Գրական թարգմանության առցանց ընթերցումների շրջանակում ներկայացնում ենք թարգմանչուհի Վիբքե Ցոլմանին, ով կարդում է Գրիգի «Պուճուր մարդը» պատմվածքը՝ գերմաներեն թարգմանությամբ:
Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա) պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ բոլոր մեր ծրագրերը… Թարգմանչական գործունեությունը իրականացվում է լուռ և մեկուսի պայմաններում և հետևաբար կարծես թե այնքան էլ չի տուժել համավարակից: Սակայն այս աշխատարանները հսկայական կարևորություն ունեն թարգմանիչների համար, քանի որ դրանց ընթացքում տեղի է ունենում փորձի փոխանակում երկու երկրների ներկայացուցիչների միջև:
Աշխատարանը վարում և ուղղորդում են երեք փորձառու թարգմանչուհիներ, որոնք մասնակիցների հետ միասին աշխատում են ներկայացված թարգմանությունների վրա: Քննարկվում են ոչ միայն տեքստերի առանձին հատվածներ, այլ նաև թարգմանության հետ կապված ընդհանուր թեմաներ և խնդիրներ: Աշխատարանը նպատակ ունի նպաստել գրական թարգմանության որակավորման բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնել մասնագիտական գործունեության շրջանակները (թարգմանիչներ, հեղինակներ, հրատարակչություններ, դրամաշնորհային ծրագեր): Հետևաբար աշխատարանների ընթացքում քննարկվում են նաև բոլոր տեսակի մասնագիտական հարցերը և բարդությունները:
Ցավոք այս տարվա աշխատարանը ստիպված եղանք տեղափոխել 2021 թ., սակայն թարգմանիչների աշխատանքը չի կանգնում: Այդ իսկ պատճառով էլ ցանկանում ենք Ձեր դատին հանձնել մեր աշխատարանների արդյունքները՝ հույս ունենալով, որ այն մեծ հետաքրքրության կարժանանա և գուցե կքաջալերի մյուս թարգմանիչներին դիմել և մասնակցել գրական թարգմանության աշխատարաններին:
Ծրագրին աջակցում են Երևանում «Գյոթե կենտրոնը», Թարգմանիչների գերմանական ֆոնդի TOLEDO ծրագիրն ու Ռոբերտ Բոշ հիմնադրամը, ինչպես նաև Գերմանիայի ԱԳՆ-ն:
Ծրագրի կոորդինացիան իրականացնում է եվրոպական թարգմանիչների միավորումը Շտրալենում: