Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը. Իդա Քար. Առցանց ցուցահանդես

29/06/2020 @ 12:00 - 01/07/2020 @ 18:00

Իդա Քար (1908-1974), լուսանկարչուհի

  

Իդա Քարի դիմանկարը: Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իդա Քարի դիմանկարը: Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իդան ծնվել է 1908 թ., Ռուսաստանի Տամբով քաղաքում, Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Ութ տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Իրան, այնուհետև՝ Եգիպտոս։ Ալեքսանդրիայում Իդան սովորում է ֆրանսիական վարժարանում, ինչը բացում է նրա առջև Եվրոպայի դռները։ Հոր առաջարկով մեկնում է Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու:

Իդա Քարի դիմանկարը: Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի բժիշկ կդառնար Իդայի նման ռոմանտիկ ու նրբազգաց ներաշխարհով մարդը, որի աչքը որսում էր ավելին, քան հնարավոր էր տեսնել։ Փարիզում, սակայն, նա հասկանում է, որ բժշկությունն իրենը չէ, կիսատ է թողնում ուսումն ու սկսում է զբաղվել վոկալով, հետո նաև ջութակ նվագել է սովորում։ Ասում են, որ Իդան բավականին տպավորիչ ձայնային տվյալներ ուներ։

20-րդ դարի առաջին կես, Եվրոպա, Փարիզ, ավանգարդիստական միջավայր…  Արվեստում, գրականության մեջ իրենց ազատությունը փնտրող շատերի նման Իդան ևս սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ, բնականաբար, նա սատարում է հեղափոխական գաղափարներին, որոնք ազատության սահմաններն ընդարձակելուն, նորություն, թարմություն բերելուն էին ուղղված։ Իդան անգամ դառնում է Կուբայի հեղափոխության ջատագովներից մեկը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո, երբ իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, Իդան ոչ միայն այցելում է Կուբա, այլև լուսանկարում Ֆիդելին։

Իդա Քարի դիմանկարը: Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իսկ ինչպե՞ս լուսանկարչությունն Իդայի կյանքի գործն ու ապրելու ձևը դարձավ։ Մի անգամ փարիզյան հերթական զբոսանքի ժամանակ նրա աչքով է ընկնում լուսանկարչական մի սրահ։ Մոտենում, կանգ է առնում ու սկսում է դիտել։ Սեփականատերը, որը դռան մոտ էր, նկատում է Իդային: Թերևս կարծելով, որ աղջիկն աշխատանք է փնտրում, ասում է, որ ինքն օգնականի կարիք ունի և առաջարկում է զբաղեցնել այդ պաշտոնը։ Իդան առանց երկար-բարակ մտածելու համաձայնում է, բայց միայն մի պայմանով՝ ազատ ժամերին պիտի թույլտվություն ունենար սարքավորումներից օգտվելու և սովորելու։ Այդպես սկիզբ է առնում Իդայի և լուսանկարչության՝ մինչև կյանքի վերջ շարունակվող «սիրավեպը»։

Իդա Քարի դիմանկարը: Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իդան հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ այն ժամանակների հայտնի լուսանկարիչ Էդմոնդ Բելալիին, որն ազգությամբ եգիպտացի էր։ Նրանք տեղափոխվում են Եգիպտոս, Կահիրեում էլ հիմնում են իրենց համատեղ լուսանկարչական ստուդիան։ Այս ամուսնությունը երկար չի տևում, բայց Իդան երկար անսեր չի մնում: Իր երկրորդ ամուսնու՝ Վիկտոր Մասգրեյվի հետ նրանք հաստատվում են Լոնդոնում։ Ու այստեղ սկսվում է «բոհեմական լուսանկարչուհու» գործունեությունը:

Ժամանակակից ոչ մի հայտնի անուն չէր վրիպում Իդայի ֆոտոխցիկից ՝ գրողներ Սոմերսեթ Մոեմ, Ժան Պոլ Սարտր, Էժեն Իոնեսկո, Թոմաս Էլիոթ, ավանգարդ գեղանկարիչ Մարկ Շագալ, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուր, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչ և շատ ուրիշներ։ 1960թ.-ին Լոնդոնի խոշորագույն պատկերասրահներից մեկում կազմակերպվում է Իդա Քարի անհատական ցուցահանդեսը, որով նա դառնում է Մեծ Բրիտանիայում անհատական խոշոր ցուցահանդես անցկացրած առաջին կին լուսանկարիչը։

 

Գեղանկարիչ Մեն Ռեյը իր «Մադմուազել Հ.» կտավի մոտ: Լուսանկարիչ՝ Իդա Քար, մասնավոր հավաքածու:                 Աղբյուրը՝ www. therealreal.com

Լաուրա դել Ռիվո: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իդա Քարն արևմտյան այն քիչ լուսանկարիչներից էր, որին թույլատրված էր մուտք գործել Խորհրդային Միություն և անգամ աշխատել միության տարածքում։ Հայաստանում նա եղել է երկու անգամ՝ 1957  և 1962թթ.-ին։ Այստեղ ևս Իդան լուսանկարում է հայտնի հայրենակիցներին՝ Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան, շախմատիստ Տիգրան Պետրոսյան։

Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

  

Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը՝ Փակ շուկայի մուտքի մոտ: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն 

Քանդակագործ Արա Սարգսյանի դիմանկարը: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Հայրենիքում նրա հերոսները ոչ միայն հայտնի, այլև սովորական մարդիկ էին և նրանց առօրյան։ Իդան լավ խոսում էր հայերեն և ռուսերեն, հետևաբար, ի տարբերություն արևմուտքից եկած մյուս գործընկերների՝ Իդայի համար հասարակ մարդկանց հետ զրուցելը, նրանց իր հանդեպ տրամադրելն ու անկեղծության ճիշտ պահը որսալը խնդիր չէին. նարդի խաղացող տղամարդիկ, բուրդ լվացող երեխաներ, եկեղեցու դռան մոտ նստած մուրացիկ։ Հայաստանում արված լուսանկարները տպագրվում էին արտասահմանյան մամուլում: Արտերկրում ծնված և ամբողջ կյանքը հայրենիքից հեռու ապրած Իդան իր հարցազրույցներում հաճախ էր պատմում Հայաստանի ու հայերի մասին։ Նրա ընկերներից մեկը, խոսելով Իդայի մասին, մի առիթով պատմել է, որ չնայած աղքատությանը, նրա տանը միշտ հայկական խավիար կար։

  

Երևանի Փակ շուկան: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Լենինի հրապարակը` Երևանի պատմության թանգարանից: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Երևանցի երեխաներ, հետևում՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Լուսանկարիչ՝ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Երևանյան բակ: Լուսանկարիչ Իդա Քար, Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Իդան մինչև կյանքի վերջը՝ 1974թ.-ը, ապրեց Լոնդոնում։ Այսօր նրա աշխատանքները պահպանվում են Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, որտեղ էլ մի քանի տարի առաջ կազմակերպվեց Իդայի աշխատանքների ցուցահանդեսը «Իդա Քար. բոհեմական լուսանկարչուհի» խորագրով։

Իդայի աշխատանքներն այնքան ուժեղ ազդեցություն են թողել արվեստի քննադատների վրա, որ շատերը համարում են, որ նաև Իդա Քարի մոտեցումների, աշխարհն ու մարդկանց լուսանկարներով ներկայացնելու «իդայական» կարողության շնորհիվ լուսանկարչությունը կերպարվեստի ճյուղ դարձավ:

  

Իդա Քարի դիմանկարը:Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

Նյութի հեղինակ՝ Ադրինե Թորոսյան

Details

Start:
29/06/2020 @ 12:00
End:
01/07/2020 @ 18:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival