Յոհանա Վոլֆգանգ Գյոթեի «Արևմտաարևելյան դիվան» աշխատության 200-ամյակը բոլորելուց առաջ «Գյոթե ինստիտուտն» ընդլայնեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ 2017 թ․ դեկտեմբերին Թբիլիսիում «Գյոթե ինստիտուտին» զուգահեռ Երևանում և Բաքվում բացվեցին «Գյոթե կենտրոններ», որով ազդարարվեց Գերմանիայի համար տարածաշրջանի մշակութային-քաղաքական դերն ու նշանակությունը։
Երևանում «Գյոթե կենտրոնն» իր հանդիսավոր բացումը նշեց 2017 թ․ դեկտեմբերի 16-ին։ Կենտրոնը նորարարական ձևաչափով է ներկայանում․ այն իր հարկի տակ է միավորել «Կապտարար» Գերմաներենի ուսուցման կենտրոնը, որն արդեն ավելի քան 5 տարի է՝ գործում է որպես «Գյոթե ինստիտուտի» գործընկեր, Գերմանական ընթերցասրահը, դասավանդման փորձագետի գրասենյակն ու Մշակութային փորձագետի գրասենյակը։ Այս ձևաչափը արդյունավետ համագործակցություն է ապահովում և հնարավորություն տալիս ինտենսիվ ծրագրային աշխատանք տանել։
Երևանում «Գյոթե կենտրոնի» բացմանը ելույթ ունեցան հայկական և գերմանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Գյոթե ինստիտուտի» նախագահ Կլաուս-Դիթեր Լեմանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը ողջունեցին հավաքվածներին։ Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, «Գյոթե ինստիտուտի» տարածաշրջանային ղեկավար Ռուդիգեր Բոլցը և Թբիլիսիում «Գյոթե ինստիտուտի» ղեկավար Բարբարա ֆոն Մյունխհաուզենը։
Մշակույթի բնագավառում նորաբաց «Գյոթե կենտրոնը» կարող է հիշատակել նախկինում արդեն հաջողված փորձերը։ Դրանց թվում է երկարամյա համագործակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, «Հայ ֆեստի» կամ հայաստանցի համադրողների հետ։
Գերմանական ընթերցասրահն իր նոր կահավորմամբ շփման հարմարավետ վայր է դարձել մշակույթով հետաքրքրվող արվեստասեր հանրության համար։ Ընթերցասրահի ֆոնդը հարստացել է ճարտարապետությանմ ֆիլմերի, արվեստի մասին թեմատիկ հավաքածուներով, հետզհետե ավելանում է նաև արդիական թեմաների վերաբերյալ անցկացվող միջոցառումների թիվը։Ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած միջոցառումների սրահը, որը հնարավոր է հարմարեցնել տարատեսակ արարողությունների համար, հնարավորություն է տալիս հյուրընկալել ամենատարբեր ձևաչափերով միջոցառումներ։ Առաջիկայում պլանավորվում են կինոյի և ընթերցանության ակումբներ, մետաքսագրության և լինոլեումի վրա փորագրության վարպետության դասեր՝ գերմանացի ռեֆերենտների մասնակցությամբ, գերմաներեն-հայերեն և հայերեն-գերմաներեն գրական թարգմանության սեմինարներ, քաղաքի ուրբանիստական զարգացման վերաբերյալ միջոցառումներ, վարպետության դասեր Մատենադարանում և այլն։ Հայաստանում գերմանական նոր ներկայությունն ու Գերմանիայի խորհրդարանի տրամադրած միջոցները հնարավոր են տալիս երկրում Գյոթե-ինստիտուտի կողմից նախաձեռնողականություն դրսևորել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հեռավոր մարզերում։
Ավանդական բարձր արվեստի ոլորտում, ինչպիսիք են կինոն, ձևավորվող ստեղծագործական արդյունաբերությունը, ջազը, էլեկտրոնային ակումբային երաժշտությունը, ազատ արվեստի բեմերը, կա պոտենցիալ գործընկերների մի ամբողջ բույլ Ինստիտուտի մշակութային ծրագրերի շրջանակներում համագործակցելու համար։
Երևանում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում, «Գյոթե կենտրոնի» տոնական բացումն ուղեկցվեց «Երևան, իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի մեկնարկով, որը փակվեց 2018թ․ փետրվարի 22-ին՝ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ երեք ժամ տևած հանրային քննարկմամբ։ Ցուցահանդեսը Արևելյան Եվրոպա/Կենտրոնական Ասիա 2019/20 տարածաշրջանային նախագծի մի ստարտափ էր՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ուրբանիստիկային և ճարտարապետությանը և դրանց վրա գերմանական ու եվրոպական ազդեցությանը։ Ցուցահանդեսի համադրողներն էին Ռուբեն Արևշատյանն ու Գեորգ Շոլհամերը։
«Գյոթե կնտրոնում» առաջին իսկ միջոցառումն արդեն ցույց տվեց, որ այս նոր վայրը քաղաքում հանրությանը ձգող մագնիս կարող է դառնալ, երբ խոսքը տեղացիների պահանջների և իղձերի մասին է, և երբ դրանք գերմանացի ու եվրոպացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության են բերում։