Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը․ Այծեմնիկ Ուրարտու․ առցանց ցուցահանդես

June 22 @ 12:00 - June 24 @ 18:00

Այծեմնիկ Համազասպի Ուրարտու (1899-1974 թթ)` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, առաջին կին քանդակագործը Սովետական Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ:

Այծեմնիկ Համազասպի /Խաչատրյան/Ուրարտուն ծնվել է 1899 թվականին Կարսում, մանկավարժի ընտանիքում:

Այծեմնիկ Ուրարտու, 1940 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը տեղափոխվեց Ստավրոապոլ, որտեղ Ուրարտուն ուսանեց տեղի գիմնազիայում մինչև ութերորդ դասարան: 1921 թվականին Բաքվում բացվեցին բարձրագույն արվեստի արվեստանոցներ, որոնք գլխավորում էր այդ տարիների հայտնի քանդակագործ Ստեփան Դմիտրիի Էրզյանը:

Ուրարտուն մասնակցեց նրա դասըթացներին, որոնք ավարտեց 1925 թվականին: Այնուհետև` 1926 թվականին նա մասնակցեց Մոսկվայում կայացած քանդակագործների ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին այդ տարիների խոշորագույն նկարիչները և քանդակագործները:

Ուրարտուն ներկայացրեց իր երկու աշխատանքները, որոնք արված էին իրական չափսերի մեջ. «Հանգիստ» և «Անապաստանը»: Աշխատանքները բարձր գնահատականի արժանացան մասնակիցների և քննադատների կողմից :

  

«Հանգիստ», 1926, «Անապաստանը», 1926

Նույն թվականին Ուրարտուն տեղափոխվեց Հայաստան և հիմնական բնակություն հաստատեց Երևանում։

1926-ից մինչ 1940-ական թվականներ Ուրարտուի կողմից ստեղծվեց աշխատանքների շարք, որոնք ներկայացնում էին Հայաստանի հայտնի գործչների քանդակ պորտրետներ, կոմպոզիցիաներ և բարելյեֆներ:

      

1. «Առաջ», 1927, 2. Իսահակյանի պորտրետը, 1929, 3. «Դեռահասը», 1929-32, 4. Երգչուհի Դուխովսկուհու դիմապատկերը, 1927

      

1.Ս. Շահումյանի կիսանդրի , 1934, 2. «Մրգերով աղջիկը», 1931-34, 3. «Անուշ», 1938, 4. Հ. Թումանյանի արձանի կոմպոզիցիոն մակետ, 1938

    

1.«Մսրա Մելիք և Սասունցի Դավիթ», 1938, 2. «Սասունցի Դավիթ», 1939, 3. Մ. Սարյանի դիմապատկեր, 1947

Գրեթե տասը տարի Այծեմնիկը աշխատեց հայ մեծ պոետ Հ. Թումանյանի հուշարձանի ստեղծման վրա:

Կոմպոզիցիայի յուրահատկություն նրանում էր, որ Ամենայն հայոց բանաստեղծի կերպարը պետք է լրացներ և հարստացներ իր գեղարվեստական հերոսների պատկերները` Անուշ, Մարո, Ալմաստ, Սասունցի Դավիթ, Մսրա Մելիք և այլն:

Ազնվական, համարձակ կերպարների վեհացման գաղափարը կարմիր թելով անցավ Ուրարտուի բոլոր աշխատանքների միջով: Ու չնայած Թումանյանի արձանն այդպես էլ կյանքի չկոչվեց, սակայն այն քանդակները, որոնք ստեղծվեցին ընթացքում, ձեռք բերեցին ինքնուրույն գեղարվեստական արժեք:

Ուրարտուի թումանյանական քանդակների շարքը նոր լիրիկական գիծ առաջ բերեց հայ պլաստիկ քանդակագործության մեջ: Այդ շարքում հատկապես վառ արտահայտվեց վարպետի ստեղծագործական  անհատականությունը և ճկունությունը, ոճային յուրահատկությունը։ Ծավալների փափուկ մոդելավորումը ստեղծեց լույս և ստվերի  նուրբ անցումներ, երգեցիկ ուրվագծեր և քանդակային զանգվածների կոմպոզիցիոն կայունություն:

Այծեմնիկը նաև ակտիվ մասնակցություն ունեցավ երկրի հասարակական կյանքում։ Նա ներգրավված էր Հայաստանի նկարիչների միության ստեղծման ակտիվիստների խմբի մեջ:

Չնայած բազում ստեղծագործական հաջողություններին, կարծես ինչ-որ չար ճակատագիր էր հետապնդում նրան: 1937 թվականին, Մոսկվա ուղարկած կոմպոզիցիան տեղ հասավ բազում վնասվածքներով և այլևս վերականգման ենթակա չէր: Նույն 1937 թվականի բանտարկվեց և աքսորվեց Աշոտ Իոնեսյանը,տղամարդ՝ ում Այծեմնիկը սիրում էր ու հաշվի նստում նրա կարծիքի հետ:

Աշոտ Գարեգինովիչ Իոնեսյանը հայտնի բոլշևիկ էր, հեղափոխական, 1922-1927 թվականներին եղել էր ՀԿԿ կենտկոմի  առաջին քարտուղարը, հետագայում` Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս: Նա ավարտել էր Մյունհենի համալսարանը, սովորել նաև Յենի և Գալիի համալսարաններում, իսկ 1913 թվականին Մյունհենի համալսարանում պաշտպանել դոկտորական փիլիսոփայության գծով:

Կյանքի իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Այծեմնիկը շփոթության մատնվեց: Այդ շրջանում նա գրեց նամակ Անաստաս Միկոյանին, որտեղ արտահայտեց իր  մտահոգությունները։ Մասնավորապես, նա խնդրում է բացատրել` ինչ դրդապատճառներով իր գործերն այլևս չեն ցուցադրում և անտեսում են մրցույթներին ուղարկված աշխատանքերը:

Այնուամենայնիվ, Այծեմնիկը չէր հանձնվում և շարունակում էր աշխատել`  ստեղծելով անգնահատելի ժառանգություն։ Նրա ստեղծած  դիմապատկերներում ներթափանցում էին մարդու ներաշխարհի մեջ։ Պատերազմական և հետպատերազմական շրջանում նրա աշխատանքներում կենտրոնական տեղ սկսեցին զբաղեցնել մասշտաբային դիմապատկերները:

Մեծ Հայրենական պատերազմի տարիների Ուրարտուն ժամանակավորապես հանձնեց իր բնակարանը փախստականներին, ինքը բնակվեց արվեստանոցում, որտեղ և ստեղծվեց ժամանակակիցների դիմապատկերների յուրահատակուկ շարք:

Բոլոր քանդակները օժտված էին էքսպրեսիվ արտահայտչական ճկունությամբ:

     

1.Մայոր Անտոնովի , 1941, 2. Վիրաբույժ Ա. Քեչեկ, 1943, 3. Նկարչուհի Ս. Կարագոզյան, 1934, 4. Ջութակահար Ա. Գաբրիելյան , 1942

1943 թվականին Իոնեսյան Աշոտին ազատեցին բանտից, մեկ տարի անց` 1944-ին, նրանք ամուսնացան: Սակայն ճակատագիրը շարունակում էր հետապնդել Այծեմնիկին. 1947 թվականին փլվեց նրա արվեստանոցի առաստաղը` անվերադարձ ոչնչացնելով մոտ 40 էսքիզներ և աշխատանքներ:

Միայն բազում բողոք նամակներից հետո առ Հայաստանի պետական համակարգ մոտ մեկ տարի անց հաջողվեց վերանորոգել արվեստանոցը, ու նա կարողացավ կրկին անցնել ստեղծագործական աշխատանքի:

Քսան տարի Այծեմնիկն աշխատեց Հայոց պատմահայր Մովսես Խորենացու քանդակի վրա. ավարտեց 1961 թվականին: Բրոնզաձույլ քանդակն այժմ էլ զարդարում է Երևանի հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի  սրահներից մեկը:

  

1956 թվականին Ուրարտուն արժանացավ ՍՍՀՄ վաստակավոր արվեստի գործչի աստիճանի, իսկ 1960-ին` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

1960-ական թվականներից Այծեմնիկը դադարեց ստեղծագործել. պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն էր։ Նա դժվարանում էր նույնիսկ նամակ գրել, սակայն ի ծնե ուժեղ կամքը նրան շարունակում էր առաջ տանել` ստիպելով  մասնակցել Հայաստանի արվեստագիտական կյանքին: Մինչև կյանքի վերջին օրը նա չդադարեց ղեկավարել Հայաստանի նկարչական ֆոնդը, նկարիչների միության խարհրդի անդամ էր և Նկարիչներ միության քանդակների բաժնի ղեկավար:

1974 թվականին Այծեմնիկ Համազասպի Ուրարտուն հեռացավ կյանքից:

Չար ճակատագիրը մինչ օրս հետապնդում է նրան: Մահից հետո  մոռացության մատնվեցին նրա աշխատանքները, կարծես Հայաստանի պատմության մեջ երբեք չի էլ եղել Այծեմնիկ Ուրարտուն` առաջին կին քանդակագործը: Աբովյան պուրակում տեղադրված նրա «Կուժով աղջիկը» (1938)  քանդակի թևը կոտրված է, ինքը` քանդակը, լքված և անտեսված։

  

Այծեմնիկի ծննդյան օրից անցել է 121 տարի, և ցավոք անցյալ տարի նրա հոբելյանին նույնիսկ Հայաստանի Ազգային պատկերասրահը չհիշեց և չկազմակերպեց  անհատական ցուցահանդես սրահներից մեկում: Ցավոք, Այծեմնիկը չուներ զավակներ, նրա ընկերները և բարեկամները վաղուց լքել են այս աշխարհը, սակայն նա թողել է ահռելի ժառանգություն, որն այժմ մատնված է  մոռացության:

«Բերքահավաք», 1945

Նյութի հեղինակ՝ Աննա Զաքարյան

 

Details

Start:
June 22 @ 12:00
End:
June 24 @ 18:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival