Vice-Versa գրական թարգմանիչների սեմինար Երևանում

Երևանում «Գյոթե կենտրոնը», Թարգմանիչների գերմանական ֆոնդի TOLEDO ծրագիրն ու Ռոբերտ Բոշ հիմնադրամը հրավիրում են մասնակցելու գերմաներեն-հայերեն, հայերեն-գերմաներեն գրական թարգմանիչների երկրորդ սեմինարին, որն այս տարի ընթանալու է Երևանում։ Հինգ օր շարունակ թարգմանիչները գրական-գեղարվեստական տեքստեր կթարգմանեն հայերենից գերմաներեն և հակառակը, կքննարկեն թարգմանությանը վերաբերող արդիական հարցերը և փորձի փոխանակում կիրականացնեն մասնագիտական ոլորտում։

Երկու փորձառու թարգմանիչների կողմից համակարգվող սեմինարի կենտրոնում կլինեն գեղարվեստական արձակի թարգմանության խնդիրները։ Երկլեզու սեմինարի նպատակն է բարձրացնել գրական թարգմանիչների պրոֆեսիոնալ որակները և նպաստել կոնտակտների ու շփումների հաստատմանը։ Այդ նպատակով ծրագրի շրջանակներում կքննարկվեն նաև մասնագիտական հարցեր և կներկայացվեն գրական թարգմանիչներին աջակցող ծրագրեր։ Պլանավորվում են նաև հանդիպումներ հայ հեղինակների և գրական բեմի հայ ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 24-28-ին պլանավորված սեմինարը, ցավոք, կընթանա դռնփակ, միայն մրցույթն անցած մասնակիցների համար, սակայն ուրախ կլինենք բոլոր հետաքրքրվողներին տեսնել սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին՝ հանրային ընթերցման ժամանակ։ «Գյոթե կենտրոնում» կայանալիք ընթերցման շրջանակներում կներկայացվեն ինչպես հայերենից գերմաներեն, այնպես էլ գերմաներենից հայերեն թարգմանություններից դրվագներ։

Ծրագրին աջակցում են Երևանում «Գյոթե կենտրոնը», Թարգմանիչների գերմանական ֆոնդի TOLEDO ծրագիրն ու Ռոբերտ Բոշ հիմնադրամը, Գերմանիայի ԱԳՆ-ն և Գերմանիայում ՀՀ դեսպանատունը։