Ֆեմինիզմը՝ մարմնա(իրա)կան․ Կանայք ոչ միայն մարտին և ոչ միայն մասնավոր ոլորտում․․․

Իրականում մարտի 8-ի հետ կապված ցուցահանդեսները, ծաղիկներն ու մնացած միջոցառումները, կարծես, իրականության գեղեցիկ փաթեթավորում լինեն։ Կանայք անում են շատ ավելին, քան այն ամենը, ինչ մարտ ամսին ֆեմինիզմի դրոշակի տակ սկսում են օդում ծածանել։ Կանայք անդադար արարում են արվեստի գործեր, ուղեկցում երեխաներին դպրոց, հետազոտություններ կատարում լաբորատորիաներում, նախագծում ու կազմակերպում են մեծ ծրագրեր, աջով ճաշ են եփում, իսկ ձախով՝ ակտիվիստական թվիթեր գրում։ Կանայք հասարակության շարժիչ ուժն են, սակայն ստիպված են գրեթե ամբողջ աշխարհում ապացուցել իրենց կարողությունները, պայքարել դրանց համար և տղամարդկանցից երկու անգամ շատ չարչարվել ճանաչում ձեռք բերելու և հանրային գործունեություն ծավալելու համար։

Հայ արվեստագետ կանանց մասնակցությամբ այս փոքրիկ ցուցահանդեսի և դրա շուրջ ծավալվող զրույցների շնորհիվ հույս ունենք կամուրջ գցել կանանց արվեստի, ակտիվիզմի, քաղաքականության և փիլիսոփայության միջև․․․․

Դարեր շարունակ տեսաբանները տղամարդիկ են եղել․․․ Լոք, Ռուսո, Կանտ, Ադորնո․․․ առաջին կինը, ում հաջողվել է հայտնվել այս շարքերում, Հաննա Արենդտն է։

Նա, կարծես, կարողացել է շատ հստակ պատասխանել կանանց ազատության թեմայի շուրջ ծավալվող գրեթե ամենագլխավոր հարցեցրից մեկին․

«Արդյոք քաղաքականը մասնավո՞ր է, թե՞ ոչ»։

Հաննա Արենդտը դեմ էր արտահայտվել դրան՝ արժանանալով 68-ական թվականների շարժման ֆեմինիստների բացասական գնահատականին։

Բայց դա թերևս կարելի էր դիտարկել որպես էմանսիպատիվ քայլ՝ ազատությանը ուղղված խիստ կանացի հայացքից խուսափելու համար։ Չէ՞ որ բազմաթիվ կանայք իրենց նման բան չէին էլ կարող թույլ տալ։

«Իր գլխավոր ստեղծագործության մեջ՝ «Վիտա Ակտիվա» 1958 թ․ նա, հիմք ընդունելով աթենյան պոլիսների իդեալական մոդելը, առանձնացնում է երեք ոլորտ․

Մասնավոր ոլորտում աշխատում են՝ բուն կյանքն ապահովելու համար․ արտադրում և պատրաստում են սնունդ, մաքրում կեղտն ու փոշին, դաստիարակում են երեխաներին։ Այն գործողությունները, որ Արենդտը բնորոշում է այս ոլորտին, հիմնականում համընկնում են տնային տնտեսուհու պարտականությունների հետ։

Հասարակական ոլորտում արտադրվում են իրեր՝ արվեստի նմուշներ, կահույք, ապրանք․ սրանցից է բաղկացած առարկայական աշխարհը։ Այս ոլորտում հաշվարկներ են կատարում, ծրագրում և իրագործում։ Տնտեսությունը հանդիսանում է այս ոլորտի մի մաս, անգլերեն տարբերակում այն կոչվում է the social.

Երրորդ ոլորտը քաղաքականն է, այն է՝ հանրայինը, որտեղ մարդիկ կարող են գործել։ Այստեղ չկան հստակ ծրագրեր, քանի որ քաղաքականության մեջ մարդիկ կարող են ներմուծել իրենց գաղափարներն ու մտադրությունները՝ հանրային քննարկման ոլորտում ինչ-որ նոր բան զարգացնելու համար։

Հաննա Արենդտը ազատության միակ հնարավոր տիրույթը տեսնում է հենց քաղաքականի ոլորտում։

«Քաղաքականության իմաստն ազատությունն է»․ այս նախադասությամբ Հաննա Արենդտը պնդում է, որ որպես քաղաքացի իրավունք ունի տեսնել կարևոր հարցերի շուրջ ծավալվող ամբողջական պատկերը, ինչպես օրինակ պատերազմն ու խաղաղությունը, արդարամտությունն ու նենգությունը․․․

Հասարակության անազատությունը կարելի է որոշել ըստ այն բանի, թե որքանով են անազատ տվյալ հասարակության կանայք։ Երբ կանայք ազատ չեն, տղամարդիկ էլ են դառնում անազատ։ Երբ կանանց ճնշում են, սահմանափակում, ստիպում որևէ համապատասխան շրջանակի մեջ ապրել, ապա նույնը տեղի է ունենում նաև տղամարդկանց հետ, անգամ եթե նրանց դերը առաջին հայացքից ավելի հարմարավետ ու ավելի իշխող է թվում։

Հիմնվելով Հաննա Արենդտի գաղափարների վրա՝ ես սրտանց ցանկանում եմ, որ մենք ավելի ազդեցիկ ու խիզախ լինենք կարևոր հարցերում և պայքարենք հանուն այդ իրավունքի։

Միայն այսպես է հնարավոր հասնել համերաշխության, երկկողմ ներման և առողջ դիվանագիտության, ու այսօր՝ աշխարհում, մենք ամենաշատը հենց դրա կարիքն ունենք։

Նաթիա Միքելաձե Բախսոլիանի

  

Մարտի 10-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Ֆեմինիզմը՝ մարմնաիրական» ցուցահանդեսը։ Այն կգործի մինչև ապրիլի 5-ը։ Ցուցահանդեսի համադրողն է Սուսաննա Գյուլամիրյանը՝ Ֆեմ-գրադարանի հետ համագործակցությամբ։