Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը․ Արփենիկ Նալբանդյան․ առցանց ցուցահանդես

08/07/2020 - 10/07/2020

Արփենիկ Նալբանդյան 1916-1964

Գեղանկարչուհի Արփենիկ Արշակի Նալբանդյանը ծնվել է Թիֆլիսում: Նալբանդյանների ջավախյան ճյուղը գրող Վահան Տերյանի և երգահան Բուլատ Ակուջավայի մոր`Աշխեն Նալբանդյանի ազգականներն էին: Ավելի ուշ հայտնի նկարիչ դարձավ նաև Արփենիկի եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյանը:

Արփենիկ Նալբանդյան, լուսանկարիչ՝ Անդրանիկ Քոչար

1935-1941 թթ. նկարչուհին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստի պետական ակադեմիայում:  Գեղանկարչական նույն կուրս էին ընդունվել ևս չորս հայեր՝ Մկրտիչ Քամալյանը, Էդդա Աբրահամյանը, Կարո Մեծատուրյանը և Էդուարդ Իսաբեկյանը: Ակադեմիական տարիների ավարտին Էդուարդը և Արփենիկը ամուսնացել և վերադարձել են Հայաստան`Երևան:

Ամուսնու՝ գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի և ավագ որդու՝ Մհերի հետ

Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից 

Հայրենական պատերազմի դժվար տարիներից հետո`1947-1964 թթ., դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1961-ից գեղանկարչության և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար է եղել: Այս տարիներին հայաստանյան մշակութային կյանքը բավական ակտիվ էր, և արվեստագետ ամուսինները պարբերաբար մասնակցել են հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների, դարձել Նկարիչների միության անդամ:  Սարյանական վառ գույներով շնչող Հայաստանում նրանք նոր գեղարվեստական որակ և ձեռագիր ներմուծեցին:

             

Կարմիր գլխարկով աղջիկը (Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը), 1942, կտավ, յուղաներկ

Սևամորթ կինը, 1938, կտավ, յուղաներկ։ Լուսանկարները՝  Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

                            

Հոլանի կինը, 1938, կտավ, յուղաներկ

Սվետիկը, 1943, կտավ, յուղաներկ։ Լուսանկարները՝  Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Արփենիկի թիֆլիսյան շրջանից քիչ աշխատանքներ են պահպանվել,  փոքրաչափ պաստոզային վաղ հորինվածքներում դեռևս զգալի է բաժբեուկյան շունչը: Երևանյան շրջանում նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում վստահ վրձնահարվածներով, պլեներային բնանկարները ձերբազատվում են մուգ գուներանգներից, հագենում լուսաօդային միջավայրով, իսկ նրբաճաշակ նատյուրմորտները ի հայտ են բերում բարձրակարգ կոլորիստին: Նալբանդյանի վրձնած բազմաթիվ դիմանկարներն իրենց գեղանկարչական լուծումներով, բնութագրական դիպուկ շեշտադրումներով, ազատ մեկնաբանմամբ բացահայտում են շնորհալի դիմանկարչին: Այդ ստեղծագործություններ կարճ ժամանակահատվածում իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայկական կերպարվեստի պատմության մեջ:

         

Ինքնադիմանկար, 1946, կտավ, յուղաներկ

Նկարիչ Խաչատուր Եսայանի դիմանկարը, 1947, կտավ, յուղաներկ

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Արփենիկն ապրեց ընդամենը 48 տարի, կենդանության օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Նկարչուհու երկու որդիներն էլ ընտրել են արվեստի ուղին. Ավագ որդին՝ Մհեր Իսաբեկյանը գեղանկարիչ է, կրտսեր որդին՝ Արամ Իսաբեկյանը, գեղանկարիչ, պրոֆեսոր, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

   

Խնձորեսկ, 1962, կտավ, յուղաներկ

Խնձորեսկի երեխաները, 1962, կտավ, յուղաներկ: Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Հետաքրքրասերները. Էսքիզ, 1955, կտավ, յուղաներկ: Լուսանկարը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Հետաքրքիր գիրքը, 1952, կտավ, յուղաներկ: Լուսանկարը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Գորիսեցի կին, 1962թ․, կտավ, յուղաներկ։ Լուսանկարը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Իմ երեխաները, 1959թ․ Կտավ, յուղաներկ։

Լուսանկարը՝ https://izi.travel/ru/01f0-arp-enik-nalbandyan-virtowal-t-angaran/hy 

 

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Բադալյան

Details

Start:
08/07/2020
End:
10/07/2020

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival