Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Գերմանիա, գունատ մայրիկ»

February 3 @ 20:30 - 22:00

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։

Արդյո՞ք նման միջոցառումների ժամանակ է հիմա: Այս հարցը վերաբերում է ժամանցին։ Փառատոնը, համերգը, գիրքն ու ցուցահանդեսը ժամանց չեն. սրանք մարդու կայացման, աճի, լինելու անհրաժեշտ պայմաններն ու ուղեկիցներն են: Նրանց ժամանակը միշտ է, տեղը՝ ամենուր։ Հենց իրենք են, որ հակակշիռ են սպառողական մտածողության կարծրատիպերի, որոնք տանում են դեպի քարացում, դեպի մահ։ Արվեստն ու գիտությունն են միայն, որ հակառակ ձգողականության բոլոր օրենքների՝ տանում են մեզ դեպի վեր ու դեպի վեհը, տանում են այնտեղ, որտեղ կարող ենք գտնել ճիշտ պատասխաններ ու ճիշտ ուղիներ։

1980 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին առաջադրված «Գերմանիա՝ գունատ մայրիկ» (Deutschland, bleiche Mutter, ռեժիսոր՝ Հելմա Զանդերս-Բրամս) պատմական դրամայի գործողությունները ծավալվում են 1930-40-ականներին՝ Երկրորդ Աշխարհամարտի նախօրեին ու ընթացքում՝ մի կնոջ ու նրա փոքրիկ դստեր ապրումների օրինակով ցուցադրելով ներքին հակասություններից պառակտված ու խոշտանգված գերմանացի ժողովրդի ճակատագիրը: Կարելի է ասել, որ սա Ռայներ Վերներ Ֆասբինդերի հանրահայտ «Մարիա Բրաունի ամուսնությունը» կինոնկարի հոգևոր երկվորյակն է, սակայն եթե Ֆասբինդերի ֆիլմն ավելի մետաֆորիկ էր և ընդհանրական, ապա Զանդերս-Բրամսի գործը ավելի հոգեբանական է ու չափազանց մարդկային:
Առցանց կինոքննարկումը փետրվարի 3-ին, ժամը 20:30
Zoom – us02web.zoom.us
ֆիլմը պետք է դիտել նախապես։
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ https://cutt.ly/FjnXp9G, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
February 3
Time:
20:30 - 22:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan