Կոնդենսացված // Արվեստի ճամբար Կոնդում

Հուլիսի 5-ից 11-ը Կոնդում բազմաթիվ գործընկերների և արվեստագետների հետ համատեղ կայացավ գերմանա-ֆրանսիական համատեղ „Կոնդենսացված / Kondensé / Kondensierte Diversität“ նախագիծը։
17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ (օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշներ, 1687 թվականին կառուցված մզկիթի ավերակներ), Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում իրականացրին բազմաթիվ միջոցառումներ թե երեխաների, և թե մեծահասակների համար։ Փառատոնի նպատակն էր ուշադրություն հրավիրել Կոնդի մշակութային ժառանգության վրա։
Ռուսթավելու անվան նախկին դպրոցի բակում ճամբարի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ աշխատարաններ գերմանացի, ֆրանսիացի և հայ արվեստագետների կողմից։
Նախագիծը մեկնարկեց հուլիսի 5-ին՝ Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» ֆիլմով․ ցուցադրությունն իրականացրեց «ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը:
Հուլիսի 6-ից 10-ը առավոտյան և երեկոյան բնակիչներին և հյուրերին առաջարկվեցին տարատեսակ աշխատարաններ, այդ թվում մետաքսագրություն Մերի Մունի հետ, տրաֆարետային արվեստ Կլաուդիա Կուլենկամպֆի հետ, գրաֆիտի Բրոզիլլայի ու Արև Առաքելյանի հետ, խճանկար Սիրանուշ Աղաջանյանի հետ, լինոփորագրություն Սարգիս Հովհաննիսյանի ու Գիյոմ Ռեյնարի հետ, կավագործություն Անի Քանանյանի հետ, անիմացիա Վրեժ Քասունու հետ, երաժշտություն Հայկ Կարոյի Կարապետյանի հետ և բնական շինանյութեր Հյուգո Դագիյոնի ու Հովհաննես Կույումջյանի հետ։
Հուլիսի 10-ին ճարտարապետական համալսարանում տեղի ունեցավ «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որը համակարգեց և վարեց ֆրանսիացի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոն՝ ENSAL-ի շրջանավարտ, երիտասարդ ճարտարապետների հետ և ՃՇՀԱՀ-ի, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ճարտարապետության թանգարանի, ինչպես նաև Լիոնի և Երևանի քաղաքաշինության գործակալությունների հետ համագործակցությամբ։
Հուլիսի 11-ին կայացավ փառատոնի փակման համերգը Հայկ Կարոյի Կարապետյանի կատարմամբ, ինչպես նաև Կոնդ արվեստի ճամբարի աշխատանքների ցուցադրթյունն ու «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» ցուցահանդեսը։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, արվեստագետներին, համախոհներին ու մասնակիցներին ու հույս ունենք, որ շուտով կրկին կհանդիպենք Կոնդում։