Ցուցահանդես՝ Ռոզմարի Տրոկել

Փետրվարի 26-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում բացվեց գերմանացի ականավոր արվեստագետ Ռոզմարի Տրոկելի ցուցահանդեսը, որը ներկայացնում է Արտաքին կապերի ինստիտուտը (Institut für Auslandsbeziehungen)՝ Երևանում Գյոթե կենտրոնի  հետ համատեղ:

Ռոզմարի Տրոկելի այս ցուցահանդեսը Արտաքին կապերի ինստիտուտի կողմից Շտուտգարտում իրականացրած մենագրական ցուցահանդեսների ծրագրի մի մաս է կազմում։ Այդ ծրագրի մեջ էին մտնում նաև նախագծեր՝ նվիրված Զիգմար Պոլկեին, Գեորգ Բազիլիցին և Գերհարդ Ռիխտերին։ Սա, մի կողմից, խոսում է ժամանակակից արվեստի պատմության մեջ Տրոկելի զբաղեցրած դիրքի մասին, իսկ մյուս կողմից որոշ իմաստով վկայում է, որ իր տարեց գործընկերների հայացքները ելակետային են եղել նկարչուհու գաղափարների զարգացման հարցում։
80-ականների ժամանակակից արվեստի ասպարեզում, որպես կանոն, գերակշռում էին տղամարդիկ։ Սակայն Ռոզմարի Տրոկելը չէր ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ: Նա վստահությամբ հանրայնացնում է իր սեփական դիրքորոշումը՝ հանճարեղ նկարչի կերպարին հակադրելով կնոջ դերն ու նշանակությունը: Նրա աշխատանքներն արտացոլում են բացառապես կանացի տեսակետ և պահանջում են հիմնավոր կերպով քննադատել արվեստում գերիշխող համակարգը:
Քննադատական դիրքորոշման հետ մեկտեղ Ռոզմարի Տրոկելի աշխատանքները հանդես են գալիս որպես խոսուն, երևակայական կոնցեպտուալ կառուցվածքներ և վառ, համոզիչ ստեղծագործություններ: Արվեստագետին հաջողվում է հեգնանքով ու հումորով արտահայտել նույնիսկ ծանրաքաշ ինտելեկտուալ բեռը՝ խուսափելով դոգմատիկ հակադրություններից, անգամ՝ բանավեճից: Հումորն ու հեգնանքը նրան բավականաչափ հեռու են պահում բովանդակությունից, կարծես աշխատանքային գործընթացում Տրոկելն ինքն իր մեջքի հետևում է կանգնած՝ որպես ինքնաքննադատ դիտորդ: Նրան հաջողվում է ուղղակիորեն արտացոլել այն նախապաշարմունքներն ու կլիշեները, որոնց բախվում են կանայք թե´ հասարակության մեջ, թե´ արվեստի աշխարհում։ Նկարչուհին վերստեղծում է այդ նախապաշարմունքները՝ սրամտորեն բաշխելով համապատասխան թեմատիկ շեշտադրումները և վարպետորեն ընդգծելով դրանց հակասությունները:
Տրոկելն իր աշխատանքներում կիրառում է թե´ ավանդական և թե´ նորագույն արտահայտչամիջոցները՝ հնարավորություն ընձեռնելով խորը կապեր հաստատել դիտորդի հետ։ Դա հատկանշական է մասնավորապես տուշով, ածուխով ու մատիտով արված գործերում, կոլաժներում, համակարգչային էսքիզներում, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում նկարչուհու արվեստում։ Տրոկելը գծանկարներ է ստեղծում իր աշխատանքի բոլոր փուլերում․ դրանք հիմնականում էսքիզներ են, ինչպես նաև ստեղծագործական մտքերի ու գաղափարների գրառումներ։ Պետք է նշել, որ ինչպես հստակ երևում է նրա վերջին շրջանի մեծածավալ աշխատանքներից, Տրոկելի արվեստում գծանկարն առանձին, յուրահատուկ ուղղություն է։ Այդ իսկ պատճառով մեր ցուցահանդեսում վիդեո պերֆորմանսների հետ մեկտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ռոզմարի Տրոկելի գրաֆիկական աշխատանքները։

Համադրող՝ Գուդրուն Ինբոդեն

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյան

© Goethe-Zentrum Eriwan // ifa