Նոյեմբերը «Գյոթե կենտրոնում» ֆիլմերի ամիս է։ Մեր ծրագրում ընդգրկված են 5 կինոփառատոնների լավագույն գերմանական ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Երևանում ընթանում է ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կցուցադրվի Լոթե Ռայնիգերի «Արքայազն Ահմեդի արկածները» ֆիլմը։ Փառատոնի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել այստեղ։

Նոյեմբերի 6-ից մեկնարկում է Ռոլան 14-րդ միջազգային մանկապատանեկան կինոփառատոնը։ Մինչև նոյեմբերի 10-ը այս կապակցությամբ կցուցադրվեն հետևյալ գերմանական ֆիլմերը․

Դիրք Քումերի «Ավազ»-ը, որը պատմում է հետպատերազմյան Գերմանիայում երկու պատանիների ամուր ընկերության մասին։

Հանո Օլդերիսենի «Վենդի 2»-ը՝ մի գեղեցիկ պատմություն աղջկա և նրա ձիու մասին։

Լիկարիոն Վայնանայի «Սուպեր Մոդո»-ն՝ գերմանա-քենիական համատեղ արտադրության ֆիլմ, որտեղ հիվանդ աղջիկը կարողանում ի կատար ածել իր երազանքները։

Նոյեմբերի 12-ից 14-ը «Գյոթե կենտրոնը» կմեկնի Գյումրի, որտեղ կցուցադրի Ռոլան 14-րդ միջզգային մանկապատանեկան կինոփառատոնի, ՌեԱնիմանա փառատոնի և Ուջանում կայացած Ծիրանի ծառ կինոփառատոնի լավագույն գերմանական ֆիլմերը։ Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իսկ նոյեմբերի 15-ից մեկնարկում է ԿԻՆ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը։ Փառատոնի ընթացքում կցուցադրենք Գորիսում այս տարվա հուլիսին տեղի ունեցած կինոաշխատանոցի արդյունքները։ Պատվավոր հյուրն է Կոռնելիա Բայսլերը, ով ղեկավարում էր աշխատանոցը Գորիսում և ով ընդգրկված է ժյուրիի կազմում։ Փառատոնի մասին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։

Փառատոնային ամիսը կեզրափակի Երևանում, Գյումրիում և Դիլիջանում նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 4-ը կայանալիք Եվրոպական ֆիլմերի կինոփառատոնը։ Նոյեմբերի 21-ին «Մոսկվա» կիոնթատրոնում կցուցադրենք գերմանացի ռեժիսոր Մարտին Փեթցոլդի «Տրանզիտ» ֆիլմը։