958 թ. ամուսնու հետ այցելել է Խորհրդային Միություն, եղել Հայաստանում և իր արխիվի մի մասը նվիրել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։

«Պարուհի Արմեն Օհանյանի դիմանկարը» (1911), գործ՝ Փանոս Թերլեմեզյանի (Հայաստանի Ազգային պատկերասրահ)

Նյութի հեղինակ՝ Արծվի Բախչինյան

 

Details

Start:
15/06/2020 @ 18:00
End:
17/06/2020 @ 18:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival